Բազմաթիվ մարդիկ, հատկապես երիտասարդները ենթարկվում են սեռավարակներով վարակվելու վտանգին` առաջին հերթին պատահական սեռական հարաբերության հետևանքով:
Սա բացատրվում է տարբեր գործոններով՝ սեռական կյանքի անփորձություն, իրազեկության պակաս, սեփական առողջության թերագնահատում, ռիսկային վարքագիծ և այլն։
Սակայն անվտանգ սեռական հարաբերությունը միայն Մարդու իմունային անբավարարության վիրուսով՝ ՄԻԱՎ-ով կամ սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակներով հիվանդանալը կամ ձեր զուգընկերներին վարակելը չէ։ Այսօր «անվտանգ սեքսը» ներառում է նաև անցանկալի հղիության կանխարգելումը։
Անվտանգ սեռական հարաբերությունն առաջին հերթին պահպանակի օգտագործումն է, որը, որպես մեխանիկական պատնեշ, թույլ չի տալիս, որ դուք վարակեք սեռական զուգընկերոջը կամ վարակվեք նրանից։ Ոչ ավանդական սեռական հարաբերությունների համար ևս կան հատուկ պաշտպանական միջոցներ:
Նկատի ունեցեք, որ պահպանակը կարող է պատռվել և կորցնել իր պաշտպանիչ դերը ոչ ջրային հիմքով քսանյութեր (լուբրիկանտներ) կամ յուղային հիմքով քսուքներ օգտագործելիս, ինչպիսիք են վազելինը, կոսմետիկ նրբաքսուքները (կրեմներ), բուսական յուղերը և այլն։
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներովից պաշտպանված լինելու լավագույն տարբերակը ավելի քիչ թվով սեռական զուգընկերներ ունենալն է։ Պահպանակից օգտվելուց բացի, խորհուրդ է տրվում նաև հարաբերությունից անմիջապես հետո սեռական օրգանները լվանալ օճառով և ջրով, ինչպես նաև միզել։
Եթե կասկածում եք, որ ունեք որևէ սեռավարակ, օրինակ՝ գոնորեա կամ քլամիդիա, պետք է ընդմիջել սեռական հարաբերությունները՝ մինչև դիմեք բժշկին և ստանաք համապատասխան խորհրդատվություն, իսկ եթե կարիք լինի՝ նաև զույգերով բուժում։
Եթե ակտիվ սեռական կյանք եք վարում, առավել ևս, եթե ունեք մի քանի սեռական զուգընկեր, ճիշտ կլինի պարբերաբար այցելել ձեր բժշկին և կանոնավոր ստուգումներ անցնել։
Դիտեք նաև սեռավարակներից պաշտպանության վերաբերյալ տեսահոլովակը:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-04-2018
Վերջին վերանայում՝ 30-04-2024