Հոգեկան առողջության խնդիրները ոչ միշտ են հեշտությամբ կամ անմիջապես հայտնաբերվում։
Այսպես, եթե ձեր ընկերոջ կամ սիրելիի հետ «մի բան այն չէ», ինչպե՞ս հասկանալ՝ դա զուտ տրամադրության անկո՞ւմ է, թե՞ ավելի լուրջ խնդիր։ Ալկոհոլ շատ խմելը, երեկույթներից խուսափելը, հանկարծակի զայրանալը, սննդից չհագենալը կամ սննդից զրկելը՝ բոլորն էլ մարդու վարքագծային, մտածողության կամ զգացմունքների դրսևորումներ են։ Սակայն ինչպե՞ս «նորմալը» տարբերել «շեղումից», առավել ևս, որ ըստ տարբեր տվյալների հինգ մարդուց մեկի մոտ առկա է հոգեկան առողջության որևէ խնդիր։
Հոգեկան խնդիրները հաճախ արտահայտվում են ոչ թե կոնկրետ մեկ նշանով (ախտանիշ), այլ՝ տարբեր դրսևորումների համակցությամբ (համախտանիշ)։ Ձեզ ենք ներկայացնում 9 նշաններ, որոնք կօգնեն, որ ձեզ մոտ կամ ձեր հարազատի մոտ կասկածեք հոգեկան առողջության որևէ խնդիր։
1. Անհանգստություն կամ տագնապի զգացում
Մենք բոլորս էլ ժամանակ առ ժամանակ անհանգստանում կամ սթրեսի ենք ենթարկվում։ ՍՍակայն անհանգստություն կարող է դառնալ որևէ հոգեկան խնդրի ախտանիշներից մեկը, եթե այն մշտական է և դրսևորվում է ոչ համարժեք իրավիճակներում։ Անհանգստության և տագնապի այլ նշաններից են՝ սրտխփոցի զգացում, հևոց, գլխացավ, շարժողական անհանգստություն, փորլուծություն կամ մտածողության արագացում։
2. Դեպրեսիա կամ դժբախտ լինելու զգացում
Նկատե՞լ եք երբևէ, որ ձեր ընկերը կորցրել է նախկինում իր սիրած զբաղմունքի նկատմամբ հետաքրքրությունը։ Եթե վերջին երկու շաբաթվա կամ ավելի երկար ժամանակահատվածում նա մշտապես տխուր կամ գերգրգռված է, կորցրել է իր նախկին աշխուժությունը, կենսաուժը և շարժառիթներն ու հաճախ լացակումաց աչքերով է, հավանաբար, ունի դեպրեսիա։
3. Հուզական պոռթկումներ
Յուրաքանչյուր մարդ կարող է լինել ուրախ կամ տխուր, սակայն տրամադրության հանկարծակի և կտրուկ փոփոխությունները, օրինակ՝ անբացատրելի զայրույթ, կարող է լինել հոգեկան հիվանդության ախտանիշներից մեկը։
4. Քնի խնդիրներ
Ընդհանուր առմամբ, մենք օրական 7-9 ժամ անցկացնում ենք քնած վիճակում։ Երբ մարդու քնի սովորույթը կայուն կերպով փոփոխվում է, դա կարող է նշանակել որևէ հոգեկան հիվանդության առկայության մասին։ Օրինակ, անքնությունը կարող է լինել տագնապային խանգարման կամ ապօրինի թմրամիջոցների օգտագործման հետևանքներից մեկը։ Չափից դուրս շատ կամ քիչ քունը կարող է վկայել դեպրեսիայի կամ քնի խանգարումների մասին։
5. Մարմնի քաշի կամ ախորժակի փոփոխություններ
Մեզնից շատերը ցանկանում են մի քանի կիլոգրամով նիհարել, սակայն որոշ մարդկանց մոտ մարմնի քաշի տատանումները կամ կտրուկ անկումը կարող են լինել որոշ հոգեկան հիվանդությունների առկայության մասին հուշող նխախտնիշներից մեկը (օրինակ՝ դեպրեսիա կամ սնման խանգարումներ)։ Հոգեկան խանգարումները կարող են ազդել նաև ախորժակի վրա։
6. Լռակյաց կամ ինքնամփոփ վիճակ
Մենք բոլորս էլ ցերեկային ժամերին կարող ենք լինել լուռ, ամփոփվենք մեր մտքերի մեջ կամ կտրվենք աշխարհից։ Սակայն մշտական ինքնամեկուսացումը և առօրյա կյանքից օտարումը կարող են վկայել հոգեկան առողջության խնդրի մասին։ Եթե ձեր ընկերը կամ սիրելին պարբերաբար ինքնամփոփվում, ինքնամեկուսանում և հրաժարվում է նախկին շփումներից, ապա կարող է ունենալ դեպրեսիա, բիպոլյար խանգարում կամ մեկ այլ հոգեկան խանգարում։
7. Ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործում
Մտահոգվա՞ծ եք, որ ձեզ հարազատ մարդը չափից դուրս շատ ալկոհոլ է օգտագործում։ Երբեմն մարդիկ ալկոհոլ կամ թմրամիջոցներ օգտագործում են, որ մեղշացնեն իրենց հոգեկան խնդիրները։ Այլ դեպքերում, ալկոհոլը և թմրամիջոցներն իրենք կարող են դառնալ հոգեկան առողջության խնդիրների, նույնիսկ ծանր հոգեկան խանգարման պատճառ։
8. Մեղավորության և անօգուտ լինելու զգացում
Այնպիսի մտքերը, ինչպիսիք են՝ «ես տապալվել եմ», «սա իմ սխալն է» կամ «ես ոչ մեկին օգուտ չեմ կարող տալ», հատկապես եթե ստանում են մշտական բնույթ, կարող են լինել դեպրեսիայի ախտանիշներից մեկը։ Ձեր ընկերը կամ սիրելին կարող է օգնության կարիք ունենալ, եթե հաճախակի ինքն իրեն քննադատում կամ մեղադրում է։ Ծանր դեպքերում մարդը կարող է նույնիսկ ինքն իրեն վնասել կամ ինքնասպանության փորձ կատարել։ Սա նշանակում է, որ տվյալ մարդու մոտ կարող է լինել սուիցիդալ խանգարում ևնրա կյանքը փրկելու համար գուցե անհրաժեշտ լինի զանգել 1-03 և կանչել շտապ օգնություն։
9. Վարքագծերի կամ զգացողությունների փոփոխություններ
Հոգեկան խանգարումը կարող է սկսվել մարդու զգացողությունների, մտածողության կամ վարքագծերի զգալի փոփոխություններով։ Եթե զգում եք, որ ձեր դիմացինի մոտ ինչ-որ մի բան «ճիշտ չէ», զրուցեք նրա հետ հնարավոր օգնության մասին։
Հոդվածը հրապարակվել է՝ 08-05-2018
Վերջին վերանայում՝ 30-04-2024