Ծանոթացեք օրգանական մթերքների տարբերակիչ առանձնահատկություններին, օգտակարությանն ու անվտանգությանը:
Եթե մի ժամանակ օրգանական սննդամթերքներ կարելի էր գտնել միայն առողջ սննդի վաճառքի կետերում, այժմ դրանք մատչելի են բազմաթիվ խանութներում և սուպերմարկետներում։ Եվ սա բերում է ճիշտ ընտրություն կատարելու որոշ դժվարությունների։
Օրինակ, բանջարեղենի կրպակում կարող եք գնել խնձոր, որն աճեցվել է սովորական (դասական) մեթոդներով։ Կամ կարող եք փորձել օրգանական խնձոր։ Երկուսն էլ պինդ, փայլուն և կարմիր են։ Երկուսն էլ վիտամինների և բջջանքի (բջջանյութի) լավ աղբյուրներ են։ Եվ երկուսն էլ չեն պարունակում ճարպեր, աղ կամ խոլեստերին։ Ո՞ր տարբերակն ընտրել։
Ծանոթացեք փաստերին, որ ձեր գնումները դառնան իրազեկված։
Ի՞նչ է օրգանական գյուղատնտեսությունը
«Օրգանական» տերմինն այն մասին է, թե ինչպես են աճեցվում և մշակվում գյուղատնտեսական արտադրանքները՝ մրգեր, բանջարեղեն, հացահատիկային մշակաբույսեր, կաթնամթերք, օրինակ՝ կաթ և պանիր, ինչպես նաև միս։ Օրգանական գյուղատնտեսության գործընթացները կազմակերպվում են այնպես, որ բավարարեն հետևյալ պահանջները՝
- հողի և ջրի որակի բարելավում
- աղտոտիչների հնարավորինս կրճատում
- գյուղատնտեսական կենդանիների բուծման համար անվտանգ, առողջ և բնական կենսամիջավայրի ապահովում
- ֆերմայի ռեսուրսների ինքնավերականգնման գործընթացների խթանում։
Ի լրումն, օրգանական գյուղատնտեսության մեջ չի թույլատրվում կիրառել որոշակի նյութեր և մեթոդեր, այդ թվում՝
- արհեստական (սինթետիկ) պարարտանյութեր՝ հողը բերրիացնելու (սննդանյութեր ավելացնելու) համար
- կոյուղաջրեր կամ կեղտաջրեր՝ որպես պարարտանյութ օգտագործելու համար
- արհեստական միջատասպանների (պեստիցիդների) մեծ մասը՝ ուղղված վնասատուների դեմ
- ճառագայթում՝ մթերքները պահպանելու կամ հիվանդություններից ու վնասատուներից մաքրելու համար
- գենետիկ տեխնոլոգիաներ՝ մշակաբույսերի գենետիկ կառուցվածքը փոփոխելու համար (գենային ինժեներիա), որը կարող է բարձրացնել հիվանդությունների և վնասատուների դեմ բույսերի դիմադրողականությունը կամ բարելավել բերքատվությունը
- հակաբիոտիկներ և աճի հորմոններ, որոնք կարող էին տրվել բուծվող կենդանիներին։
Մշակաբույսերի աճեցման մեջ օրգանական գյուղատնտեսական նյութերը կամ մեթոդները կարող են ներառել՝
- հողամասում թողված բուսական մնացուկներ (կանաչ գոմաղբ), բուծվող կենդանիների գոմաղբ կամ կոմպոստ՝ հողի որակը բարելավելու համար
- բույսերի հաջորդական փոխարինում՝ հողի որակի պահպանման և վնասատուների և հիվանդությունների զարգացման ցիկլը կտրելու համար
- ծածկող մշակաբույսեր, որոնք կանխում են հողի մաշումը (էրոզիա), երբ հողամասերը չեն օգտագործվում, ինչպես նաև բարելավում են հողի որակը
- ցանքածածկ (մոլչ, մուլչա)՝ մոլախոտերի դեմ պայքարելու համար
- միջատներ կամ միջատների թակարդներ՝ վնասատուների դեմ պայքարելու համար
- որոշ բնական թունաքիմիկատներ և մի քանի սինթետիկ թունաքիմիկատներ, որոնք հաստատված են օրգանական գյուղատնտեսության համար և կարող են օգտագործվել խիստ հազվադեպ՝ միայն որպես վերջին ընտրություն և համաձայնեցված վերահսկող պետական մարմնի հետ (օրինակ, ԱՄՆ-ում՝ USDA-ի օրգանական հավաստագրող գործակալություն):
Անասնապահության մեջ օրգանական գյուղատնտեսական նյութերը կամ մեթոդները կարող են ներառել՝
- բուծվող կենդանիների համար առողջ կենսապայմաններ և ֆերմայից դուրս տարածքների հասանելիություն
- կանաչ սեզոնի ընթացքում բուծվող կենդանիների սննդային կարիքների առնվազն 30%-ի ապահովում արոտավայրերի միջոցով
- օրգանական սնունդ կենդանիների համար
- պատվաստումներ՝ վարակային հիվանդություններից պաշտպանվելու համար։
Օրգանական է, թե՞ ոչ. ստուգե՛ք պիտակը
Զարգացած երկրների գյուղատնտեսության նախարարությունները, օրինակ՝ ամերիկյան USDA-ն սահմանել են օրգանական հավաստագրման ծրագրեր, որոնք պահանջում են, որ բոլոր տեսակի օրգանական մթերքները համապատասխանեն պետական խիստ չափորոշիչներին (ստանդարտներ)։ Այս ստանդարտները վերահսկում են, թե ինչպես է նման մթերքն աճեցվում կամ բուծվում, ստացվում և մշակվում: Նույնը վերաբերվում է օրգանական մթերքի պիտակավորմանը և հավաստագրման նշանին։
