Ինքնագնահատականը ինքներս մեր մասին մտածելու և սեփական անձը գնահատելու միջոց է:
Ժամանակ առ ժամանակ բոլորս էլ քննադատում ենք ինքներս մեզ, սակայն երբ ավելի ու ավելի հաճախ եք ինքներդ ձեր մասին տհաճ մտքերով ու զգացումներով լցվում, հավանաբար ունեք ցածր ինքնագնահատական: Գուցեք հստակ չպատկերացնեք ցածր ինքնագնահատականի պատճառը, սակայն կան պարզ քայլեր, որոնք կարող եք ձեռնարկել՝ բարելավելու սեփական անձի նկատմամբ ձեր իսկ վերաբերմունքը:
Ցածր ինքնագնահատականի նշանները
Ցածր ինքնագնահատականի նշաններից են՝
- ձեր գլուխը լի է վատ կամ բացասական մտքերով
- ինքներդ ձեր անձի նկատմամբ տրամադրված եք խիստ և անհարկի քննադատորեն
- բևեռացած եք ձեր բացասական կողմերի վրա և անտեսում կամ արհամարհում եք սեփական ձեռքբերումներն ու հաջողությունները
- համոզված եք, որ այլ մարդիկ բոլոր առումներով ձեզնից ավելի լավն են
- չեք ընդունում ձեզ ուղղված գովասանքի խոսքերը (կոմպլիմենտ)
- ձեզ տանջում են տխրության, ընկճվածության, անհանգստության, ամոթի կամ զայրույթի զգացումները:
Ցածր ինքնագնահատականի ազդեցությունները
Եթե ունեք ցածր ինքնագնահատական, կարող եք դժվարություններ ունենալ տանը, կրթօջախում կամ աշխատավայրում: Դուք կարող եք ինքներդ ձեզնից հիասթափվել, ձեր անձի նկատմամբ դառնալ կտրուկ քննադատող, լցվել ինքնամերժման մտքերով և ինքներդ ձեզ օտարեք մարդկանցից, շփումներից կամ նախկին գործառույթներից:
Ցածր ինքնագնահատականը նաև կարող է բերել սեփական մարմնի ֆիզիկական ընկալման խեղաթյուրման, ալկոհոլի չարաշահման և ապօրինի թմրամիջոցների օգտագործման: Դուք կարող եք նաև դառնալ ծաղրանքի թիրախ կամ բռնության զոհ:
Ինչպե՞ս բարելավել ինքնագնահատականը և հոգեկան առողջությունը
Ինքնավստահությունը և սեփական անձի նկատմամբ ինքնահարգանքը բարելավելու համար կարող եք ձեռնարկել հետևյալ քայլերը՝
- ավելի հաճախակի մտածեք այն հարցերի շուրջ, որտեղ դուք ունակ եք, ուժեղ եք կամ գիտակ եք
- փորձեք ուրախանալ և դրական հույզերով լցվել ձեր կյանքի նույնիսկ փոքր հաջողություններով, պատմեք այդ մասին ձեզ մոտիկ մարդկանց
- փոխեք ձեր մտածելակերպը և ազատվեք տհաճ ու բացասական մտքերից, ինչպես նաև ցանկացած անցանկալի երևույթը փորձեք մեկնաբանել այլ տեսանկյունից՝ առանց ողջ մեղավորությունը դնելով ձեր սեփական անձի վրա
- ավելի շատ մտածեք այն բաների մասին, որոնք կարող եք փոխել և մի՛ սևեռվեք ոչ իրատեսական փոփոխությունների վրա
- խուսափեք որևէ գործ անելուց կատարյալ արդյունքների ձգտելուց. կատարելությունն անհնար է
- դադարեք սխալներ գործելու մեջ պարսավել կամ մեղադրել սեփական անձը. չէ՞ որ սխալվում են բոլորը
- զբաղվեք ձեզ հաճույք պատճառող գործերով, որը թույլ կտա լցվել դրական հույզերով
- ավելի հաճախ եղեք հարազատ և սիրելի մարդկանց շրջապատում
- զբաղվեք այլ մարդկանց օգնելու կամավոր աշխատանքով. սա կարող է օգնել, որ ինքներդ ձեր մասին լավ զգացումներով լցվեք
- վարեք առողջ ապրելակերպ և հիշեք, որ ֆիզիկական մարզանքները կարող են թարմացնել ձեր ուղեղը և բարելավել հոգեկան գործունեությանը:
Ո՞ւմ դիմել
Եթե կարծում եք, որ ունեք ցածր ինքնագնահատական, զրուցեք ձեր բժշկի, հոգեկան առողջության ոլորտի խորհրդատուի, հոգեթերապևտի (կլինիկական հոգեբան), մոտիկ ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-03-2020
Վերջին վերանայում՝ 03-05-2024