Երբեմն որևէ առարկա կամ իր (օտար մարմին) կարող է մնալ ձեր հեշտոցի մեջ կամ դուք պարզապես կարող եք մոռանալ հանել այն:
Ավելի հաճախ այսպիսի երևույթի դեպքում որպես օտար մարմին կարող են հանդիսանալ հիգիենիկ տամպոնները (ներդիր), պահպանակները (կամ դրանց պատռված մասերը), հակաբեղմնավորիչ միջոցները (օրինակ՝ թասակ կամ սպունգ), երբեմն նաև՝ սեռական հաճույք ստանալու համար հեշտոց ներմուծված այլ իրեր (օրինակ՝ սեքս-խաղալիքներ):
Կարևոր է, որ նման իրավիճակի հետ առնչվելիս հնարավորինս շուտ ձեր հեշտոցից հեռացնեք օտար մարմինը: Եթե դա չի ստացվում, առանց ուշացնելու դիմեք ձեր բժշկին կամ բժիշկ-գինեկոլոգին:
«Մոռացված» տամպոն
Կանացի կամ գինեկոլոգիական տամպոնը (ներդիր) գլանաձև ներծծող նյութի զանգված է, որն օգտագործվում է հիգիենիկ նպատակներից ելնելով՝ դաշտանի օրերին ներդրվելով կնոջ հեշտոց:
Կանացի տամպոնը կարող է մնալ հեշտոցում, եթե այն դրվել է, սակայն մոռացության է տրվել և չի հանվել կամ չի հաջողվում հեռացնել: Նման վիճակի պատճառներից են՝
- տեղադրվել է նոր տամպոն՝ առանց նախորդը հանելու
- տեղ է գտել հեշտոցային (վագինալ) սեռական հարաբերություն՝ առանց տամպոնը հանելու
- ներդրված տամպոնը պարզապես մոռացվել է և դաշտանի վերջում չի հեռացվել:
Կնոջ հեշտոցը 8-10 սմ երկարությամբ մկանային խողովակ է, որն արգանդը միացնում է արտաքին սեռական օրգաններին՝ ամոթույքին: Այն ունի խիստ առաձգական պատեր, այնպես որ շատ զարմանալի չէ, որ կինը կարող է սեռական հարաբերություն ունենալ կամ երկրորդ տամպոնը ներդնել՝ առանց նախորդը հեռացնելու: Նման դեպքերում արդեն հեշտոցի մեջ առկա հին տամպոնը կարող է մի կողմի վրա ծռվել, որի պատճառով թելը (որի օգնությամբ այն հեռացվում է) կարող է անհետանալ հեշտոցի խորքում՝ դժվարացնելով դուրս քաշելն ու հեռացնելը:
Երբ կինը դաշտանի վերջում մոռանում է հանել տամպոնը, վերջինս կրկին կարող է ծռվել և հասնել հեշտոցի վերջին շրջան՝ արգանդի վզիկի հարևանությամբ:
Տամպոնը չի կարող հայտնվել արգանդի խոռոչում, քանի որ արգանդի վզիկը միայն աննշան է բացվում՝ ելք կամ մուտք բացելով միայն դաշտանային արյան կամ սերմնահեղուկի համար: Տամպոնի օգտագործումը չի կարող վնասել կնոջ հեշտոցը կամ արգանդի վզիկը:
Մոռացված տամպոնի հետ կապված ամենալուրջ խնդիրը վարակն է կամ տոքսիկ շոկային համախտանիշը (ՏՇՀ), որը, սակայն խիստ հազվադեպ է հանդիպում և չկան հստակ ապացույցներ, որ կապված է տամպոնի օգտագործման հետ:
Հեշտոցում օտար մարմնի կամ մոռացված տամպոնի նշանները
Հեշտոցում օտար մարմնի կամ մոռացված տամպոնի առկայության մասին կարող են վկայել հետևյալ նշանները՝
- հեշտոցային արտադրություն, որը կարող է լինել դեղին, կանաչավուն, վարդագույն, մոխրագույն կամ շագանակագույն
- խիստ տհաճ հոտով արտադրուկ
