Բազմաթիվ դպրոցներում առաջարկվում է սեռական կրթություն, բայց պետք չէ այս զգայուն թեման ամբողջապես թողնել միայն դասարանային ուսուցման վրա: Սեռական կթությունը և դաստիարակությունը նաև պետք է իրականացվի տանը: Ահա որոշակի խորհուրդներ այն մասին, թե ինչպես ձեր դեռահաս երեխայի հետ խոսել սեռական կյանքի տարբեր ոլորտներին առնչվող թեմաների շուրջ:
Սեռական դաստիարակության և կրթության հիմունքները կարող են ներառվել առողջության կամ առողջ ապրելակերպի դպրոցական դասընթացում: Սակայն, դեռահասները կարող են չընկալել կամ խորությամբ չհասկանալ այն ամենը, ինչ պետք է իմանալ սեռական հարաբերությունների (սեքսի) վերաբերյալ դժվար կամ ոչ միանշանակ տարբերակներ ընտրելու համար: Սա այն իրավիճակն է, երբ դուք կարող եք օգտակար և կարևոր դեր ստանձնել:
Որքան էլ անհարմար լինի «փակ» թեմաներից խոսելը, սեռական դաստիարակությունը նախ և առաջ ծնողի գործն է: Վաղ և հաճախակի հաղորդակցվելով ձեր դեռահաս երեխայի հետ՝ դուք կարող եք առողջ հիմք ստեղծել նրա սեռական կյանք մուտք գործելու համար:
Ինչպե՞ս «կոտրել սառույցը»
Սեռական կյանքի և սեքսի մասին ձեր երեխայի հետ զրույց նախաձեռնելը կարող է դառնալ խիստ դժվար գործ: Բայց դրանից խուսափելը պակաս դժվար բան չէ: Թվում է, թե սեքսն ամենուր է՝ նորություններ, զվարճանքներ, սոցիալական ցանցեր, գովազդ և այլն: Բայց դուք կարող եք օգտվել դրանցից՝ ձեր խոսակցությունը նախաձեռնելու և շարունակական դարձնելու համար:
Ահա մի քանի գաղափարներ:
- Օգտվեք պահից. երբ սեքսը «հայտնվում է» ֆիլմի, շոուի կամ երգի մեջ, օգտագործեք այն որպես ձեր զրույցը սկսելու միջոց: Առօրյա պահերը, օրինակ՝ մեքենայով տեղ գնալը կամ սուպերմարկետում մթերքներ ընտրելը, հաճախ զրույց նախաձեռնելու լավագույն հնարավորություններն են:
- Խոսեք վաղ և հաճախ. սեռականության և սեքսի վերաբերյալ մեկ անգամ զրույց բացելը բավարար չէ: Սկսեք խոսել ձեր դեռահաս երեխայի հետ անվտանգ սեքսի մասին մինչև նրա դեռահաս տարիքը: Շարունակեք ձեր պարբերական զրույցները մինչև նրա վաղ հասուն տարիքը: Զարգացրեք ձեր խոսակցության ոճը և թեմաներն ըստ ձեր երեխայի տարիքի, աճի և զարգացման:
- Եղեք անկեղծ. եթե քեզ անհարմար եք զգում, հայտնեք այդ մասին: Բայց շարունակեք ձեր խոսքը։ Եթե չգիտեք, թե ինչպես պատասխանել ձեր դեռահաս երեխայի հարցերին, առաջարկեք միասին փնտրել և գտնել պատասխանները:
- Եղեք անմիջական. հստակ արտահայտեք ձեր զգացմունքները սեքսի վերաբերյալ: Ներկայացրեք փաստեր այնպիսի ռիսկերի մասին, ինչպիսիք են հուզական ցավը, սեռական ճանապարհով փոխանցվող վարակները (սեռավարակներ) կամ չնախատեսված հղիությունը: Բացատրեք, որ բերանային (օրալ) սեքսը բնավ «ավանդական» սեռական հարաբերության ռիսկերից ազատ ընտրություն չէ:
- Հաշվի առեք ձեր դեռահաս երեխայի տեսակետը. խիստ խոսակցությունները և վախեցնելու մեթոդները կարող են խզել ձեր անկեղծ հաղորդակցումը և խրախուսել «ապստամբող», ռիսկային վարքագիծը: Դրա փոխարեն, ուշադիր լսեք ձեր դեռահաս երեխային։ Հասկացեք այն միջանձնային կամ միջավայրային ճնշումները, մարտահրավերներն ու մտահոգությունները, որոնք հատուկ են դեռահաս տարիքի անձանց:
- Անցեք փաստերից այն կողմ. ձեր դեռահաս երեխան պետք է իմանա սեքսի մասին կարևոր տվյալներ և փաստեր: Բայց նույնքան կարևոր է խոսել զգացմունքների, վերաբերմունքի և արժեքների մասին: Դեռահասներն ավելի հավանական է, որ ընդունեն ընտանեկան արժեքները, եթե հասկանան իրենց ծնողներին և զգան, որ իրենց նույնպես հասկանում են:
