Դաշտանը յուրաքանչյուր կնոջը հատուկ վիճակ է: Այս տեղեկատվությունը կարող է օգնել ձեզ՝ լիարժեք պատկերացում կազմելու ձեր դաշտանային ցիկլի մասին:
Ի՞նչ է դաշտանը
Դաշտանը կնոջ մոտ ամիսը մեկ անգամ ի հայտ եկող հեշտոցային արյունահոսությունն է, որը հանդիսանում է դաշտանային ցիկլի նորմալ բաղկացուցիչ փուլերից մեկը: Այն հայտնի է նաև որպես «ամսական» (մենստրուացիա):
Դաշտանային ցիկլի ընթացքում հորմոնների ազդեցության ներքո ձեր արգանդի լորձաթաղանթը հաստանում և նախպատրաստվում է հնարավոր հղիության վիճակին: Նույն հորմոնները նաև մասնակցում են ձվարանի կողմից ձվաբջջի առաջացմանը, որը հայտնի է որպես ձվազատում (օվուլյացիա) և բեղմնավորված ձվաբջջի արգանդում ներդրմանը:
Եթե հղիությունը բացակայում է, դաշտանը սկսվում է ձվազատումից մոտավորապես երկու շաբաթ հետո: Դաշտանի ընթացքում արգանդի լորձաթաղանթը (էնդոմետրիում) շերտազատվում և թափվում է՝ առաջ բերելով արյուն, որն էլ արգանդից հեռանում է պարանոցի վզիկի բացվածքով և հեշտոցով:
Դաշտանները կարող են լինել մեղմ կամ առատ, իսկ դաշտանային արյան գույնը՝ սկսած բաց կարմիրից մինչև մուգ շագանակագույն: Արյունային արտադրության հետ միասին հեշտոցից կարող են արտահոսել նաև մանր մակարդուկներ:
Որոշ կանանց մոտ մինչև դաշտանի սկսվելը և վերջինիս ընթացքում կարող են ի հայտ գալ մի շարք գանգատներ, այդ թվում՝
- որովայնի ստորին շրջաններում կծկանքներ (սպազմ) կամ ցավեր
- մեղմ վքնածություն կամ մետեորիզմ (որովայնի փքվածության զգացում)
- մինչև դաշտանի սկսելը՝ փորկապություն
- դաշտանը սկվելուց հետո՝ փորլուծություն
- ակնե (ուգրի, կորյակ)
- թուլություն և հոգնածության զգացում։
Ե՞րբ են դաշտանները սովորաբար սկսվում
Աղջիկներն իրենց առաջին դաշտանը՝ մենարխեն տեսնում են սեռահասունացման ընթացքում: Ավելի հաճախ, դա տեղի է ունենում 12 կամ 13 տարեկանում, սակայն որոշ դեպքերում դաշտանը կարող է սկսվել ավելի վաղ՝ 9 տարեկանում կամ ավելի ուշ՝ 16-ում:
Դաշտանի հետ կապված ի՞նչ խնդիրներ կարող եք ունենալ
Դաշտանի հետ կապված խնդիրները ներառում են՝
- առատ արյունահոսություն (մենոռեա)
- դաշտանային ցավեր կամ կծկանքներ (դիսմենոռեա)
- անկանոն դաշտան, երբ դաշտանների սկիզբը և տևողությունը դառնում է անկանխատեսելի
- դաշտանի բացակայություն (ամենորեա)
- նախադաշտանային (պրեմենստրուալ) համախտանիշ, որը որոշ կանանց մոտ դրսևորվում է դյուրագրգռությամբ և տրամադրության անկումով:
Ե՞րբ են դաշտանները ընդհատվում
Դաշտաններն ընդհատվում են հղիության ընթացքում և հաճախ՝ կրծքով կերակրման շրջանում: Սա կոչվում է ֆիզիոլոգիական ամենորեա:
Որոշ կանանց մոտ դաշտանները կարող են ընդհատվել երկարատև ընթացքով քրոնիկ հիվանդությունների, մարմնի պակասորդային քաշի, ծանր սթրեսների, ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունների և հորմոնային փոփոխությունների պատճառով: Սա կոչվում է երկրորդային ամենորեա:
Որոշ դեղեր, օրինակ՝ հորմոնային հակաբեղմնավորիչները, նույնպես կարող են ընդհատել դաշտանները: Նման դեպքերում ձեր ցիկլը կարող է վերականգնվել այս հաբերն ընունելը դադարեցնելուց բավականին ուշ:
Դաշտաններն ընդհանրապես դադարում են, երբ կանայք հասնում են դաշտանադադարի տարիքի (մենոպաուզա կամ կլիմաքս)՝ միջինը 51-52 տարեկանում:
Ե՞րբ դիմել բժշկին
Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե՝
- դուք 16 տարեկան կամ ավելի մեծ եք, սակայն ձեր դաշտանային ցիկլերը դեռ չեն սկսվել
- ձեր դաշտանները դարձել են առատ (մենոռագիա)
- ձեր դաշտանները շատ են մոտեցել իրար կամ շատ են հեռացել միմյանցից
- ձեր դաշտաններն ընդհատվել են, և դուք տեղյակ չեք, թե ինչու (ամենորեա)
- ձեզ մոտ առկա է հեշտոցային արյունահոսություն դաշտանների միջև ընկած ժամանակաշրջանում (դաշտանից դուրս)
- ձեզ մոտ առկա է սեռական հարաբերության ընթացքում կամ դրան հաջորդող հեշտոցային արյունահոսություն
- ձեզ մոտ առկա է հեշտոցային արյունահոսություն դաշտանադադարից հետո
- ձեզ մոտ առկա են դաշտանային ուժեղ ցավեր կամ կծկանքներ (դիսմենոռեա):
Այս ամենից բացի, դուք կարող եք ձեր բժշկին այցելել դաշտանի հետ կապված ցանկացած հարցով, հատկապես, եթե այն ազդում է ձեր ինքնազգացողության և կյանքի որակի վրա:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-04-2018
Վերջին վերանայում՝ 27-04-2024