Ռելաքսացիան և հոգեկան առողջությունը
09-05-2018
2 րոպե

Ռելաքսացիան մի վիճակ է, երբ դուք ձեզ զգում եք հանգիստ և թուլացած։
Ռելաքսացիան կամ «թուլացումը» ձեր հոգեկան և ֆիզիկական առողջության վրա կարող է թողնել բազմաթիվ բարերար ազդեցություններ, օրինակ՝ օգնել, որ ճիշտ կառավարեք ձեր ամենօրյա կյանքը։ Այս մեթոդը կարող է կիրառվել գրեթե ամենուրեք՝ տանը, աշխատավայրում, հասարակական տրանսպորտում, հանրային միջավայրերում և այլն։
Ի՞նչ է ռելաքսացիան
Ռելաքսացիան մի վիճակ է, երբ դուք ձեզ զգում եք հանգիստ ու խաղաղ և կարողանում եք կառավարել ձեր սթրեսը կամ անհանգստությունն ու տագնապը։
Ինչպե՞ս կարող է ռելաքսացիան բարելավել ձեր հոգեկան առողջությունը
Ռելաքսացիան մեղմացնում է սթրեսը և հոգեկան առողջության այնպիսի խնդիրներ, ինչպիսք են դեպրեսիան, տագնապը և շիզոֆրենիան։
Ռելաքսացիան ունի նաև ընդհանուր առողջական այլ ազդեցություններ, որոնք ձեր դեպքում կարող է ստանալ բարերար նշանակություն։ Դրանցից են՝
- ձեր սրտազարկի, զարկերակային ճնշման և շնչառության հաճախականության նվազեցում
- մկանային լարվածության և քրոնիկ ցավի մեղմացում
- տրամադրության և ուշադրության կենտրոնացման բարելավում
- ընդհանուր հոգնածության մեղմացում
- բարկության և հիասթափության մեղմացում
- խնդիրները լուծելու նկատմամբ վստահության խթանում։
Ռելաքսացիայի ինչպիսի՞ մեթոդներ կան
Որպես կանոն, ռելաքսացիայի մեթոդները վերաբերվում են մկանների թուլացմանը կամ շնչառությանը։ Օրինակներից է մկանների հարաճուն թուլացումը, երբ դուք սկզբից լարում, այնուհետև թուլացնում եք ձեր մարմնի տարբեր մկանախմբերը՝ փորձելով հասկանալ այդ վիճակներին ուղեկցող զգացողությունները։
Ռելաքսացիայի այլ մեթոդներից են՝
- վիզուալիզացիա, երբ դուք ստեղծում եք ձեզ հանգիստ ու խաղաղություն պարգևող որևէ վայրի մտովի պատկերը
- խորը շնչառություն, երբ դուք կտրվում եք ամեն ինչից և ձեր ուշադրությունը կենտրոնացնում միայն ձեր շնչառության վրա
- հիպնոս
- մեդիտացիա
- գիտակցում
- վարժանքներ։
Ռելաքսացիան ձեր կյանքում ներառելու ուղիները
Գտեք ռելաքսացիայի այն մեթոդը, որը լավագույն կերպով կհամապատասխանի ձեր խառնվածքին կամ առօրյա կյանքին և դարձրեք այն ձեր առօրյա կյանքի մի մասը, նույնիսկ եթե ձեր ընտրած մեթոդը տևում է օրական 5-10 րոպե։
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021