Երբ առողջ մանկահասակ երեխան հիվանդանում է, պետք չէ խուճապի մատնվել: Հասկացեք, թե երբ պետք է նրա բժշկին տեղեկացնել և երբ շտապ օգնություն կանչել ձեր երեխայի համար:
Երբ ունեք նորածնային տարիքի կամ մանկահասակ երեխա, երբեմն վարակներն ու ջերմությունը կարող են անխուսափելի լինել: Բայց նույնիսկ այն ծնողները, ովքեր հիվանդ երեխային խնամելու փորձ ունեն, կարող են դժվարությամբ տարբերել նրա սովորական անհանգստությունը և թեթև հիվանդությունները լուրջ առողջական խնդիրներից: Ահա, թե երբ է պետք դիմել ձեր երեխայի բժշկինն և երբ՝ կանչել շտապ օգնություն ձեր հիվանդ երեխայի համար:
Ե՞րբ կապ հաստատել երեխայի բժշկի հետ
Ձեր նորածնի կամ մանկահասակ երեխայի հազվադեպ վատառողջ լինելը սովորաբար անհանգստանալու պատճառ չէ, եթե նա այլապես առողջ է, բայց երբեմն ավելի ապահով է դիմել բժշկի օգնությանը: Ուշադրություն դարձրեք այս գանգատների և ախտանիշների վրա:
- Ախորժակի փոփոխություններ. եթե ձեր նորածին երեխան հրաժարվում է մի քանի անգամ անընդմեջ կերակրումից կամ վատ է ուտում, դիմեք բժշկին:
- Փոփոխություններ վարքագծում. եթե ձեր նորածին կամ մանկահասակ երեխան անսովոր քնկոտ է կամ դժվարությամբ է արթնանում, անմիջապես տեղեկացրեք բժշկին: Հայտնեք նրան, թե արդյոք ձեր երեխան թուլացած է թվում, սովորականից շատ է լաց լինում կամ շատ դժվար է հանդարտվում:
- Լարված պորտ կամ առնանդամ. կապ հաստատեք ձեր նորածնի բժշկի հետ, եթե նրա պորտի շրջանը կամ առնանդամը հանկարծակի կարմրում են, սկսում են արտահոսել կամ արյունահոսել:
- Ջերմություն.
- Եթե ձեր նորածին երեխան 3 ամսականից փոքր է, ցանկացած բնույթի ջերմության դեպքում դիմեք բժշկին:
- Եթե երեխան 3-ից 6 ամսական է և ունի մինչև 38,9° C ջերմաստիճան և թվում է վատառողջ կամ ունի 38,9° C կամ ավելի բարձր ջերմաստիճան, դիմեք բժշկին:
- Եթե երեխան 6-ից 24 ամսական է և ունի 38,9° C կամ ավելի բարձր ջերմաստիճան, որը տևում է մեկ օրից ավելի, բայց այլ գանգատներ կամ ախտանիշներ չի դրսևորում, դիմեք բժշկին: Եթե երեխան նաև ունի այլ գանգատներ կամ ախտանիշներ, ինչպիսիք են մրսածությունը, հազը կամ փորլուծությունը, կարող եք ավելի շուտ դիմել ձեր բժշկին՝ ելնելով դրանց ծանրության աստիճանից:
- Եթե ձեր երեխան ունի ջերմություն, որը տևում է ավելի քան երեք օր, դիմեք բժշկին:
- Փորլուծություն. կապ հաստատեք բժշկի հետ, եթե ձեր երեխան ունի ավելի քան երեք կղազատում, և աղիքների պարունակությունը խիստ թուլացած կամ ջրիկ է:
- Փսխում. երբեմն-երբեմն նորածին երեխայի ստամոքսի պարունակության բերանով ակամա արտահոսքը նորմալ երևույթ է: Փսխումն առաջանում է, երբ այդ արտահոսքը հարկադրաբար է և դուրս է ցայտում, այլ ոչ թե բերանից թույլ հոսում: Կապ հաստատեք բժշկի հետ, եթե ձեր երեխան կերակրվելուց հետո ուժգին փսխում է կամ չի կարողացել խմած հեղուկները պահել ութ ժամվա ընթացքում:
- Ջրազրկում (դեհիդրատացիա). կապ հաստատեք բժշկի հետ, եթե ձեր նորածին կամ մանկահասակ երեխան լաց է լինում ավելի քիչ արցունքներով, ունի բերանի չորություն կամ զգալիորեն ավելի հազվադեպ եք փոխում նրա թաց տակդիրները: Նաև դիմեք բժշկին, եթե ձեր նորածնի գլխի փափուկ գաղթունը թվում է ներս ընկած (ներս քաշված):
- Փորկապություն. եթե ձեր երեխան մի քանի օրվա ընթացքում սովորականից ավելի քիչ է աղիքների դատարկում է ունենում, և նրա կղազատումը թվում է դժվարացած կամ անհարմարություն պատճառող, դիմեք բժշկին: Եթե կարծում եք, որ երեխան փորկապ է և փսխում է կամ որովայնի փքվածություն ունի, անմիջապես զանգահարեք բժշկին:
- Մրսածություն. կապ հաստատեք բժշկի հետ, եթե ձեր նորածին կամ մանկահասակ երեխան ունի մրսածություն, որը խանգարում է նրա շնչառությանը կամ ունի 10 օրից ավելի տևող ախտանիշներ, ականջի ցավ կամ մեկ շաբաթից ավելի ձգվող հազ:
