Անզուսպ փսխումները հղիության ընթացքում (հղիության հիպերէմեզիս)
26-04-2020
5 րոպե

Սրտխառնոցը և փսխումը հղիության, հատկապես առաջին եռամսյակում տարածված խնդիր է:
Սրտխառնոցը և փսխումը սովորաբար զարգանում է հղիության առաջին եռամսյակի (տրիմեստր) 4-րդ և 7-րդ շաբաթների միջև, մոտավորապես 9-րդ շաբաթում հասնում իր գագաթնակետին և մինչև 20-րդ շաբաթն ինքնուրույն վերանում կանանց 90%-ի մոտ:
Սակայն որոշ հղի կանանց մոտ սրտխառնոցը և փսխումը կարող է ստանալ ծանր ընթացք` առաջացնելով այսպես կոչված «հղիության հիպերէմեզիս» (hyperemesis gravidarum), որը հաճախ պահանջում է հիվանդանոցային բուժում, եթե վաղ միջամտություններն արդյունավետ չեն լինում:
Հղիության հիպերէմեզիսը հանդիպում է ոչ հաճախ, սակայն ունի սուր և ծանր ընթացք: Այն շատ ավելի ծանր վիճակ է, քան հղիության վաղ շրջանում բազմաթիվ հղի կանանց անհանգստացնող առավոտյան հիվանդագին վիճակը (առավոտյան սրտխառնոց): Եթե դուք ժամանակի մեծ մասը վատ եք զգում և չեք կարողանում «պահել սնունդը կամ հեղուկները», ապա պետք է որքան հնարավոր է շուտ կապ հաստատել ձեր բժշկի կամ բժիշկ-մանկաբարձի հետ:
Հղիության հիպերէմեզիսի պատճառները
Հղիության հիպերէմեզիսի վերջնական պատճառն անհայտ է: Սակայն հայտնի են այս վիճակի զարգացմանը նպաստող ռիսկի գործոնները, որոնցից են՝
- ընկերքի մեծացած զանգված (բշտիկային զանգված, բազմապտուղ հղիություն և այլն)
- նախքան հղիությունը էստրոգենների պարունակությամբ դեղեր ընդունելուց հետո սրտխառնոց կամ փսխում
- ծովային հիվանդություն (ծովախտ)
- միգրեն
- համային ռեցեպտորների մեծ քանակ
- գենետիկական նախատրամադրվածություն
- նախորդ հղիությունների ժամանակ հիպերէմեզիսի առկայություն
- հղիությանը նախորդող վեց ամսվա ընթացքում կամ բեղմնավորման շրջանում վիտամինների խիստ պակաս
- ստամոքսի խանգարում (դիսպեպսիա), օրինակ՝ այրոցք կամ թթվային ռեֆլյուքս:
Հղիության հիպերէմեզիսի ախտանիշները
Ինչպես նշվեց, հղիների ծանր սրտխառնոցը և փսխումը շատ ավելի վատ վիճակ է, քան առավոտյան սրտխառնոցը, որը նաև կարող է ուղեկցվել փսխումներով:
Ախտանիշները սովորաբար սկսվում են հղիության 5-րդ և 10-րդ շաբաթների միջև և վերանում մինչև 20-րդ շաբաթը:
Հղիության հիպերէմեզիսի գանգատներն ու ախտանիշներն են՝
- երկարաձգված և ծանր սրտխառնոց և փսխում
- ջրազրկում
- կետոզ՝ ծանր վիճակ, որը զարգանում է արյան և մեզի մեջ կետոնների մակարդակի կտրուկ բարձրացման հետևանքով (կետոնները թունավոր թթվային միացություններ են, որոնք առաջանում են, երբ ձեր օրգանիզմում էներգիա ստեղծվելու համար քայքայվում է ոչ թե գլյուկոզը, այլ ճարպը)
- մարմնի կշռի կորուստ
- ցածր արյան ճնշում (հիպոտենզիա), հատկապես՝ ոտքի կանգնելիս
- գլխացավեր, շշմածություն, ուշագնացություն և դեղնուկ:
Սրտխառնոցը և փսխումները սովորաբար այնքան ծանր են, որ որևէ հեղուկ «ստամոքսում պահելը» դառնում է անհնար, և սա առաջացնում է ծանր ջրազրկում և մարմնի կշռի կորուստ: Ջրազրկումն ինքնին ծանր վիճակ է, երբ դուք ձեր օրգանիզմում չունեք բավարար քանակի հեղուկներ:
