«Սպիդը» ամֆետամինային շարքի խթանիչ թմրամիջոց է, որն արագացնում է դեպի ուղեղ և հակառակ ուղղությամբ նյարդային ազդանշանների հաղորդումը:
«Սպիդը» առաջացնում է երջանկության զգացում և ներուժի «վերելք», սակայն՝ նաև պարանոիդ, տագնապ կամ փսիխոզ։
Բժիշկները կարող են նշանակել որոշ ամֆետամինային օրինական դեղեր, օրինակ՝ ուշադրության պակասի գերակտիվության խանգարման (ՈւՊԳԽ) բուժման մեջ։ Մյուս ամֆետամինները, օրինակ՝ «սպիդը» և «սառույցը», արտադրվում և վաճառվում են միայն ապօրինի ճանապարհով։
«Սպիդը» սև շուկայում հայտնվում է որպես փոշի, հաբ կամ պատիճ, որը կարելի է կուլ տալ, ներարկվել, ծխել կամ քթով ներս քաշել։
«Սպիդի» ազդեցությունները
«Սպիդը» թիրախավորում է ձեր գլխուղեղի «պարգևատրման համակարգը» և առաջացնում երջանկության, ինքնավստահության և ներուժի «վերելքի» զգացումներ։ Բազմաթիվ մարդկանց մոտ կանոնավոր օգտագործելիս զարգանում է այս ազդեցությունների նկատմամբ հակում։
Հոգեկան առողջության խնդիրներ
Կան «սպիդի» հետ կապված հոգեկան առողջության բազմաթիվ խնդիրներ։ Դրանց մեծ մասը պայմանավորված է թմրամիջոցի ազդեցության թուլացմանն ուղեկցող զրկանքի կամ երկարատև օգտագործման հետ։ Դրանցից են՝
- դեպրեսիա և տագնապ
- քնի դժվարացում
- պարանոյա, ցնորքներ և գիտակցության խառնաշփոթ վիճակ
- դյուրագրգռություն, տրամադրության շեղումներ և խուճապի նոպա
- հիշողության և ուշադրության հետ կապված խնդիրներ
- բռնություններով ուղեկցվող վարքագիծ։
Մեծ դեղաչափերը և հաճախակի օգտագործումը կարող է առաջացնել ամֆետամինային փսիխոզ, որը շատ նման է պարանոիդ շիզոֆրենիային՝ ցնորքներ, անսովոր բռնարարքներ և ագրեսիվ վարքագիծ։
«Սպիդային հարբածությունը» կապված է նաև անխոհեմ և ագրեսիվ վարքագծի հետ։
Ֆիզիկական և հոգեկան առողջության խնդիրներից բացի թմրամիջոցը բարձրացնում է նաև սոցիալական, աշխատանքային և ֆինանսական խնդիրների ռիսկը։
«Սպիդից» զրկանքը
Թմրամիջոցի օգտագործման կտրուկ դադարեցումը դժվար է, սակայն զրկանքի ախտանիշները սովորաբար սկսում են մեղմանալ մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս ընթացքում դուք կարող եք զգալ հետևյալ նշանները՝
- թմրամիջոցն օգտագործելու մեծ ցանկություն
- խիստ քաղցի զգացում
- շփոթվածություն և դյուրագրգռություն
- անուժության զգացում
- քնի խանգարումներ
- անհանգստություն ու տագնապ, դեպրեսիա և պարանոիդ վիճակ
- ողջ մարմնով տարածվող տարաբնույթ ցավեր։
Հոդվածը հրապարակվել է՝ 24-05-2019
Վերջին վերանայում՝ 31-07-2024