- Կենտրոնացեք բարեկեցության վրա. դեռահասության տարիները հայտնի են որպես ռիսկային վարքագծերի ժամանակաշրջան: Բայց դրանք նաև այն տարիներն են, երբ հիմնավորվում է սեփական անձի մասին հոգ տանելու առողջ վարքագիծը: Բացի ռիսկերի և հետևանքների մասին խոսելուց, մոդելավորեք և ներկայացրեք առողջ փոխհարաբերությունների և ընտրությունների արժեքը:
- Նախաձեռնեք ավելի շատ զրույցներ. ձեր դեռահաս երեխային հասկացրեք, որ ձեզ հետ սեքսի մասին խոսելը լրիվ նորմալ է, երբ նրա մոտ հարցեր կամ մտահոգություններ առաջանան: Քաջալերեք նրա հարցերը, օրինակ, ասելով՝ «ուրախ եմ, որ եկել ես ինձ մոտ»:
Ծանր թեմաներին անդրադառնալը
Դեռահասների սեռական դաստիարակությունը ներառում է ամենատարբեր հարցեր, ինչպիսիք են սեռական հարաբերությունից զերծ մնալը, բռնաբարությունը, գենդերային ինքնությունը, սեռական կողմնորոշումը և այլ «ծանր» թեմաներ: Ուստի, պատրաստ եղեք նրան, որ ձեր երեխան կարող է բարձրացնել ամենատարբեր, այդ թվում՝ «ծանր» հարցեր:
- Ինչպե՞ս իմանալ, որ պատրաստ եմ սեքսին. բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են հասակակիցների ճնշումը, հետաքրքրասիրությունը և միայնությունը, կարող են դեռահասներին բերել վաղ սեռական ակտիվության: Վստահեցրեք ձեր դեռահաս երեխային, որ համբերելը նորմալ է: Սեքսը չափահասների վարքագիծ է: Բայց գոյություն ունեն նաև ինչ-որ մեկի հետ մտերմությունը պահպանելու այլ եղանակներ ևս: Բացատրեք, որ ինտիմ զրույցները, երկար զբոսանքները, ձեռքերը բռնելը, երաժշտություն լսելը, պարելը, համբուրվելը, հպվելը և գրկախառնվելը փոխադարձ սիրալիրությունը կիսելու ապահով միջոցներ են:
- Ի՞նչ անել, եթե զուգընկերս ցանկանում է սեքս անել, իսկ ես՝ ոչ. բացատրեք, որ «ոչ»-ը միշտ նշանակում է «ոչ»: Սեքսը երբեք չպետք է հարկադրվի կամ պարտադրվի: Հարկադիր սեքսի ցանկացած ձև բռնաբարություն է, անկախ նրանից՝ դա արվել է անծանոթի կամ մեկի կողմից, ում հետ ձեր դեռահաս երեխան ժամադրվել է: Մանրամասնեք ձեր երեխային, որ ալկոհոլը և ապօրինի թմրամիջոցները կարող են թուլացնել մարդկանց որոշումները: Եվ դրանք կարող են հանգեցնել նրան, որ մարդիկ ընդունեն ոչ խելամիտ որոշումներ: Բռնաբարությունը և այլ վտանգավոր իրավիճակները ավելի հավանական են դառնում ալկոհոլի և ապօրինի թմրամիջոցների ազդեցության տակ:
- Արդյո՞ք ես լեսբուհի եմ, գեյ, բիսեքսուալ կամ տրանսգենդեր. բազմաթիվ դեռահասներ կարող են հարցեր ունենալ իրենց սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության կամ դրսևորման մասին: Օգնեք ձեր դեռահաս երեխային հասկանալ, որ դեռահասները նոր են սկսում ուսումնասիրել սեռական գրավչությունը: Այս զգացմունքները կարող են ժամանակի ընթացքում փոփոխվել, և նույնիսկ եթե չփոխվեն, դա էլ է նորմալ: Ձեր դեռահաս երեխայի սեռական կողմնորոշմանը, գենդերային ինքնությանը կամ դրսևորմանը բացասական պատասխան տալը կարող է բացասական ազդեցություն ունենալ: ԼԳԲՏ երիտասարդները սեռավարակների, ապօրինի թմրամիջոցների չարաշահման, դեպրեսիայի և ինքնասպանության փորձի ավելի մեծ ռիսկի են ենթարկվում: Ընտանիքի կողմից երեխային ընդունելն այնպիսին, ինչպիսին կա, կարող է պաշտպանել այս ռիսկերից: Բոլոր դեպքերում, ձեր դեռահաս երեխան պետք է համոզվի, որ ձեր սերը նրա հանդեպ վեր է ամեն ինչից:
Առողջ փոխհարաբերություններն ընդդեմ անառողջի
Ժամադրության դեպքում բռնությունը տեղի է ունենում ավելի հաճախ, քան բազմաթիվ դեռահասներ կամ չափահասներ կարող են կարծել: 12 դեռահասից 1-ը հայտնել է, որ առնչվել է ֆիզիկական կամ սեռական բռնության դեպքի հետ: Ուստի, կարևոր է ունենալ նման փաստեր և դրանք ներկայացնել ձեր դեռահաս երեխային:
