Կալիումն անփոխարինելի միներալ է և էլեկտրոլիտ (իոն), որն անհրաժեշտ է ձեր օրգանիզմի նորմալ գործունեության համար:
Կալիումը մասնակցում է ձեր նյարդերի և մկանների նորմալ գործունեությանը, ինչպես նաև բջիջների սննդանյութերով և արգասիքներով փոխանակությանը:
Կալիումի դերը
Կալիումը կյանքի համար անփոխարինելի իոն է: Այն թույլ է տալիս ձեր նյարդերին, որ պատասխանեն ազդանշաններին, իսկ մկաններին, այդ թվում՝ սրտամկանին, որ կծկվեն: Կալիումը նաև հակազդում է նատրիումի ազդեցությանը (որն առկա է կերակրի աղի մեջ) արյան ճնշումը բարձրանալիս, ինչպես նաև տեղափոխում է սննդանյութերը բջջից ներս և նյութափոխանակության արգասիքները՝ բջջից դուրս:
Մարդկանց մեծ մասն կալիումի անհրաժեշտ ամբողջ քանակը ստանում է սննդով և ըմպելիքներով, սակայն ցածր կամ բարձր կալիումի մակարդակները կարող են առաջացնել ծանր առողջական խնդիրներ:
Կալիումի ցածր մակարդակների ռիսկերը
Եթե ձեր օրգանիզմում և արյան մեջ կալիումի մակարդակը ոչ նորմալ նվազել է (հիպոկալեմիա), դուք կարող եք զգալ թուլություն և հոգնածություն, ունենալ մկանային կծկանքներ և ջղաձգումներ, ինչպես նաև նշել փորկապություն:
Ցածր կալիումի ամենալուրջ խնդիրը սրտի անկանոն ռիթմն է (առիթմիա), հատկապես, եթե ունեք սրտի իշեմիկ հիվանդություն:
Կալիումի ցածր մակարդակ զարգանալու ռիսկը բարձանում է, եթե դուք՝
- ընդունում եք որոշ միզամուղներ (օրինակ՝ Ֆուրոսեմիդ)
- ունեք կրկնվող փսխումներ կամ փորլուծություն
- մշտապես ֆիզիկական գերծանրաբեռնված գործ եք անում
- ապրում եք շոգ եղանակային պայմաններում (գերքրտնում)
- պրոֆեսիոնալ մարզիկ եք
- սննդով չեք ստանում բավարար քանակով կալիում, թեև սա խիստ հազվադեպ է հանդիպում:
Կալիումի բարձր մակարդակների ռիսկերը
Եթե ձեր օրգանիզմում և արյան մեջ կալիումի բարձր մակարդակը (հիպերկալեմիա) լուրջ և կյանքին վտանգ սպառնացող վիճակ է: Այն սովորաբար հայտնաբերվում է արյան թեստով՝ առկա վիճակն ախտորոշելու կամ մեկ այլ հիվանդության վերահսկման ընթացքում:
Եթե ձեզ մոտ առկա է կալիումի մակարդակի անսովոր բարձրացում, կարող եք զգալ թուլություն և հոգնածություն, լինել դյուրագրգիռ և ունենալ սրտի անկանոն ռիթմ (առիթմիա):
Եթե ունեք այս ախտանիշները և կարծում եք, որ ձեր արյան կալիումի մակարդակը նորմայից բարձր է, անմիջապես կապ հաստատեք ձեր բժշկի հետ:
Կալիումով հարուստ սննդամթերքներ
Մարդկանց մեծ մասը բավարար քանակով կալիում ստանում է սննդամթերքների միջոցով: Կալիումի մեծ քանակներ կան հետևյալ մթերքներում՝
- կանաչատերև բանջարեղեններ, ինչպիսիք են սպանախը, կաղամբը և բազուկը
- մագլցողների պտուղներ, ինչպիսիք են պոմիդորը (լոլիկ), վարունգը, ցուկինին, բադրջանը (սմբուկ) և դդումը
- արմատային բանջարեղեններ, ինչպիսիք են գազարը, կարտոֆիլը և քաղցր կարտոֆիլը (բատատ)
- ծառի մրգեր, ինչպիսիք են ավոկադոն, խնձորը, նարինջը և բանանը
- ոլոռներ և լոբիներ
- կաթ, յոգուրտ և միս:
Այն անձինք, ովքեր ընդունում են միզամուղների որոշ տեսակներ, կարող են սննդակարգով չապահովել կալիումի անհրաժեշտ բավարար քանակների կարիքը: Զրուցեք այս մասին ձեր բժշկի հետ:
Կալիումի հավելումներ
Սովորաբար կալիումի հավելումների կարիք ունեն այն մարդիկ, ովքեր ընդունում են միզամուղների որոշ տեսակներ: Դրանք, օրինակ՝ Ֆուրոսեմիդը, կարող են մեզով հեռացնել կալիումի մեծ քանակներ:
Եթե կարծում եք, որ ունեք կալիումի հավելում ընդունելու կարիք, զրուցեք այս մասին ձեր բժշկի հետ և նախապես ստուգեք ձեր արյան կալիումի մակարդակը:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024