Ձեր դաշտանային ցիկլը կարող է շատ բան ասել ձեր առողջության մասին: Իմացեք, թե ինչպես հետևել ձեր դաշտանային ցիկլին և ինչ անել անկանոնությունների դեպքում:
Գիտե՞ք, թե երբ է սկսվել ձեր վերջին դաշտանը կամ որքան է տևել այն: Եթե ոչ, գուցե ժամանակն է սկսել ուշադրություն դարձնել:
Դաշտանային ցիկլերին հետևելը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչն է ձեզ համար նորմալ: Դուք նաև կարող եք գրանցել ձեր ձվազատումը (օվուլյացիա) և գտնել կարևոր փոփոխություններ, օրինակ՝ բաց թողնված դաշտան կամ դաշտանային արյունահոսություն, որը նորմայից դուրս է: Չնայած դաշտանի խախտումները սովորաբար լուրջ չեն, երբեմն դրանք պայմանավորված են այլ առողջական խնդիրներով:
Ի՞նչ է դաշտանային ցիկլը
Դաշտանային ցիկլը փոփոխությունների ամենամսյա շարք է, որով անցնելով, օրգանիզմը պատրաստվում է հղիությանը: Ամեն ամիս ձվարաններից մեկը ձվաբջիջ է արձակում: Սա կոչվում է ձվազատում (օվուլյացիա): Հորմոնային փոփոխություններն այս պահին արգանդը նախապատրաստում են հղիությանը: Եթե ձվազատման ժամանակ ազատված ձվաբջիջը չի բեղմնավորվում, արգանդի լորձաթաղանթն արյան տեսքով թափվում է հեշտոցի միջով: Սա բուն դաշտի շրջանն է:
Ի՞նչն է նորմալ
Դաշտանային ցիկլը հաշվվում է դաշտանի առաջին օրվանից մինչև հաջորդի առաջին օրը։ Ցիկլը բոլորի համար նույնը չէ: Դաշտանային արյունահոսությունը կարող է տեղի ունենալ 21-35 օրը մեկ և տևել 2-ից 7 օր: Դաշտանների սկսվելուց հետո առաջին մի քանի տարիների ընթացքում երկար ցիկլերը սովորական են: Այնուամենայնիվ, տարիքի հետ դաշտանային ցիկլերը հակված են կարճանալու և դառնալու ավելի կանոնավոր:
Ձեր դաշտանային ցիկլը կարող է կանոնավոր լինել՝ մոտավորապես նույն տևողությամբ ամեն ամիս, կամ ինչ-որ չափով անկանոն: Ձեր դաշտանը կարող է լինել թեթև կամ առատ, ցավոտ կամ անցավ, երկար կամ կարճ, և դեռևս համարվի նորմալ: Լայն իմաստով, «նորմալն» այն է, ինչ բնորոշ է ձեզ:
Հղիության վերահսկման որոշ տեսակներ, ինչպիսիք են երկարացված ցիկլի հակաբեղմնավորիչ հաբերը և ներարգանդային միջոցները (ՆԱՄ), կփոփոխեն դաշտանային ցիկլը: Խոսեք ձեր բժշկի հետ այն մասին, թե ինչ է սպասվում:
Երբ մոտենում եք ձեր կյանքի այն շրջանին, երբ ձեր դաշտանային ցիկլերն ավարտվելու են, որը կոչվում է դաշտանադադար (մենոպաուզա), ձեր ցիկլը կարող է նորից անկանոն դառնալ: Այնուամենայնիվ, տարիքի հետ արգանդի քաղցկեղի ռիսկն աճում է, ուստի խոսեք ձեր բժշկի հետ, եթե դաշտանադադարի շրջանում ունեք ցանկացած տեսակի անկանոն արյունահոսություն:
Ինչպե՞ս հետևել իմ դաշտանային ցիկլին
Պարզելու համար, թե ինչն է ձեզ համար նորմալ, սկսեք օրացույցում գրանցել ձեր դաշտանային ցիկլը: Սկսեք՝ մի քանի ամիս շարունակ ամեն ամիս հետևելով ձեր դաշտանի մեկնարկի ամսաթվին: Սա թույլ կտա գնահատել ձեր դաշտանի կանոնավորությունը:
Եթե ձեզ անհանգստացնում են ձեր դաշտանները, ամեն ամիս հետևեք հետևյալ տվյալներին:
- Ավարտի ամսաթիվ. որքա՞ն է սովորաբար տևում ձեր դաշտանը: Արդյո՞ք այն սովորականից երկար է, թե՞ կարճ:
- Հոսք. գրանցեք ձեր արյունահոսության առատությունը: Արդյո՞ք այն սովորականից թեթև կամ առատ է թվում: Որքա՞ն հաճախ է պետք փոխել ձեր տամպոնը կամ միջադիրը: Դուք նկատե՞լ եք արյան մակարդուկներ:
- Արյունահոսության փոփոխություններ. ունե՞ք արդյոք արյունահոսություն դաշտանների միջև ընկած (միջդաշտանային) ժամանակահատվածում:
- Ցավ. նկարագրեք ձեր դաշտանի հետ կապված ցանկացած տեսակի ցավերը: Արդյո՞ք ցավը սովորականից ավելի անհանգստացնող է: Անսովոր չէ, երբ ձեր դաշտանի ընթացքում որոշակի ջղաձգումներ (սպազմեր) կամ ցավեր կան:
- Այլ փոփոխություններ. նկատե՞լ եք արդյոք ձեր տրամադրության կամ վարքագծի փոփոխություններ: Արդյո՞ք որևէ նոր բան տեղի չի ունեցել այն ժամանակ, երբ դուք փոփոխություններ եք նկատել ձեր դաշտաններում:
Ի՞նչը կարող է առաջացնել դաշտանային ցիկլի անկանոնություններ
Դաշտանային ցիկլի անկանոնությունները կարող են ունենալ տարբեր պատճառներ: Ահա հաճախ հանդիպող պատճառների մի քանի օրինակներ:
- Հղիություն կամ կրծքով կերակրում. բաց թողնված դաշտանը կարող է հղիության վաղ ախտանիշ լինել: Կրծքով կերակրումը սովորաբար հետաձգում է հղիությունից հետո դաշտանների վերականգնումը:
- Սնման խանգարումներ, կտրուկ քաշի կորուստ կամ չափից շատ ֆիզիկական ծանրաբեռնվածություն. սնման խանգարումները, ինչպիսիք են նյարդային անորեքսիան, քաշի կտրուկ կորուստը և բարձր ֆիզիկական ակտիվությունը կարող են ընդհատել ձեր դաշտանները:
- Պոլիկիստոզային ձվարանային համախտանիշ (ՊՁՀ). այս տարածված խանգարմամբ կանայք կարող են նշել անկանոն դաշտաններ: Նրանք նաև կարող են ունենալ մեծացած ձվարաններ, որոնք պարունակում են հեղուկի փոքր կուտակումներ, որոնք կոչվում են ֆոլիկուլներ և տեղակայված են յուրաքանչյուր ձվարանների մեջ: Այս ֆոլիկուլները կարելի է հայտնաբերել գերձայնային հետազոտության ժամանակ: Կանայք, ովքեր ունեն ՊՁՀ, հաճախ ավելի շատ ֆոլիկուլներ ունեն ձվարաններում, քան մյուսները:
- Վաղաժամ ձվարանային անբավարարություն. ձվարանների գործառույթի վաղաժամ ընկճումը վերաբերում է մինչև 40 տարեկանը ձվարանների սովորական գործունեության կորստին: Մարդիկ, ովքեր ունեն այս վիճակը, որը նաև հայտնի է որպես ձվարանների առաջնային անբավարարություն, կարող են տարիներ շարունակ ունենալ անկանոն կամ հազվադեպացած դաշտաններ:
- Կոնքի (փոքր կոնքի օրգանների) բորբոքային հիվանդություն. վերարտադրողական օրգանների այս վարակը կարող է առաջացնել անկանոն դաշտանային արյունահոսություն։
- Արգանդի ֆիբրոդներ (միոմաներ). սրանք արգանդում աճող ոչ քաղցկեղային գոյացություններ են: Արգանիդ միոմաները կարող են առաջացնել առատ և երկարատև դաշտաններ:
Ի՞նչ կարող եմ անել անկանոնությունները կանխարգելելու համար
Երբեմն հակաբեղմնավորիչ հաբերը կարող են օգնել անկանոն դաշտանային ցիկլն ավելի կանոնավոր դարձնելուն: Հղիության վերահսկման սարքերը, որոնք պարունակում են պրոգեստին, կարող են կրճատել դաշտանների առատությունը և թեթևացնել սպազմը: Ցանկացած խնդրի, օրինակ՝ սնման խանգարման բուժումը, որը կարող է առաջացնել այս անկանոնությունները, նույնպես կարող է օգնել: Այնուամենայնիվ, դաշտանային ցիկլի որոշ խախտումներ հնարավոր չէ կանխարգելել:
Բացի այդ, խոսեք ձեր բժշկի հետ, եթե՝
- ձեր դաշտանները հանկարծակի դադարում են ավելի քան 90 օրով, և դուք հղի չեք
- ձեր դաշտանները կանոնավոր լինելուց հետո դառնում են անկանոն:
- դուք արյունահոսում եք ավելի քան յոթ օր:
- դուք սովորականից ավելի առատ եք արյունահոսում կամ ստիպված եք ամեն մեկ-երկու ժամը մեկ փոխել մեկից ավելի միջադիր կամ տամպոն
- ձեր ցիկլերը 21 օրից կարճ են կամ 35 օրից ավելի երկար
- դուք արյունահոսում եք դաշտանների միջև
- ձեր դաշտանի ընթացքում ուժեղ ցավ է առաջանում:
- տամպոններ օգտագործելուց հետո հանկարծակի ջերմություն եք ունենում և վատառողջ եք զգում:
Հիշեք, որ ձեր դաշտանին հետևելը կարող է օգնել պարզելուն, թե ինչն է ձեզ բնորոշ (նորմալ) և ինչը ոչ: Եթե ունեք ձեր դաշտանային ցիկլի հետ կապված հարցեր կամ մտահոգություններ, խոսեք ձեր բժշկի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-05-2024
Վերջին վերանայում՝ 03-05-2024