Հոգեներգործում կամ հոգեակտիվ նյութերի օգտագործման խանգարումները պայմանավորված են ալկոհոլի, ծխախոտի կամ այլ թմրամիջոցների չափից դուրս շատ օգտագործմամբ:
Այս հիվանդություններն այլ կերպ կոչվում են «hոգեներգործուն նյութերի չարաշահում», «hոգեներգործուն նյութերից կախվածություն» կամ «hոգեներգործուն նյութերի նկատմամբ հակում»:
Զարգացած երկրներում 20-ից 1-ն ունի հոգեներգործուն նյութերի (ՀՆՆ) չարաշահման խնդիր, որը կարող է առաջացնել գլխուղեղի և այլ օրգանների երկարատև ընթացքով ախտահարումներ: ՀՆՆ չարաշահումը հոգեկան հիվանդությունների հիմնական պատճառն է:
Աշխարհում ամենահաճախ չարաշահվող ՀՆՆ ծխախոտն է և ալկոհոլը:
Ծխելը համարվում է հիվանդությունների և մահվան ամենականխարգելելի պատճառը: Ծխախոտի օգտագործումը տարածված է հատկապես ցածր և ցածր-միջին եկամուտներով երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Ալկոհոլը հակում և կախվածություն առաջացնելուց բացի ունի նաև կարճաժամկետ և երկարաժամկետ այլ բացասական հետևանքներ: Օրինակ, ալկոհոլ օգտագործած վիճակում բարձրանում է դժբախտ պատահարների ու ավտովթարների, վնասվածքների և բռնությամբ ուղեկցվող վարքագծերի առաջացման ռիսկը: Ալկոհոլի մշտական չարահաշումը կարող է բերել լյարդի հիվանդության և հոգեկան խանգարումների: Զարգացած երկրներում 6 մարդուց 1-ի մոտ ալկոհոլի օգտագործումը կարելի է գնահատել ռիսկային:
ՀՆՆ չարաշահումը ներառում է նաև թմրամիջոցների օգտագործման խանգարումները, որոնք պայմանավորված են հիմնականում ապօրինի թմրամիջոցներով (օրինակ՝ կանաբիս կամ ամֆետամիններ) և շատ ավելի հազվադեպ դեղատոմսով դուրս գրվող դեղերով (օրինակ՝ ցավազրկողներ և քնաբերներ): Երկու դեպքում էլ խնդիրն առաջանում է այս նյութերի ոչ բժշկական օգտագործմամբ: Ապօրինի թմրամիջոցների չարաշահումը բերում է հոգեկան խանգարումների ռիսկի կտրուկ բարձրացման: Այս նյութերից ավելի հաճախ աշխարհում չարաշահվում են կանաբիսը, ապօրինի ափիոնատիպ նյութերը (օրինակ՝ հերոին), ՄԴՄԱ-ն (էքստազի), կոկաինը, ամֆետամիններն («սպիդ») ու մեթամֆետամինները («սառույց», «բյուրեղ»):
ՀՆՆ չարաշահման նշանները
Բազմաթիվ մարդկանց համար ալկոհոլը շփվելու և ժամանցի միջոց է: Նրանք կարող են առանց որևէ խնդիր ունենալու օգտագործել ալկոհոլ իրենց ողջ կյանքի ընթացքում: Սակայն, երբ ինչ-որ մեկը կորցնում է ալկոհոլի կամ թմրամիջոցների նկատմամբ վերահսկողությունը, դրանք դառնում են տարբեր խնդիրների պատճառ՝ սկսած վնասվածքներից ու վերջացրած փոխհարաբերություններում, աշխատավայրում և ամենուր զարգացող խնդիրներով:
ՀՆՆ չարաշահող մարդկանց մոտ կարող է զարգանալ կախվածություն: Սա նշանակում է, որ նրանք այլևս չեն զգում իրենց ՀՆՆ սովորական ազդեցությունը և երբ դադարեցնում են իրենց «դեղի» օգտագործումը, զգում են հակում (կրկին օգտագործելու անզսպելի ցանկություն) կամ զրկանքի ախտանիշներ («լոմկա»):
Որևէ անձի մոտ ՀՆՆ չարաշահման մյուս նշաններից են՝
- կանոնավոր կերպով օգտագործում է ավելի մեծ քանակով ՀՆՆ, քան ի սկզբանե նախատեսել էր
- պարբերաբար փորձում է կրճատել կամ դադարեցնել օգտագործումը, որը չի հաջողվում
- սկսում է շատ ավելի մեծ ժամանակ ծախսել ՀՆՆ գտնելու, օգտագործելու կամ բուժման վրա
- ՀՆՆ օգտագործելու նկատմամբ հակում՝ անհագուրդ ցանկություն
- ՀՆՆ օգտագործման պատճառով հաճախ անհաջողության է մատվում աշխատավայրում, տանը կամ դպրոցում ստանձնած պարտականությունների կատարման մեջ
