Առնանդամի մաշկի գրգռվածություն
13-04-2018
3 րոպե

Տղամադու սեռական օրգանների շրջանի մաշկը, լինելով զգայուն, կարող է հեշտությամբ գրգռվել և բորբոքվել:
Ե՞րբ կարող են գրգռվել սեռական օրգանների մակերևույթները
Առնանդամի մաշկը և գլխիկի լորձաթաղանթը կարող են գրգռվել շփման պատճառով, որի պատճառներ կարող են դառնալ հետևյալ իրերը և նյութերը՝
- պահպանակներ և ռետինե թաղանթներ
- լուբրիկանտներ (քսուքներ) և սպերմիցիդներ (սպերմատոզոիդները ոչնչացնող նյութեր)
- գրգռիչ օճառ, բաղնիքի գել և շամպուն
- դեզադորանտներ
- մանրէազերծող (դեզինֆեկտանտ) և հականեխիչ (անտիսեպտիկ) նյութեր, ինչպես նաև դրանք պարունակող քսուքներ
- լվացքի փոշի, եթե ներքնազգեստը լավ չի պարզաջրվել
- նոր ներքնազգեստ (հատկապես՝ ոչ բամբակյա):
Սեռական օրգանների մաշկը և լորձաթաղանթները կարող են գրգռվել նաև քրտինքից, մեզից և միզասեռական արտադրուկից:
Աճուկափոշտային վարակներ
Մաշկային սնկերը սիրում են խոնավ և տաք պայմաններ, օրինակ՝ մաշկային ծալքերը: Սա նշանակում է, որ սնկային վարակները կանխարգելելու համար աճուկափոշտային շրջանը պետք է պահել մաքուր և չոր:
Աճուկափոշտային շրջանի սնկային վարակը կարող է առաջացնել մաշկի գրգռվածություն, քոր կամ ցավ: Սնկային վարակը կարող է փոխանցվել մի մարդուց մյուսը, նույն կերպ, աճուկափոշտային ծալքերից սնկերը կարող են տարածվել դեպի առնանդամի գլխիկ:
Դիմեք բժշկին, եթե կասկածում եք, որ ձեզ մոտ առկա է աճուկափոշտային շրջանի սնկային հիվանդություն:
Օգտակար խորհուրդներ
- Սեռական օրգանների գերգրգռված մաշկը լվացեք գոլ ջրով օրական առնվազն երկու անգամ: Հատուկ ուշադրություն դարձրեք առնանդամի գլխիկի և ծայրային թլիպի տակ ընկած չերևացող ծալքերի մաքրությանը: Լվացած տեղամասերը չորացրեք մաքուր սրբիչը հպելով, այլ ոչ թե քսելով կամ տրորելով:
- Մի օգտագործեք օճառ, գել կամ մաշկն ու լորձաթաղանթները գրգռող այլ միջոցներ, այլ լվացումը կատարեք մաքուր ջրով: Ծայրահեղ դեպքում կարելի է փորձել օճառ չպարունակող «քլինզերներ»։
- Սեռական օրգանների լվացումը կրկնեք յուրաքանչյուր միզելուց հետո:
- Եթե առկա է ցավ, կարելի է դիմել սառեցնող միջոցներին: Նման դեպքերում օգտագործեք մաքուր բարակ սրբիչով փաթաթված սառույցի կտորներ:
- Աղային բաղնիքը կարող է մեղմացնել քորը կամ դիսկոմֆորտը, որից հետո պետք է լավ պարզաջրել սեռական օրգանները:
- Խուսափեք սեռական շփումներից մինչև ձեր սեռական օրգանների մաշկի գերգրգռվածության նշանների լիարժեք վերանալը:
Ինչպե՞ս կանխարգելել առնանդամի մաշկի գերգրգռումը
- Սեռական օրգանների շրջանի մաշկը պահեք չոր և մաքուր։
- Ամեն օր փոխեք ներքնազգեստը։
- Կրեք միայն լավ արդուկած և չոր ներքնազգեստ։
- Խուսափեք այնպիսի ներքնազգեստից, որն ըստ ձեզ կարող է գրգռել արտաքին սեռական օրգանները կամ աճուկները:
- Միզելուց առաջ և հետո լավ լվացեք ձեռքերը:
- Սեռական ակտի ժամանակ օգտագործեք միայն հիպոալերգիկ պահպանակներ:
- Յուրաքանչյուր սեռական հարաբերությունից առաջ և հետո լվացեք սեռական օրգանները:
Հոդվածը վերանայվել է՝ 14-01-2022