Ռախիտը ոսկրային հիվանդություն է, որը դրսևորվում է դրանց փափկացմամբ և փխրունացմամբ:
Այն հանդիպում է միայն վաղ մանկական և հազվադեպ՝ անչափահաս տարիքի երեխաների մոտ: Հիվանդությունն ընթանում է ոսկրերի փափկության բարձրացմամբ, որի պատճառով դրանք ձևափոխվում են:
Ռախիտի պատճառները
Ռախիտը զարգանում է վիտամին D-ի անբավարարության պատճառով և հանդիպում է միայն աճման շրջանում գտնվող մանուկների (հազվադեպ՝ ավելի բարձր տարիքի երեխաների) մոտ:
Վիտամին D-ն մեր օրգանիզմում հանդես է գալիս երկու տարատեսակներով՝ էրգոկալցիֆերոլ (D2 վիտամին) և խոլեկալցիֆերոլ (D3 վիտամին): Օրգանիզմը էրգոկալցիֆերոլ հիմնականում ստանում է սննդի հետ միասին, իսկ խոլեկալցիֆերոլը առաջանում է մաշկում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ: Վիտամին D-ն դառնում է կենսաբանորեն ակտիվ միայն լյարդում որոշակի նյութափոխանակության ենթարկվելուց և 1,25 դիհիդրոքսիխոլեկալցիֆերոլի փոխակերպվելուց հետո:
D վիտամինի դեֆիցիտի (պակասի) հետևանքով թուլանում է կալցիումը կապող սպիտակուցի արտադրությունը, աղիներից կալցիումի և ֆոսֆորի ներծծումը և երիկամների խողովակներից հետադարձ ներծծումը (ռեաբսորբցիա), որի հետևանքով պակասում է նրանց քանակն արյան պլազմայում, արտաբջջային հեղուկում և ոսկրերում:
Ռախիտի ախտանիշները
Ռախիտի առաջին նշաններն ի հայտ են գալիս երեխայի կենտրոնական նյարդային համակարգի փոփոխությունների հետևանքով և դրսևորվում որպես՝
- դյուրագրգիռություն և լացկանություն
- քնի խանգարումներ
- քրտնոտություն (կաթը ծծելիս, քնած ժամանակ), ընդ որում, հատկապես քրտնում է գլուխը՝ առաջացնելով ծոծրակի մազաթափություն
- ստամոքսի գործունեության խանգարումներ
- մեծ գաղթունի փակման ուշացում
- աճի դանդաղեցում
- մկանային կծկանքներ կամ ցնցումներ՝ պայմանավորված արյան կալցիումի ցածր մակարդակով:
Ավելի ուշ, 2-3 շաբաթ անց չբուժվելու և հիվանդության զարգացման հետևանքով առաջանում են ոսկրային փոփոխություններ, որոնք առաջինը դրսևորվում են արագ աճող ոսկրերում: Մասնավորապես, ռախիտով երեխայի մոտ կարող են զարգանալ հետևյալ նշանները՝
- մեծ գաղթունի փակման ուշացում
- գանգի ճակատային և կողմնային ոսկրերի եզրերի փափկացում
- սուր ընթացքի դեպքում՝ ոսկրային փափկացումներ գանգային կարանների ուղղությամբ (կրանիոտաբես)
- ծոծրակոսկրի տափակեցում (գլխի կորությունների հարթեցում)
- աճի դանդաղեցում
- նստելու, չորեքթաթ շարժվելու և քայլելու ուշացում
- ատամների ուշ զարգացում և էմալազրկում
- աճառային հյուսվածքի գերաճի հետևանքով կրծքավանդակի վրա «ռախիտային համրիչների», «մարգարտահատիկների» առաջացում, կրծքավանդակի ձևափոխություններ («հարիսոնյան ակոս», ծանր դեպքերում՝ «հավի կուրծք», «կոշկակարի կուրծք», ողնաշարի ծռվածքներ՝ կիֆոզ, լորդոզ, սկոլիոզ և այլն)
- 6 ամսականից հետո՝ ոտքերի ծռվածքներ (Օ-աձև կամ X-աձև)՝ հատկապես մինչև 4 տարեկանը
- կոնքի ձևախախտումներ
- դաստակների, ծնկների և արմունկների այտուցվածություն
- ոսկրերի փափկացում և փխրունության մեծացում, որի պատճառով դրանք ավելի հեշտությամբ են կոտրվում:
Ռախիտի ախտորոշումը
Այցելեք ձեր բժշկին, եթե մտահոգված եք ձեր երեխայի աճով ու զարգացմամբ:
Ձեր երեխայի մոտ ռախիտի առկայություն կասկածելիս բժիշկը հավանաբար կնշանակի արյան մեջ վիտամին D-ի մակարդակի, երիկամների գործունեության ստուգման և այլ հետազոտություններ: Որոշ դեպքերում կարող է առաջանալ ռենտգեն հետազոտության կարիք, որ գնահատվի ոսկրերի զարգացվածության աստիճանը:
Ռախիտի բուժումը
Ձեր բժիշկը կարող է առաջարկել երեխայի սննդակարգի որոշ փոփոխություններ, ինչպես նաև նշանակել վիտամին D, կալցիում և ֆոսֆատ պարունակող հավելումներ կամ դեղեր:
Եթե արյան թեստով երեխայի մոտ գրանցվում է կալցիումի ցածր մակարդակ, ձեզ կարող են առաջարկել նաև հիվանդանոցային կարճատև բուժում:
Ռախիտի կանխարգելումը
Դուք կարող եք օգնել ձեր (ապագա) երեխայի մոտ ռախիտի զարգացման ռիսկի նվազեցմանը հետևյալ միջոցառումներով՝
- եթե հղի եք, պարբերաբար այցելեք ձեր մանկաբարձուհուն կամ բժշկին և ըստ վերջիններիս ցուցման, հղիության ընթացքում ստուգեք ձեր արյան մեջ վիտամին D-ն
- նույն կերպ, բժիշկը կարող է նշանակել նաև երեխայի մոտ վիտամին D-ի թեստ՝ մինչև հիվանդության ախտանիշների դրսևորվելը կամ հիվանդության վաղ փուլերում
- 4-6 ամսական հասակում ձեր մանկանը սկսեք տալ պինդ սննդամթերքներ
- համոզվեք, որ ձեր մանկան սննդակարգը պարունակում է բավականաչափ կալցիում և ֆոսֆատներ
- ձեր երեխայի հետ հաճախ դուրս եկեք մաքուր օդի
- հետևեք ձեզ կամ ձեր մանկիկին նշանակած հավելումները կամ դեղերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-08-2018
Վերջին վերանայում՝ 30-04-2024