- շարունակում է ՀՆՆ օգտագործել, նույնիսկ երբ այն առաջացրել է փոխհարաբերությունների խնդիրներ
- ՀՆՆ օգտագործման պատճառով անտեսում է հանրային, աշխատանքային կամ հանգստի ու ժամանացի հետ կապված գործերը
- օգտագործում է ՀՆՆ նորից ու կրկին, նույնիսկ եթե տեղյակ է հնարավոր վնասների կամ վտանգների մասին
- շարունակում է ՀՆՆ օգտագործել, նույնիսկ եթե գիտի, որ այդ նյութերով է պայմանավորված իր մոտ առկա ֆիզիոլոգիական խնդիրները կամ այդ խնդիրների ծանրացումը
- տոլերանտություն. ՀՆՆ այլևս չի ազդում այնպես, ինչպես նախկինում, որի պատճառով ստիպված է մեծացնել օգտագործման չափը
- զրկանքի ախտանիշներ. ֆիզիկական հիվանդության զգացում, երբ չի օգտագործում ՀՆՆ կամ օգտագործելուց կամ դրա քանակն ավելացնելուց հետո այդ նշանների մեղմացում:
ՀՆՆ չարաշահումը և հոգեկան առողջությունը
Ալկոհոլը կարելի է համարել ամենալայն օգտագործվող «սոցիալական թմրամիջոցը»: Որոշ մարդկանց մոտ ալկոհոլը կարող է բարձրացնել դեպրեսիայի, տագնապային խանգարումների և այլ հոգեկան հիվանդությունների ռիսկերը: Միևնույն ժամանակ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ ավելի հավանական է, որ չարաշահեն ալկոհոլ, քան մյուս մարդիկ: Ալկոհոլը նաև նվազեցնում է հակադեպրեսանտների և այլ դեղերի արդյունավետությունը: Ալկոհոլի կարճաժամկետ ազդեցություններից են նաև բռնությունը և ինքնասպանության վարքագիծը:
Ալկոհոլի նման, ապօրինի թմրամիջոցները ավելի հավանական է, որ կօգտագործվեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց կողմից:
Հոգեկան առողջության խնդիրները բարձրացնում են ոչ միայն ալկոհոլի, այլև ապօրինի թմրամիջոցների չարաշահման ռիսկը: Նման դեպքերում մարդիկ օգտոգործում են թմրամիջոցներ, որպեսզի մեղմացնեն իրենց հոգեկան բնույթի ախտանիշները և բարելավեն ինքնազգացողությունը: Այլ մարդկանց մոտ թմրամիջոցը կարող է դառնալ հոգեկան հիվանդության առաջին դրվագի դրդապատճառը (տրիգեր):
ՀՆՆ չարաշահման բուժումը
Կան ՀՆՆ նկատմամբ հակման և չարաշահման բուժման տարբեր մոտեցումներ ու մեթոդներ՝ սկսած խորհրդատվությունից մինչև հիվանդանոցային բուժում: Սովորաբար բուժման մեթոդն ընտրվում է ըստ առաջացրած ՀՆՆ տեսակի և կախվածության ծանրության աստիճանի:
Թույլ կախվածությունը կարող է բուժվել սովորական խորհրդատվությամբ և ապրելակերպի փոփոխություններով: Ալկոհոլից կամ հերոինից ծանր կախվածությունը կարող է պահանջել հիվանդանոցային բուժում:
Բուժումը կարող է սկսվել դետոքսիֆիկացիայով («դետոքս»), որի ժամանակ դադարեցվում է ՀՆՆ օգտագործումը և անցկացվում է դեղորայքային բուժում՝ մինչև արյունը մաքրվի այդ նյութերից:
Վերականգնումը (ռեաբիլիտացիա կամ «ռեհաբ») երկարատև բուժում է, որը կարող է կազմակերպվել ինչպես քաղաքամերձ կլինիկայում, այնպես էլ տանը: Այն սովորաբար ներառում է հոգեբանական բուժման մեթոդներ՝ ուղղված ՀՆՆ օգտագործման դրդապատճառների վերացմանը կամ մեղմացմանը:
Եթե ՀՆՆ չարաշահող մարդու մոտ զարգացել է ուղեկցող որևէ հոգեկան խանգարում, բուժումը դառնում է երկակի՝ ուղղված ինչպես հակումն ու կախվածությունը մեղմացնելուն, այնպես էլ հոգեկան ախտանիշները կառավարելի դարձնելուն:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-05-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024