Ակնեն (կորյակ, պզուկ) համարվում է դեռահասների խնդիր, քանի որ ավելի հաճախ է հանդիպում այս տարիքում:
Պզուկների առաջացման մասին կան և՛ հավաստի, և՛ կեղծ տեղեկություններ: Բժիշկների մեծ մասը պատանիների և աղջիկների մոտ մաշկային այս խնդրի ի հայտ գալը կապում է սեռահասունացման հետ: Դրա կողքին, պզուկների առաջացման պատճառների մասին կարող եք նաև կարդալ կամ լսել ոչ հավաստի և չապացուցված տեսակետներ կամ պնդրումներ: Ահա դրանցից մի քանիսը:
- Սնունդ. չնայած համընդհանուր համոզմունքին, որևէ ապացույց չկա, որ յուղոտ կամ կծու կերակուրները, շոկոլադը կամ կարագը կարող են դառնալ ակնեի պատճառ: Իհարկե, մարդիկ կարող են նշել, որ նմանատիպ սննդատեսակները կարող են ծանրացնել արդեն իսկ առկա պզուկների խնդիրը: Բոլոր դեպքերում, եթե կարծում եք, որ որևէ սննդատեսակ սրացնում է պզուկների հետ կապված խնդիրը, պարզապես փորձեք մի քանի օր հրաժարվել այդ սննդակարգից, մինչև ակնեն լիարժեքորեն կլավանա:
- Բուժում սննդակարգով. որոշ ապացույցներ կան, որ շաքար (ածխաջրատներ) քիչ պարունակող և խոհարարական մշակման չենթարկված (օրինակ՝ չտապակած) սնունդը կարող է օգնել պզուկների ինքնուրույն վերացմանը: Իհարկե, սա կարող է օգտակար լինել, սակայն բնավ չի նշանակում, որ կարելի է ակնեն բուժել միայն սննդակարգը փոփոխելով: Հիշեք, որ բոլոր դեպքերում մաշկաբանի խորհուրդները և նշանակումները մնում են ակնեի բուժման լավագույն տարբերակը:
- Մաշկի հիգիենա. որոշ մարդիկ հավատում են, որ ակնեի պատճառը վատ անձնական հիգիենան է, մինչդեռ իրականում սա ճիշտ միտք չէ: Եվ ոչ էլ պզուկի առկայությունը վկայում է տվյալ մարդու կողմից լավ հիգիենա չպահելու մասին: Եթե դեմքին պետք է պզուկ է «բուսնի», որևէ կապ չունի՝ մաքուր եք պահում ձեր դեմքի մաշկը, թե ոչ: Ավելին, դեմքն օճառաջրով հաճախակի լվանալը կարող է ավելի վատացնել առաջացնել ակնեի բռնկում, քանի որ դրանով դուք մաքրում եք ձեր մաշկի պաշտպանական շերտը և գրգռում մաշկը:
- Շպար (կոսմետիկա). տարածված համոզմունքին հակառակ, որևէ ապացույց չկա, որ դիմահարդարումը կարող է պզուկային ցանավորման պատճառ դառնալ: Իհարկե, որքան քիչ հպվեք ձեր դեմքի մաշկին, այդքան ավելի քիչ բակտերիա կտարածեք դեպի դեմքի այլ շրջաններ: Ուստի, կարելի է դիմահարդարումից առաջ լավ լվանալ ձեռքերը, իսկ գիշերային քնից առաջ հեռացնել դեմքի շպարը:
Եթե անհանգստացած եք դեմքի և մարմնի այլ մասերում պարբերաբար հայտնվող պզուկներից, դիմեք մաշկաբանին, ով կնշանակի ճիշտ բուժում և հոգ կտանի, որ դրանք ձեզ այլևս չանհանգստացնեն:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-04-2018
Վերջին վերանայում՝ 30-04-2024