- Ցան. կապ հաստատեք բժշկի հետ, եթե ցանը թվում է վարակված կամ ձեր երեխայի մոտ հանկարծակի առաջանում է անբացատրելի ցան, հատկապես, եթե ուղեկցվում է ջերմությամբ:
- Աչքից արտադրություն. եթե ձեր երեխայի մեկ կամ երկու աչքերը կարմրած են, այտուցված կամ առկա է աչքից լորձային արտադրություն, դիմեք բժշկին:
Եթե անհանգստացած եք ձեր նորածին կամ մանկահասակ երեխայի ախտանիշներով, մի՛ երկմտեք և համարձակորեն զանգեք նրա բժշկին:
Ե՞րբ դիմել անհետաձգելի բուժօգնության
Զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն կամ դիմեք անհետաձգելի օգնության, եթե ձեր նորածին կամ մանկահասակ երեխայի մոտ նկատում եք՝
- արյունահոսություն, որը չի դադարում
- թունավորում
- ցնցումներ
- մեծ կամ խոր կտրվածքներ, այրվածքներ կամ ծխի ներշնչում
- բերանի կամ դեմքի մեծ վնասվածքներ
- գլխի վնասվածքներ, որոնց հետևում են գիտակցության փոփոխություններ, շփոթվածություն, ուժեղ գլխացավեր, բբերի չափերի փոփոխություններ կամ անզուսպ փսխումներ
- կտրուկ շնչարգելություն (հևոց) կամ գրեթե շնչահեղձություն:
Անհետաձգելի բուժօգնություն պահանջող այլ ախտանիշներից են՝
- դժվարաշնչություն
- գիտակցության կորուստ, տարօրինակ պահվածք կամ քնկոտություն
- կապտած կամ մոխրագույն մաշկ կամ շրթունքներ
- սաստկացող կամ ուժեղ ցավ կամ խիստ անհանգստություն:
Նախապես պատրաստվեք արտակարգ իրավիճակներին՝ այցերի ժամանակ ձեր երեխայի բժշկին հարցնելով, թե ինչ անել և ուր գնալ, եթե ձեր երեխան շտապ օգնության կարիք ունի: Իմացեք առաջին օգնության հիմնական քայլերը, այդ թվում՝ սիրտ-թոքային վերակենդանացման միջացառումները և ձեռքի տակ ունեցեք շտապ օգնության հեռախոսահամարներն ու մոտակա կլինիկաների հասցեները:
Պատրաստ եղեք՝ պատասխանելու մի շարք հարցերին
Պատրաստ եղեք օգնել բուժանձնակազմին հասկանալու, թե ինչ է կատարվում ձեր երեխայի հետ: Ակնկալեք հարցեր հետևյալի մասին:
- Ձեր երեխայի ախտանիշները. ի՞նչը ձեզ դրդեց երեխայի համար դիմել բուժօգնության:
- Ձեր երեխայի առողջության կամ հիվանդության պատմությունը (անամնեզ). արդյո՞ք ձեր երեխան ունի որևէ հայտնի ալերգիա: Արդյո՞ք ձեր երեխան ստացել է բոլոր ժամկետային պատվաստումները: Արդյո՞ք ձեր երեխան ունի որևէ քրոնիկ հիվանդություն: Պատրաստ եղեք նաև անհրաժեշտության դեպքում տեղեկացնելու ձեր հղիության և երեխայի ծննդյան մասին մանրամասներ:
- Ձեր երեխայի կերակրման և կղազատման փոփոխություններ. արդյո՞ք նկատել եք փոփոխություններ ձեր երեխայի ուտելու կամ խմելու բնույթի, թաց տակդիրների քանակի կամ կղանքի քանակի, ծավալի կամ բնույթի մեջ:
- Ձեր երեխայի մարմնի ջերմաստիճանի փոփոխություններ. որքա՞ն է ձեր երեխայի ջերմաստիճանը: Ինչպե՞ս եք չափել և ո՞ր ժամին:
- Տնային միջոցներ և դեղամիջոցներ. արդյո՞ք ձեր երեխան ընդունում է սովորական կամ դեղատոմս պահանջող որևէ դեղամիջոց: Եթե այո, ապա ի՞նչ, որքա՞ն և ե՞րբ: Եթե կասկածում եք, որ երեխան պատահաբար թույն կամ դեղամիջոցներ է կուլ տվել, ձեզ հետ վերցրեք և ցույց տվեք դրանց դեղատուփը կամ շշիկը:
- Հնարավոր ազդեցություններ. արդյո՞ք ձեր ընտանիքում կամ երեխայի խնամքի հաստատությունում որևէ մեկը հիվանդ է: Արդյո՞ք վերջերս ճանապարհորդել եք ձեր երեխայի հետ: Արդյո՞ք ընտանիքի անդամները ստացել են ժամկետային կամ անհրաժեշտ պատվաստումները, ինչպիսիք են COVID-19-ի կամ գրիպի դեմ պատվաստանյութերը:
Մինչև ձեր երեխայի բժշկի հետ կապ հաստատելը, համոզվեք, որ պատրաստ եք գրառել ցանկացած հրահանգ: Ձեռքի տակ ունեցեք ձեր մոտակա դեղատան կոնտակտային տվյալները:
Պատրաստ լինելը կխնայի ձեր և ձեր երեխայի բժշկի ժամանակը հեռախոսազանգի, գրասենյակ այցելության կամ արտակարգ իրավիճակների ժամանակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-05-2024
Վերջին վերանայում՝ 24-05-2024