Հղիության հիպերէմեզիսն ախտանիշների արագ հարաճուն զարգացմամբ ընթացող խիստ տհաճ վիճակ է, որն, ի ուրախություն մեզ, մեծամասամբ չի վնասում ձեր երեխային: Սակայն այն բերում է ձեր մարմնի կշռի կտրուկ կորստի, որը բարձրացնում է թերքաշ երեխայի ծնվելու հավանականությունը: Պետք է նաև նկատի ունենալ, որ ծանր փսխումները կարող են հղի կնոջ մոտ հանգեցնել որոշակի հոգեբանական խախտումների, որոնց պատճառով նա կարող է որոշել ընդհատել հղիությունը:
Հղիության հիպերէմեզիսի ախտորոշումը
Բժիշկները հղիության հիպերէմեզիս ախտորոշում են, եթե ձգձգվող փսխումները բերում են հղի կնոջ մինչ հղիությունը ունեցած մարմնի կշռի ավելի քան 5% կորստի, ջրազրկման և էլեկտրոլիտային հավասարակշռության խախտման:
Հղիության հիպերէմեզիսի բուժումը
Հղիության հիպերէմեզիսի թեթև դեպքերը կարող է կառավարվել սննդակարգի փոփոխությամբ, հանգիստ կամ անկողնային ռեժիմով և անտացիդներով: Անհրաժեշտ է խրախուսել կանանց ուտել այն, ինչ դուր է գալիս` միաժամանակ ձգտելով օգտագործել առողջ և անվտանգ սնունդ:
Ահա սննդակարգին առնչվող այլ խորհուրդներ ևս՝
- ուտել հաճախակի, փոքր չափաբաժիններով յուրաքանչյուր 1-2 ժամը մեկ, որպեսզի չծանրաբեռնել ստամոքսը
- կոշտ և հեղուկ սնունդը ընդունել առանձին. հեղուկները պետք է օգտագործել կոշտ սննդի ընդունումից առնվազն 30 րոպե առաջ կամ հետո՝ ստամոքսում ծանր զգացողությունը նվազեցնելու նպատակով
- հեղուկներն ավելի լավ է ընդունել սառը վիճակում, գազավորված կամ մի փոքր թթվաշ` փոքր չափաբաժիններով (երբեմն օգնում է ձողիկով խմելը)
- բացառել սուրճի, կծու, սուր հոտ ունեցող, ճարպի բարձր պարունակությամբ, թթու և շատ քաղցր սննդի կիրառումը
- ուտել աղի, չոր, չեզոք համով թեթև ուտեստներ (օր.` ընկուզեղեն, ոլորաբլիթներ, կրեկեր, շիլա, թոսթ)
- խուսափել շատ տաք կամ շատ սառը սնունդ ընդունելուց
- նախապատվությունը տալ ցածր յուղայնության, սպիտակուցների բարձր պարունակությամբ մթերքներին
- սնունդ ընդունել նախքան անկողնուց վեր կենալը և այն ժամանակ, երբ սրտխառնոցը փոքր-ինչ մեղմացած է
- ուտել նախքան քաղց զգալը, որովհետև դատարկ ստամոքսը կարող է ուժգնացնել սրտխառնոցը
- երեկոյան ժամերին թեթև սնունդ ուտելը կարող է օգտավետ լինել (օրինակ` քնելուց առաջ կարելի է ուտել պանրով կրեկեր):
Ձեր բժիշկը կարող է նաև խորհուրդ տալ B վիտամինային կոմպլեքսի ընդունում: Օգտակար կարող են լինել նաև շրջակա միջավայրի գրգռիչ ազդեցության բացառումը, օրինակ՝ տոթ, շոգ կամ խոնավ միջավայր, սուր հոտեր (օծանելիք, քիմիկատներ, սննդի սուր հոտ կամ ծուխ), աղմուկ և տեսողական կամ ֆիզիկական շարժումներ (առկայծող լույսեր, մեքենայի վարում կամ դիրքի հաճախակի փոփոխում և այլն):
Ծանր դեպքերը պահանջում են մասնագիտական բուժում, հաճախ՝ հիվանդանոցային պայմաններում: Ծանր ջրազրկումը և մյուս ախտանիշները բուժում են ներերակային կաթիլային հեղուկներով և փսխումներն ընկճող դեղերով:
Եթե ձեզ մոտ ի հայտ են գալիս անզուսպ փսխումներ, ապա երբեք մի փորձեք ինքնաբուժմամբ զբավել, այլ առանց ուշացնելու տեղեկացրեք ձեր բժշկին կամ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:
Արյան մակարդուկներ և հղիության հիպերէմեզիս
Հղի կնոջ մոտ կրկնվող երկարաձիգ փսխումների պատճառով զարգացող ջրազրկումը կարող է բարձրացնել խորանիստ երակների թրոմբոզի հավանականությունը:
Հոդվածը վերանայվել է՝ 07-06-2021