Ըստ ամերիկյան ստանդարտների, մթերքը կարող է լինել՝
- 100% օրգանական
- օրգանական, որի բաղադրիչների առնվազն 95%-ը, բացառությամբ հողի և ջրի, հավաստագրված են որպես օրգանական
- օրգանական պատրաստված, երբ օրգանական բաղադրիչների մասնաբաժինը կազմում է առնվազն 70% է
- օրգանական բաղադրիչներով, երբ նույն ցուցանիշը մինչև 70% է։
Հայաստանում օրգանական հավաստագրումը դեռ լիարժեք չի գործում:
Արդյո՞ք «օրգանականը» նույն բանն է, ինչ «բնականը»
Ոչ, «բնականը» և «օրգանականը» տարբեր հասկացություններ են։ Ընդհանուր առմամբ, «բնականը» նշանակում է, որ մթերքը չի պարունակում արհեստական (սինթետիկ) գույներ, հոտեր կամ կոնսերվանտներ։ Այն չի ենթադրում մթերքի կամ դրա բաղադրիչների աճեցման կամ պատրաստման մեջ օգտագործվող նյութերի կամ մեթոդների համար սահմանված չափորոշիչների պահպանում։
Նաև ուշադիր եղեք, երբ ծանոթանում եք սննդամթերքի պիտակին։ Օրինակ, այն, որ տվյալ մթերքը հորմոն չի պարունակում, դեռ չի նշանակում, որ համապատասխանում է օրգանական հավաստագրման բոլոր մյուս չափորոշիչներին։
Օրգանական մթերք. արդյո՞ք ավելի անվտանգ կամ ավելի սննդարար է
Որոշ տվյալներ վկայում են օրգանական սննդամթերքի հնարավոր առողջական օգուտների մասին, երբ համեմատվում են սովորական (դասական) մեթոդների օգտագործմամբ աճեցված նույն մթերքների հետ: Այս հետազոտությունները ցույց են տվել այս երկու տեսակի մթերքների միջև որոշակի տարբերություններ: Սակայն տվյալներն այն մասին, թե ինչպես կարող են այդ տարբերություններն ազդել ընդհանուր առողջական օգուտների մասին, մնում են սահմանափակ:
Օրգանական մթերքների հնարավոր առավելություններից մի քանիսը ներառում են հետևյալը:
- Սննդանյութեր. հետազոտությունները ցույց են տվել օրգանական արտադրանքում որոշակի սննդանյութերի փոքր կամ չափավոր աճ: Օրգանական արտադրանքը կարող է ավելի շատ պարունակել որոշակի հակաօքսիդանտներ և ֆլավոնոիդների տեսակներ, որոնք ունեն հակաօքսիդանտային հատկություններ:
- Օմեգա-3 ճարպաթթուներ. օրգանական գյուղատնտեսական կենդանիների (անասունների) կերակրման պահանջները (օրինակ՝ խոտով և առվույտով կերակրելը) սովորաբար առաջացնում են օմեգա-3 ճարպաթթուների ավելի բարձր մակարդակ: Օմեգա-3 ճարպաթթուները ճարպի մի տեսակ է, որն ավելի առողջարար է սրտի համար, քան մյուս ճարպերը: Օմեգա-3 ճարպաթթուների ավելի մեծ քանակներ հայտնաբերում են օրգանական մսի, կաթնամթերքի և ձվի մեջ:
- Թունավոր (տոքսիկ) մետաղներ. կադմիումը թունավոր քիմիական նյութ է, որը բնականում առկա է գտնվում է հողում և կլանվում է բույսերի կողմից: Հետազոտությունները ցույց են տվել, որ օրգանական հացահատիկային մշակաբույսերը (բայց ոչ` մրգերը և բանջարեղենը) պարունակում են կադմիումի շատ ավելի ցածր մակարդակ՝ համեմատած սովորական (դասական) մեթոդներով աճեցված մշակաբույսերի հետ: Օրգանական հացահատիկներում կադմիումի ցածր մակարդակը կարող է կապված լինել օրգանական գյուղատնտեսության մեջ արհեստական (սինթետիկ) պարարտանյութերի արգելքի հետ:
- Թունաքիմիկատների (պեստիցիդների) մնացորդներ. սովորական (դասական) մեթոդներով աճեցված արտադրանքի համեմատ, օրգանական աճեցված արտադրանքը թունաքիմիկատների մնացորդի ավելի ցածր մակարդակ ունի:
- Բակտերիաներ. սովորական (դասական) մեթոդներով արտադրված միսը կարող է ավելի մեծ քանակությամբ վտանգավոր տեսակի բակտերիաներ պարունակել, որոնք հնարավոր չէ բուժել հակաբիոտիկներով: Օրգանական սննդամթերքի բակտերիաներով վարակվելու ընդհանուր ռիսկը նույնն է, ինչ սովորական մթերքներինը:
Ունի՞ արդյոք օրգանական արտադրանքը բացասական կողմեր
Օրգանական սննդի հետ կապված ամենամեծ մտահոգություններից մեկը թերևս լրացուցիչ ծախսերն են: Օրգանական սննդամթերքները հաճախ ավելի թանկ արժեն, քան նմանատիպ մթերքները՝ աճեցված սովորական (դասական) մեթոդները: Ավելի բարձր գները մասամբ պայմանավորված են ավելի թանկարժեք գյուղատնտեսական մեթոդներով:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-04-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024