Յուրաքանչյուր անձ ունի առանձնահատուկ անհատական հատկանիշներ, և մարդիկ միմյանցից տարբերվում են իրենց մտածողություններով, զգացումներով և վարքագծերով:
Կան անձին հասկանալու տարբեր եղանակներ, ինչպես նաև անձնային առանձնահատկությունների և տեսակների վերաբերյալ բազմաթիվ վարկածներ:
Օրինակ, որոշ մարդիկ ավելի էքստրավերտ են (ըստ Յունգի, հակված են դեպի աշխարհի ընկալմանը) և նախընտրում են ընկերությունը, շփումներն այլ մարդկանց հետ և աշխույժ են, մինչդեռ մյուսներն ինտրովերտ են (հակված են դեպի ներքին աշխարհը) և գերադասում են միայնակությունը և դրսևորում ավելի փակված և մեկուսացված վարքագծեր: Որոշ մարդիկ ավելի հուզական են, մյուսները՝ ավելի սառը և խաղաղ: Կան մարդիկ, ովքեր հաճույք են ստանում նոր զգացողություններից և կան այլ մարդիկ, ովքեր «կառչած» են միայն իրենց ծանոթ բաներին: Այս բոլորը մարդկանց միջև առկա նորմալ տարբերակումներ են, որը մարդկային շփումները դարձնում է ավելի բազմակողմանի և հետաքրքիր:
Ի՞նչ են անձնային խանգարումները
Իրականում անձնային խանգարումըլավագույն անվանումը չէ և կարող է բերել ստիգմայի: Ոչ ոք չի ցանկանա, որ իրեն հայտնեն, որ իր անձի հետ ինչ-որ մի բան այն չէ: Այնուամենայնիվ, անձնային խանգարումներն իսկական հոգեկան խանգարումներ են, ուստի այդ մարդկանց հասկանալը և աջակցելը դառնում է չափազանց կարևոր:
Անձնային խանգարումներն ընթանում են մտածողության, վարքագծերի և հույզերի ծանր և կայուն խանգարումներով, որը բերում է տվյալ մարդու նույնիսկ առօրյա գործունեության ունակությունների խորը խանգարման: Անձնային խանգարումներով մարդիկ չեն կարողանում փոխել իրենց վարքագծերը, հարմարվել տարբեր իրավիճակներին կամ ստեղծել այլ մարդկանց հետ նորմալ շփումներ:
Անձնային խանգարումներով մարդկանց շրջանում բարձր է նաև զուգակցող այլ հոգեկան հիվանդությունների տարածվածությունը, ինչպիսիք են դեպրեսիան կամ ապօրինի թմրամիջոցների օգտագործում:
Այս հիվանդություններն ավելի հաճախ սկսվում են մանկական տարիքում, սակայն մտածողության և վարքագծային խանգարումներն ի հայտ են գալիս միայն չափահաս տարիքում:
Անձնային խանգարումների տեսակները
Կան անձնային խանգարումների բազմաթիվ տարբեր տեսակներ: Այս հիվանդություններով որոշ մարդիկ կարող են մյուսներից մեկուսանալ, մյուսները՝ դառնալ չափից դուրս աշխույժ և հուզական, այլ մարդիկ՝ խիստ տարօրինակ և էքսցենտրիկ: Սակայն այս բոլոր տեսակներին միավորում է այն, որ ախտանիշներն այնքան արտահայտված են, որ բացասական ազդեցություն են թողնում նրանց կյանքի տարբեր կողմերի վրա:
Համաձայն ամերիկյան DSM դասակարգման անձնային խանգարումները ներկայացված են երեք զուտ նկարագրողական բնույթ կրող խմբերի՝ կլաստերների միջոցով:
Կլաստեր A (տարօրինակ) (բնակչության 5,7%)
- պարանոիդ անձնային խանգարում
- շիզոիդ անձնային խանգարում
- շիզոտիպիկ անձնային խանգարում
Կլաստեր B (դրամատիկ, հուզական) (բնակչության 1,5%)
- հակասոցիալական անձնային խանգարում
- սահմանային անձնային խանգարում
- հիսթերիկ անձնային խանգարում
- նարցիստիկ անձնային խանգարում (բնակչության 1,0%)
Կլաստեր C (տագնապային) (բնակչության 6,0%)
- խուսափող անձնային խանգարում
- կախյալ անձնային խանգարում
- կպչուն-սևեռուն անձնային խանգարում
Այլ չդասակարգված կամ միանգամից մի քանի անձնային խանգարում ունեցող մարդիկ կազմում են 9,1%:
Անձնային խանգարումների ախտորոշումը և բուժումը
Անձնային խանգարումների ախտորոշումը բարդ գործընթաց է, որով զբաղվում են հոգեբույժները:
Անձնային խանգարումների բուժումը ներառում է հոգեթերապիա (փսիխոթերապիա), օրինակ՝
- կոգնիտիվ-վարքաբանական թերապիա
- դիալեկտիկ վարքագծային թերապիա
- փսիխոդինամիկ փսիխոթերապիա
- փսիխոկրթում:
Ըստ անհրաժեշտության հոգեբույժը նաև կարող է նշանակել որոշ դեղեր, օրինակ՝ հակադեպրեսանտներ կամ տագնապամարիչներ, որ մեղմացվեն դեպրեսիան կամ տագնապը:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-05-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024