- հեշտոցի շրջանից խիստ տհաճ հոտ՝ առանց արտադրուկի
- ջերմություն
- հեշտոցի քոր
- միզելիս ցավ կամ անհարամարավետության զգացում
- ցավերի շեքի (ամոթույքի և հետանցքի միջև) կամ որովայնի ստորին շրջանում (պորտից ներքև և սեռական շրջանից վերև)
- սեռական օրգանների հարակից մաշկի կարմրություն կամ ցան
- հեշտոցի շրջանի այտուցվածություն:
Օտար մարմնի կամ տամպոնի հեռացում
Դուք պետք է չփորձեք ինքնուրույն հեռացնել մեծ կամ փշրվող մարմինները, քանի որ կարող եք վնասել ձեր հեշտոցը: Դրա փոխարեն առանց հետաձգելու այցելեք ձեր բժշկին կամ բժիշկ-գինեկոլոգին:
Եթե ձեր հեշտոցում առկա է օտար մարմին, այդ թվում՝ մոռացված տամպոն և չունեք վերևում թվարկված նշաններից և ոչ մեկը, կարող եք փորձել ինքնուրույն, սակայն՝ մեծ զգուշությամբ հեռացնել այն:
Երբեք մի՛ փորձեք հեռացնել հեշտոցում հայտնված օտար մարմինը մեկ այլ առարկայի օգնությամբ, քանի որ կարող եք վնասել ինքներդ ձեզ կամ դառնալ վարակի պատճառ:
Նախ, հանեք ձեր ձեռքերին կամ մատներին առկա ժամացույցը, մատանին և այլ զարդերը, լավ լվացեք և լավ պարզաջրեք ձեր ձեռքերը, որպեսզի օճառի որևէ հետք չմնա: Եթե ձեր ձեռքին կամ մատների վրա կան քերծվածքներ, կտրված և այլ վերքեր, ծածկեք դրանք մաքուր վիրակապով կամ հագեք ստերիլ բժշկական ձեռնոց:
Նստեք զուգարանակոնքին և ոտքերի տակ դրեք մոտ 30 սմ բարձրությամբ հենակ: Փորձեք մի քանի անգամ կծկել ձեր որովայնն այնպես, ինչպես կանեիք աղիքները դատարկելիս կամ ծննդաբերելիս: Սա կարող է օգնել, որ օտար մարմինը ներքև (դուրս) հրվի:
Այնուհետև, զգուշությամբ ձեր մի մատը մտցրեք հեշտոցի մեջ այնքան, որքան հնարավոր է և նույն մատով կատարեք պտտական և առաջ-հետ շարժումներ: Փորձեք զգալ ձեր հեշտոցի վերնամասը, որովհետև տամպոնները հաճախ «թաքնվում» են հենց այս շրջանում: Եթե ձեր մատի ծայրին զգում եք օտար մարմին, հանեք ձեր մատը և նույն շրջանին մոտեցեք արդեն երկու մատներով, որպեսզի կարողանաք զգուշությամբ բռնել և դուրս քաշել այն:
Ե՞րբ դիմել բժշկական օգնության
Այցելեք ձեր բժշկին կամ բժիշկ-գինեկոլոգին, եթե ինքնուրույն չեք կարողանում հեռացնել օտար մարմինը կամ անհանգստացած եք, որ գուցե ձեր հեշտոցում ունեք մոռացված տամպոն կամ մեկ այլ իր (օրինակ՝ հակաբեղմնավորիչ թասակ):
Հեշտոցում առկա օտար մարմինը պետք է հեռացվի հնարավորինս շուտ, հատկապես եթե այն մեծ է կամ կարող է կոտրվել-փշրվել և վնասել հեշտոցը: Եթե, այնուամենայնիվ, օտար մարմինը կոտրվում կամ փշրվում է, մի՛ փորձեք ինքնուրույն հեռացնել դրա մասերը, այլ շտապ այցելեք մոտակա գինեկոլոգիական ծառայություն:
Ամաչել պետք չէ, առավել ևս, որ ձեզ սպասարկող բուժանձնակազմը նախկինում առնչվել է նման դեպքերի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-07-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024