Ուշադրություն դարձրեք ծանոթություններին և ժամանադրություններին հետևող բռնության նախազգուշական նշանների վրա: Ահա որոշ օրինակներ՝
- ալկոհոլի կամ ապօրինի թմրամիջոցների օգտագործում
- ընկերներից և սոցիալական միջոցառումներից օտարում
- զուգընկերոջ պահվածքի արդարացում
- զուգընկերոջ հետ հանդիպելիս վախ
- հետաքրքրության կորուստ դպրոցի կամ նախկինում սիրելի զբաղմունքների նկատմամբ
- կասկածելի կապտուկներ, քերծվածքներ կամ այլ վնասվածքներ:
Բռնի հարաբերությունների մեջ գտնվող դեռահասները ենթարկվում են երկարաժամկետ հետևանքների ավելի բարձր ռիսկի: Դրանցից են վատ գնահատականները, շատ ալկոհոլ օգտագործելը և ինքնասպանության փորձերը: Վաղ անառողջ հարաբերությունների հուզական ազդեցությունը նաև կարող է հիմք ստեղծել ապագա դժբախտ, բռնի հարաբերությունների համար:
Խոսեք ձեր դեռահաս երեխայի հետ առողջ փոխհարաբերությունների կարևորության մասին: Մոդելավորեք առողջ փոխհարաբերություններ՝ որպես օրինակ ներկայացնելով ձեր շփումները նրա և այլոց հետ: Այն դասերը, որոնք այսօր ձեր դեռահասը սովորում է հարգանքի, սահմանների և ճիշտն ու սխալը հասկանալու մասին, կփոխանցվեն նրա ապագա հարաբերություններում:
Վարքագծին արձագանքելը
Եթե ձեր դեռահաս երեխան դարձել է սեռապես ակտիվ, ավելի քան երբևէ կարևոր է նրա հետ ձեր զրույցը շարունակելը: Նույնիսկ եթե կարծում եք, որ ձեր երեխան պատրաստ չէ նման զրույցներին, եղեք բաց, բայց՝ անկեղծ ձեր մոտեցման մեջ: Հիշեցրեք նրան, որ դուք ակնկալում եք, որ նա լուրջ կվերաբերվի սեքսին և իր պարտականություններին վերաբերվող հարցերին:
- Ընդգծեք անվտանգ սեքսի կարևորությունը:
- Բեղմնականխում. համոզվեք, որ ձեր դեռահաս երեխան հասկանում է, թե ինչպես ընդունել կամ օգտագործել հակաբեղմնավորիչներ, ինչպիսիք են պահպանակները և հակաբեղմնավորիչները:
- Հավատարմության խթանում․ հավատարիմ և մոնոգամ սեռական փոխհարաբերությունը նպաստում է վստահության ու հարգանքի ամրապնդմանը` միաժամանակ նվազեցնելով սեռավարակների ռիսկը:
- Սահմանեք խելամիտ սահմաններ․ կիրառեք «պարետային ժամ»՝ տուն վերադառնալու համար և ընկերների հետ հանդիպման կանոններ: Սա հատկապես կարևոր է, եթե նկատում եք սեռական գրավչություն ձեր դեռահաս երեխայի և որոշ ընկերների միջև:
Ձեր դեռահաս երեխայի ընտանեկան բժիշկը նույնպես կարող է օգնել: Սովորական այցը կարող է ձեր դեռահասին հնարավորություն տալ, որ սեռական առողջության մասին խոսի միայն բժշկի հետ: Բժիշկը կարող է օգնել ձեր դեռահասին բեղմնականխման և անվտանգ սեքսի մասին հարցերի պարզաբանման մեջ: Բժիշկը նաև կարող է օգնել ձեզ, որ ձեր դեռահաս երեխային ներկայացնեք անվտանգ սեքսի վերաբերյալ ճիշտ տեղեկություններ:
Բժիշկը նաև կարող է բացատրել մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) ստանդարտ պատվաստման կարևորությունը: Այս պատվաստանյութը պաշտպանում է բոլոր սեռերի մարդկանց սեռական օրգանների գորտնուկներից և արգանդի վզիկի, հետանցքի, բերան-ըմպանի և առնանդամի քաղցկեղից: Այս պատվաստանյութը սովորաբար առաջարկվում է 9-ից 26 տարեկանում, սակայն երբեմն հասանելի է 26 տարեկանից բարձր մարդկանց համար:
Նայելով առաջ
Ձեր առաջնորդությունը չափազանց կարևոր է, որ դեռահաս երեխան դառնա սեռական առումով պատասխանատու չափահաս: Եղեք անկեղծ և խոսեք ի սրտե: Եթե թվում է, որ ձեր երեխան հետաքրքրված չէ սեքսի մասին ձեր ասելիքով, ամեն դեպքում ասեք ձեր խոսքը: Նույնիսկ եթե նա ձեր խոսքին չի արձագանքում, հավանաբար լսում է, թե ինչ եք հորդորում:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-05-2024
Վերջին վերանայում՝ 23-05-2024