Երբևէ մտածել եք, թե դեղատուփերի վրա նշված պիտանելիության ժամկետն իրականում ինչ է նշանակում:
Օրինակ, կարելի՞ է արդյոք օգտագործել մի քանի օրով ժամկետն անցած որևէ դեղ: Ի՞նչ ռիսկերի հետ է կապված ժամկետանց դեղերի օգտագործումը. խոսքը միայն բուժական ազդեցության հնարավոր թուլացման մասի՞ն է, թե՞ կան այլ վտանգներ ևս:
Պիտանելիության ժամկետներ
Երբ դեղերն արտադրվում են, օրենքի պահանջով նրանց տրվում են պիտանելիության ժամկետներ: Պիտանելիության ժամկետն այն ամսաթիվն է, որից հետ դեղը կարող է չդրսևորել այն ազդեցությունը, ինչի համար նախատեսված է կամ դրսևորել չակնկալված ազդեցություններ:
Ժամանակի ընթացքում դեղերը կորցնում են իրենց «ուժը», քանի որ նրանց բաղադրության մեջ մտնող քիմիական նյութերը սկսում են տարբեր գործոնների ներգործությամբ քայքայվել (օրինակ՝ ջերմության, լույսի կամ թթվածնի ազդեցություն)՝ առաջացնելով այլ, բուժման համար ոչ պիտանի կամ վտանգավոր նյութեր: Արդյունքում, ժամկետանց դեղը կարող է ոչ միայն կորցնել իր բուժական ազդեցությունը, այլև ստանալ նոր, երբեմն՝ վտանգավոր ազդեցություններ:
Հաջորդ խնդիրը կապված է այն հիվանդության կամ վիճակի հետ, որի դեպքում պատահաբար կամ միտումնավոր օգտագործվում է ժամկետանց դեղ: Ոչ արդյունավետ դեղաբուժումը բերում է տվյալ առողջական խնդրի սրացման կամ անցանկալի այլ հետևանքների:
Պետք է նաև հիշել, որ ներարկման համար օգտագործվող դեղերն արտադրվում են ստերիլ վիճակում, և պիտանելիության ժամկետն անցնելիս դրանք կարող են կորցնել իրենց ստերիլությունը՝ պատճառելով վարակային բարդություններ:
Դեղերի պիտանելիության ժամկետները կարող են լայնորեն տարբերվել՝ կախված ակտիվ նյութի քիմիական կառուցվածքից կամ դեղաձևից: Օրինակ, հավանական է, որ պինդ դեղահաբերն ունենան ավելի մեծ պիտանելիության ժամկետ, քան հեղուկ դեղերը:
Առավել ուշադրության արժանի դեղեր
Դուք պետք է առավել ուշադիր լինեք անհետաձգելի բուժօգնության համար օգտագործվող դեղերի պիտանելիության ժամկետների նկատմամբ, օրինակ՝
- սուր ալերգիկ ռեակցիաների բուժման դեղեր (օրինակ՝ ադրենալին)
- կրծքահեղձուկի դեղեր (նիտրոգլիցերինային պատրաստուկներ)
- դիաբետի դեղեր, օրինակ՝ ինսուլին
- ասթմայի նոպան հանող դեղեր:
Աչքի կաթիլները կարող են աղտոտվել բակտերիաներով: Դրանց համար գործում է համընդհանուր հետևյալ կանոնը՝ դեն նետել ժամկետն անցնելուց հետո կամ ֆլակոնը բացելուց 28 օր անց, նույնիսկ եթե պիտանելիության ժամկետը չի լրացել:
Դեղերի անվտանգ պահպանում
Մինչև պիտանելիության ժամկետներն ավարտվելը դեղերի արդյունավետությունն անփոփոխ պահպանելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև դրանց պահպանման պայմաններին:
Լավագույն տարբերակը դեղերի ներդիրում կամ տեղեկատվական թերթիկում ներկայացված պահպանման կանոններին հետևելն է: Օրինակ, մի դեղի ճիշտ պահպանումը կարող է պահանջել 25°C-ից ցածր ջերմաստիճանային պայմաններ, մյուսինը՝ մութ պայմաններ: Կան դեղեր, որոնք անհրաժեշտ է պահել սառնարանային ջերմաստիճանի պայմաններում:
Բոլոր դեպքերում, դեղերը պահեք երեխաների համար դժվար մատչելի տեղերում:
Ի՞նչ կարող է պատահել, եթե դուք օգտագործեք ժամկետանց դեղեր
Եթե հայտնաբերել եք, որ ընդունել եք ժամկետանց որևէ դեղ, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին կամ դեղագործին: Ամենայն հավանականությամբ դուք կարիք կունենաք գնելու նոր դեղ:
Նման դեպքերից խուսափելու համար պարբերաբար ստուգեք ձեր դեղարկղը, որպեսզի դեն նետեք ժամկետանց դեղերը կամ իմանաք, թե որ դեղերի պիտանելիության ժամկետներն են մոտենում ավարտին:
Խորհուրդ չի տրվում դեղերը փշրել և լցնել կոյուղու մեջ, քանի որ կարող եք վնաս հասցնել շրջակա միջավայրին: Լավագույն տարբերակը ժամկետանց դեղը մոտակա դեղատուն հանձնելն է, որպեսզի տեղում կազմակերպվի անվտանգ թափոնումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-05-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024