Ձեր երեխայի մոտ ավելորդ քաշ նկատելիս կարող եք մի քանի պարզ քայլերով օգնել նրա քաշի նորմալացմանը:
Առողջ քաշի պահպանումը պետք է սկսել մանկական տարիքից, քանի որ երեխայի ավելորդ քաշը, առավել ևս, գիրությունը կարող են բացասաբար անդրադառնալ ինչպես նրա ընթացիկ, այնպես էլ ապագա առողջության վրա: Ավելորդ քաշ ունեցող երեխաներն ավելի մեծ հավանականությամբ կարող են չափահաս տարիքում դառնալ գեր, ինչն իր հերթին կապված է առողջական տարբեր խնդիրների ռիսկի բարձրացման հետ:
Եթե ձեր երեխան գեր է, ապա քայլեր ձեռնարկելու ժամանակն է:
Քայլեր՝ ուղղված երեխայի քաշի առողջացմանը
Կան քայլեր, որոնք դուք որպես ծնող կարող եք սկսել, քանի դեռ ձեր երեխայի ավելորդ քաշը չի դարձել լուրջ խնդիր:
Եթե ձեր երեխան ունի ավելորդ քաշ և որևէ հիվանդություն, ճիշտ կլինի նախ դիմել նրա բժշկին, ով իր խորհուրդներով և մշտական հսկողությամբ կարող է օգնել ձեզ:
Հիշեք, որ պարտադիր չէ, որ երեխաների աճն ուղեկցվի նրա քաշի կորստով: Եթե նույնիսկ համոզված եք, որ երեխայի ավելորդ քաշը «կվերափոխվի» հասակի, միևնույն է, նրա առողջ նիհարումը թե կխանգարի, այլ կօգնի, որ ձեր տղայի կամ աղջկա նախա- և սեռահասունացումն ընթանան հարթ:
Փոխվեք՝ որպես ընտանիք
Առողջ և հավասարակշռված սննդակարգը, ինչպես նաև ֆիզիկական ակտիվ ապրելակերպը ձեր երեխայի քաշն առողջացնող երկու հիմնական ուղղություններն են:
Սակայն դժվար է պատկերացնել այնպիսի մի իրավիճակ, երբ դուք ընտանիքում չեք հետևում ձեր առողջության պահպանման այս երկու սկզբունքներին, սակայն պատրաստվում եք դա կիրառել ձեր երեխայի համար:
Փոխել պետք է ոչ թե ձեր երեխային՝ առանձին վերցրած, այլ փոխվել պետք է ողջ ընտանիքով: Սա թույլ կտա, որ ձեր երեխան լցվի շարժառիթներով և փոխադարձաբար մոտիվացվեք նաև դուք:
Առողջ սննդակարգ
Կանոնավոր կերպով ամբողջ ընտանիքով սեղան նստելը և առողջ սնունդ ընդունելը ձեր ընտանիքի սննդակարգն առողջ դարձնելու առաջին քայլն է: Կերակուրները պատրաստեք տանը, այլ ոչ թե պատվիրեք պատրաստի կամ կիսապատրաստ կերակուրներ, քանի որ դրանք սովորաբար հավելյալ ճարպ և շաքար են պարունակում:
Սննդակարգն առողջացնելու հրաշալի մեթոդ է այսպես կոչված «փոխարինման մեթոդը», երբ, օրինակ, դուք ընտանեկան երեկոյին մատուցում եք ոչ թե ճարպերով կամ շաքարներով հարուստ շոկոլադ, թխվածք, քաղցրավենիքներ և ոչ ալկոհոլային ըմպելիքներ, այլ դրանց փոխարեն առաջարկում եք մրգեր և այլ առողջ սննդամթերքներ:
Իհարկե, սա չի նշանակում, որ դուք ձեզ և ձեր երեխային պետք է զրկեք ամեն ինչից: Նախ, առողջ սննդակարգը կազմված է ձեզ հայտնի և գուցե անհայտ բազմատեսակ մթերքներից, որոնց տարբեր զուգակցումները կարող են ձեր սեղանը դարձնել ավելի բազմազան, հետաքրքիր ու գրավիչ: Երկրորդը, երեկույթների և այլ առիթների դեպքում բացառություններ կարող են արվել, բայց դրանք պետք է լինեն միայն հազվադեպ բացառություններ և ոչ ավելին:
Ֆիզիկական ակտիվություն
Ակտիվ ֆիզիկական ապրելակերպն իր հերթին օգնում է, որ մարմնի ավելորդ ճարպն «այրվի»՝ փոխարենը զարգացնելով մկանները: Երեխայի ֆիզիկական ակտիվության չափը կախված է նրա տարիքից: Բնական է, որ ավելորդ քաշով երեխաները պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեն ֆիզիկական վարժանքներին, քան նույն տարիքի ավելի ցածր քաշով երեխաները:
Երեխայի ֆիզիկական ակտիվությունը կարող եք մեծացնել նաև «կողմնակի» ճանապարհով՝ պարզապես նվազեցնելով նրա ոչ ակտիվ զբաղվածության ժամանակը, օրինակ՝ համակարգչային խաղերով տարվելը կամ ժամեր շարունակ հեռուստացույց դիտելը:
Ժամանակակից ուղեցույցներով երեխաների՝ էկրանի դիմաց անցկացվող ժամանակի համար խորհուրդ է տրվում, որ՝
- մինչև 2 տարեկան երեխաներն ընդհանրապես պետք է հեռուսատույց դիտելու կամ էլկտրոնային մեդիա օգտագործելու վրա որևէ ժամանակ չանցկացնեն (DVD-ներ, համակարգչային և այլ էլեկտրոնային խաղեր, բջջային խաղեր և այլն)
- 2-5 տարեկան երեխաներն օրվա մեջ ոչ ավելի, քան 1 ժամ կարող են զբաղվել հեռուստացույց կամ էլեկտրոնային այլ մեդիա դիտելով
- մինչև 5 տարեկան երեխաները օրվա ընթացքում ֆիզիկապես ոչ ակտիվ կարող են շարունակաբար մնալ ամենաշատը 1 ժամ՝ չհաշված քնի ժամերը:
Ամփոփում
Հիշեք, որ մանկական տարիքում ձևավորված սովորույթները կարող են արմատավորվել և շարունակվել չափահաս տարիքում: Ուստի, այս հարցերին ուշադրություն դարձնելով հիմա, դուք կօգնեք ձեր երեխային, որ չափահաս տարիք մտնի ավելի առողջ սովորույթներով և ապրելակերպով:
Եթե, այնուամենայնիվ, երեխայի ապրելակերպն առողջացնելու ճանապարհին դժվարությունների եք հանդիպում, զրուցեք այս թեմայով հետևյալ մասնագետների հետ՝
- մանկաբույժ
- դիետոլոգ
- հոգեբան:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2018
Վերջին վերանայում՝ 30-04-2024