Երբ երեխան հիվանդ է, ձեր ամենակարևոր գործը պետք է լինի նրան լսելը:
Եթե նա ասում է, որ անկողնում մնալ չի ցանկանում, գուցե իրոք դրա կարիքը չկա։ Միգուցե ավելի ճիշտ կլինի նրան բազմոցին պառկեցնելը՝ թեթև վերմակով կամ ծածկոցով:
Անկախ նրանից, ձեր երեխան ննջարանում է թե սենյակներից մեկում բազմոցին պառկած, կան բաներ, որոնք կարող են օգնել նրա ինքնազգացողության բարելավմանը:
- Սենյակը պահեք լավ օդափոխվող վիճակում: Չափից դուրս տաք ջերմաստիճանը կարող է ավելի վատացնել երեխայի ինքնազգացողությունը:
- Մի՛ թողեք, որ ձեր տանը ծխեն:
- Երեխային տվեք շատ հեղուկներ։ Ուշադրություն դարձրեք, որ այդ օրերին երեխան ստանա օրական հասանելիք հեղուկները:
- Հիշեք, որ ջերմող երեխան նաև շատ ջուր է կորցնում։ Ուստի, եթե երեխայի մոտ կա ջերմության բարձրացում, ուրեմն նա պետք է ստանա սովորականից ավելի շատ հեղուկներ:
- Առաջին մի քանի օրը սնունդ տալու համար մի անհանգստացրեք նրան: Երբ ախորժակ ունենա, ինքը կասի այդ մասին։ Դրա փոխարեն, կարող եք ժամանակ առ ժամանակ հիշեցնել թարմ մրգերի կամ կաթ խմելու մասին:
- Երեխային ավելի շատ ժամանակ տվեք հանգստանալու, հանգիստ խաղերով զբաղվելու և հարմարավետ միջավայրում գտնվելու համար: Հիվանդ երեխան սովորաբար ունի հոգնածության զգացում, ուստի՝ հանգստի և քնի ավելի շատ կարիք։ Օգնեք նրա ննջելուն՝ պատմելով հեքիաթներ կամ միացնելով աուդիոգրքեր:
- Երբեք մի՛ քնեք ձեր երեխայի հետ միասին նույն անկողնում կամ նույն բազմոցին։ Նման դեպքերում դուք ոչ թե օգնում, այլ խանգարում եք միմյանց: Նորածինների դեպքում նույն անկողնում քնելը բերում է հանկարծակի մահվան հավանականության բարձրացման:
- Հոգ տարեք այն մասին, որ ձեր հիվանդ երեխան առանձնանա տան մյուս երեխաներից և ընտանիքի «ռիսկի խմբի» անդամներից՝ նորածիններ, հղիներ, բարձր տարիքով մարդիկ։ Հիշեք, որ երեխայի հիվանդությունը կարող է լինել վարակիչ, իր համար՝ անվտանգ, սակայն «ռիսկի խմբի» մարդկանց համար՝ վտանգավոր:
- Սա նշանակում է նաև, որ հիվանդության և լավացման ընթացքում պետք է ժամանակավորապես ընդհատել երեխայի մսուր-մանկապարտեզ կամ դպրոց հաճախելը:
- Երեխայի խնամքը նաև ձեզ համար խիստ հոգնեցուցիչ է: Ուստի ժամանակ գտեք և հանգստացեք ինքներդ, հատկապես, եթե գիշերը ստիպված եք եղել արթուն անցկացնել: Նման դեպքերում կարելի է կազմակերպել «տնային հերթապահություն», երբ ընտանիքի անդամներով հերթով փոխարինում եք մեկդ մյուսին:
- Բոլոր դեպքերում, երեխայի վիճակի մասին տեղեկացրեք ձեր բժշկին և հետևեք նրա խորհուրդներին:
Ե՞րբ անհանգստանալ
Շտապ դիմեք բուժօգնության, եթե երեխան ունի բարձր ջերմություն և այս նշաններից մեկը կամ մի քանիսը՝
- խիստ հիվանդ տեսք
- շնչառության հետ կապված խնդիրներ, օրինակ՝ շնչարգելություն կամ հևոց
- պարանոցի լարվածություն
- լույսն ազդում է աչքերի վրա
- նորածին երեխայի գաղթունը «փքվել» կամ «ներս է ընկել»
- անսովոր քնկոտություն և քնից դժվարությամբ արթնացում
- առկա են ցնցումներ կամ ցնցումային հիվանդությամբ երեխայի մոտ ջղաձգումները շարունակվում են ավելի քան 5 րոպե:
Անհետաձգելի բուժօգնության համար զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն։
Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2018
Վերջին վերանայում՝ 27-04-2024