Եթե փորձում եք հղիանալ, ձեր շանսերը կարող են բարձրանալ, եթե դուք սեռական հարաբերություն ունենք ձեր ցիկլի որոշակի ժամանակահատվածում:
Իմանալով, թե երբ է ձեզ մոտ ձվազատումը (օվուլյացիան) տեղի ունենում՝ ձվարանից ազատվում է ձվաբջիջ, դուք կարող եք հասկանալ, թե որն է ձեր հղիանալու համար ճիշտ ժամանակը:
Երբ դուք հղիանալուն լավագույնս պատրաստ եք
Ձվազատումից հինգ օր առաջ ձեր ձվազատման օրվա հետ միասին այն օրերն են, երբ ձեր հղիանալու հավանականությունը դառնում է ամենաբարձրը: Սպերմատոզոիդները կարող են ձեր օրգանիզմում կենսունակ մնալ մինչև հինգ օր, ուստի, եթե դուք սեռական հարաբերություն ունենաք ձվազատումից մինչև հինգ օր առաջ, ապա կարող եք հղիանալ: Ձվազատումից հետո ձվաբջիջը կենսունակ է մնում միայն 12-24 ժամ, որից հետո ձեր հղիանալու ժամանակը սպառվում է, և դուք ստիպված եք սպասել մինչև մյուս ամսվա ձվազատման նախորդող օրերը:
Հղիանալու ձեր շանսերն ամենաբարձրն են ձվազատմանը նախորդող երեք օրերի ընթացքում՝ ներառյալ բուն ձվազատման օրը:
Ինչպե՞ս կանխատեսել ձվազատումը
Ձվազատումը սովորաբար տեղի է ունենում ձեր դաշտանային ցիկլի կեսին՝ ձեր հաջորդ դաշտանի առաջին օրվանից մոտ 14 օր առաջ: Թեև ձվազատումը սկսվելու նշանները կարող են ձեզ թվալ անորոշ, սակայն կան բաներ, որոնց ուշադրություն դարձնելը կարող են օգնել, որպեսզի կանխատեսեք ձեր «հղիացման օրերը»:
Լորձի փոփոխություններ
Դաշտանային ցիկլի ժամանակ ձեր հեշտոցային արտադրուկի փոփոխություններին ուշադրություն դարձնելը հանդիսանում է այսպես կոչված Բիլինգի ձվազատման մեթոդի հիմքը: Ձվազատման օրվա մոտակայքում դուք կարող եք զգալ, որ ձեր հեշտոցային արտադրուկը թափանցիկ, առաձգական և լպրծուն է՝ նման հում ձվի սպիտակուցին: Ձվազատումից հետո, երբ հղիանալու հավանականությունն ընկնում է, լորձային արտազատուկը դառնում է պղտոր, թանձր (մածուցիկ) և կպչուն կամ ընդհանրապես անհետանում:
Մարմնի ջերմաստիճանի փոփոխություններ
Բժիշկը ձեզ կարող է նաև բացատրել այսպես կոչված մարմնի հիմնական (բազալ) ջերմաչափման հմտությունները, որը կարող է ավելի զգայուն դառնալ ձվազատման օրերը կանխատեսելու համար: Դուք պետք է չափեք ձեր մարմնի ջերմաստիճանը բերանում, ուղիղ աղիքում կամ հեշտոցում, ամեն առավոտ, նույն ժամին, մինչև անկողնուց վեր կենալը։ Ձվազատման ժամանակաշրջանում ջերմությունը բարձրանում է 0,2–0,5°C-ով՝ կանանց մեծ մասի մոտ դաշտանային ցիկլի մոտավորապես մեջտեղում։
Ջերմաստիճանային օրական գրանցումներին հետևելիս դուք կարող եք ժամանակի ընթացքում հասկանալ, թե ինչպես է ձեր մարմնի ջերմաստիճանը ցիկլի ընթացքում փոփոխվում: Հղիանալու համար ամենահավանական ժամանակը ջերմաստիճանի բարձրացմանը նախորդող 2-3 օրերն են:
Այլ նշաններ
Կան նաև ձվազատման մոտավոր ժամանակը կանխատեսելուն օգնող այլ նշաններ ևս, օրինակ՝ որովայնային թույլ կծկանքներ, կրծքագեղձերի պնդացում և գերզգայունություն կամ սեռական ցանկության բարձրացում: Սակայն այս նշանները կարող են վկայել մոտալուտ ձվազատման մասին ավելի ցածր հավաստիությամբ:
Օրացուցային (ռիթմային) մեթոդ և այլ գործիքներ
Ձվազատման օրացույցները և հաշվիչները նույնպես կարող են օգնել ձվազատման կանխատեսմանը: Զրուցեք այս մասին ձեր բժշկի հետ:
Ձվազատման օրվա կանխատեսման համար հազվադեպ կարող են օգտագործվել նաև այլ մեթոդներ, օրինակ՝
- մեզում լյուտեինացնող հորմոնի (LH) չափում (որը սկսում է բարձրանալ ձվազատումից մի քանի օր առաջ), որը մատչելի է որպես տնային պայմաններում կիրառելի թեստ-հավաքածու
- արյան մեջ պրոգեստերոն հորմոնի չափում (PROG):
Հիշե՛ք նաև
Եթե ցանկանում եք հղիանալ, կան բազմաթիվ այլ կարևոր հարցեր, որոնց շուրջ քայլեր ձեռնարկելը կարող է օգնել ձեր պտղաբերության բարելավմանը և հղիության ընթացքում տարբեր խնդիրներից զերծ մնալուն:
Օրինակներից են՝
- ֆոլատի ընդունում
- առողջ սննդակարգի պահպանում
- ժամանակին պատվաստումների ստացում
- ծխախոտից և ալկոհոլից խուսափում:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-05-2020
Վերջին վերանայում՝ 03-05-2024