Հղիությունների միջև ժամանակային միջակայքի որոշումը ընտանիքի պլանավորման կարևոր մասն է: Այս ժամանակաշրջանը նաև կոչվում է հղիության միջակայք: Հասկացեք հղիությունների միջև միջակայքի կարևորությունը և այն գործոնները, որոնք պետք է հաշվի առնել նախքան նորից հղիանալը:
Մտածու՞մ եք ևս մեկ երեխա ունենալու մասին: Հղիությունների միջև ժամանակային միջակայքն ընտանիքի պլանավորման կարևոր մասն է: Դա կարող է ավելի մեծ ազդություն ունենալ, քան զուտ ձեր երեխաների տարիքով միմյանց մոտ լինելը: Ահա թե ինչ է պետք իմանալ:
Ինչո՞ւ է ընտանիքի պլանավորումը կարևոր
Հստակեցնելը, թե արդյո՞ք ցանկանում եք երեխա բերել առաջիկա մի քանի տարիներին, կարող է օգնել ձեզ և ձեր զուգընկերոջը, որ նախապատրաստվեք բեղմնավորմանը կամ ընտրեք համապատասխան հակաբեղմնավորիչ միջոց:
Եթե արդեն ծնող եք, ընտանիքի պլանավորումը նոր իմաստ է ստանում: Հաջորդ երեխայի ունենալն ամբողջապես կփոխի ձեր ընտանիքի կյանքը: Դուք և ձեր զուգընկերը պատրա՞ստ եք կրկին խնամել նորածինին: Ինչպե՞ս կարձագանքեն ձեր մյուս երեխան կամ երեխաները նորածին երեխայի հետ ձեր ուշադրությունը կիսելուն:
Հղիության ժամկետները նույնպես կարևոր են: Թեև դուք և ձեր զուգընկերը կարող են նախապատվություններ ունենալ այն մասին, թե որքան մոտ տարիքի կցանկանայիք, որ ձեր երեխաները լինեն, որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ հղիության միջակայքը կարող է ազդել մոր և երեխայի վրա:
Որո՞նք են հղիությունները միմյանց շատ մոտ լինելու ռիսկերը
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կենդանի ծննդալուծումից հետո վեց ամսվա ընթացքում նորից հղիանալը կապված է հետևյալ ռիսկերի հետ՝
- վաղաժամ ծննդաբերություն
- մինչև ծննդաբերությունը ընկերքի մասնակի կամ լրիվ անջատում արգանդի ներքին պատից (ընկերքի շերտազատում)
- նորածնի ցածր քաշ
- բնածին արատներ
- շիզոֆրենիա
- մայրական սակավարյունություն (անեմիա):
Բացի այդ, վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ միմյանց խիստ մոտիկ հղիությունները կարող են կապված լինել երկրորդ ծնված երեխաների մոտ աուտիզմի բարձր ռիսկի հետ: Ռիսկն ամենաբարձրն է 12 ամսից կարճ հղիության միջակայքի դեպքում:
Միմյանց խիստ մոտիկ հղիությունները կարող են մորը բավարար ժամանակ չընձեռել՝ նախորդ հղիությունից հետո լիարժեք վերականգնման համար: Օրինակ՝ հղիությունը և կրծքով կերակրելը կարող են սպառել սննդանյութերի, մասնավորապես ֆոլաթթվի պաշարները: Եթե հղիանաք մինչ այդ պաշարների փոխլրացումը, դա կարող է ազդել ձեր կամ ձեր երեխայի առողջության վրա: Սեռական ուղիների բորբոքումը, որը զարգանում է հղիության ընթացքում և լիարժեք չի ապաքինվում մինչև հաջորդ հղիությունը, նույնպես կարող է դեր խաղալ:
Արդյո՞ք կան ռիսկեր, որոնք կապված են միմյանցից շատ հեռու հղիությունների հետ
Որոշ հետազոտություններ նաև ցույց են տվել, որ հղիությունների միջև երկար ընդմիջումները նույնպես կարող են որոշակի խնդիրներ առաջացնել մայրերի և նորածինների համար, օրինակ՝ պրեէկլամպսիայի ռիսկի բարձրացում այս վիճակի պատմություն չունեցող կանանց մոտ:
Պարզ չէ, թե ինչու հղիության երկար ընդմիջումները կարող են առողջական խնդիրներ առաջացնել: Հնարավոր է, որ հղիությունը բարելավում է պտղի աճին և օժանդակելուն նպաստող արգանդի կարողությունը, իսկ ժամանակի ընթացքում այս օգտակար ֆիզիոլոգիական փոփոխություններն անհետանում են:
Ո՞րն է հղիությունների միջև լավագույն միջակայքը
Հղիության բարդությունների և առողջական այլ խնդիրների ռիսկը նվազեցնելու համար հետազոտություններն առաջարկում են նախքան հաջորդ հղիության փորձը համբերել 18-ից 24 ամիս, բայց՝ ոչ ավելի, քան կենդանի ծննդալուծումից հետո հինգ տարի: Անպտղության հետ կապված մտահոգությունները հավասարակշռելու համար 35 տարեկանից բարձր կանայք կարող են քննարկել 12 ամիս սպասելու մոտեցումը:
Վեորնշյալ ռիսկերն ու առաջարկությունները չեն վերաբերում այն զույգերին, ովքեր ունեցել են վիժում: Եթե առողջ եք և ձեզ պատրաստ եք զգում, վիժումից հետո կարիք չկա պահպանել որևէ սահմանափակող միջակայք:
Հաջորդ հղիացման համար ժամանակի ընտրությունն անձնական որոշում է: Ձեր հաջորդ հղիությունը պլանավորելիս դուք և ձեր զուգընկերը կարող եք հաշվի առնել բազմաթիվ տարբեր գործոններ՝ ի լրումն առողջության ռիսկերի և օգուտների: Մինչև որոշում կայացնելն օգտագործեք բեղմնականխման որևէ հուսալի մեթոդ:
Ուրիշ ի՞նչ պետք է իմանալ հղիության միջակայքի մասին
Հաջորդ երեխան ունենալու համար կատարյալ ժամանակ չկա: Նույնիսկ մանրակրկիտ պլանավորման դեպքում միշտ չէ, որ կարող եք հստակ վերահսկել, թե երբ կհղիանաք: Այնուամենայնիվ, հակաբեղմնավորիչ մեթոդների հուսալի տարբերակների քննարկումը, քանի դեռ պատրաստ չեք հղիանալուն և ձեր հղիության ժամկետների հետ կապված հնարավոր ռիսկերը հասկանալը կարող են օգնել, որ կայացնեք ձեր ընտանիքի մեծացմանն վերաբերյալ իրազեկված որոշում:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2024
Վերջին վերանայում՝ 10-05-2024