Եթե ինչ-որ մեկը համակված է ինքնասպանության մտքերով, սովորաբար շրջապատին տալիս է իր մտադրության մասին որոշ հուշող նշաններ:
Այս իմաստով, ինքնասպանության դեպքի կանխարգելումն առաջին հերթին այդ նշանները ճանաչելն ու հասկանալն է, դրանք լուրջ ընդունելը և համապատասխան միջոցներ ձեռնարկելը:
Այս հոդվածը ներկայացնում է ինքնասպանության նախազգուշացնող նշանները և նման ազդակներ ստանալիս ճիշտ քայլեր ձեռնարկելը: Հիշեք, որ եթե ձեր հարազատներից, ընկերներից մեկնումեկի կամ շրջապատի մեկ այլ մարդու մոտ նկատում եք մոտալուտ ինքնասպանության մասին վկայող նշաններ, դուք կարող եք դառնալ այն միակ մարդը, ով կարող է փրկել նրա կյանքը:
Անհետաձգելի օգնություն
Եթե կարծում եք, որ ինչ-որ մեկի մոտ առկա է իր կյանքին վերջ տալու լուրջ մտադրություն, առանց հապաղելու դիմեք անհետաձգելի մասնագիտական օգնության ծառայություններին: Ըստ իրավիճակի, դուք կարող եք առանց հետաձգելու՝
- զանգել 1-03 և կանչել շտապբուժօգնություն
- զանգել 1-02 և կանչել ոստիկաններին
- զանգել 911 և կանչել փրկարարներին
- եթե ծանոթ եք, զանգել այդ մարդու բժշկին, ընտանիքի անդամներին կամ ընկերներին:
Ըստ իրավիճակի, դուք կարող եք կապ հաստատել մեկից ավելի կամ բոլոր ծառայությունների հետ: Արեք դա տվյալ մարդուց աննկատ:
Սակայն ցանկալի է, որ անհետաձգելի օգնություն կանչելուց բացի այդ մարդուն չթողնեք միայակ՝ իր խնդիրների ու մտքերի հետ դեմ հանդիման: Փորձեք մոտենալ և զրույցի բռնվել նրա հետ կամ, ծայրահեղ դեպքում, հետևել նրան մոտիկից՝ ամեն պահի նրա հետ շփում ստեղծելու և այդ մարդուն իր մտադրությունից ետ կանգնեցնելու ակնկալիքով:
Ի՞նչ նշանների վրա ուշադրություն դարձնել
Ինքնասպանության որոշում կայացրած գրեթե յուրաքանչյուր մարդ կարող է արտահայտել այնպիսի զգացումներ կամ դրսևորել այնպիսի պահվածք, որն ուղղակիորեն կամ որոշակի կերպով հուշում է նրա մտադրության մասին: Նման դեպքերում դուք կարող եք ուշադրություն դարձնել նրա խոսքի, հույզերի, շարժումների և վարքագծի այլ մանրամասների վրա:
Հույզեր և խոսք
- տխրության, թախծի և խորը ընկճվածության, դյուրագրգռության, զայրույթի ու ագրեսիայի, ամոթի, մեկուսացման և միայնակության, անուժության զգացումներ
- անճարության կամ անօգնության զգացումներ («ես չեմ կարողանում տեսնել այս վիճակից դուրս գալու որևէ ուղի», «ես հայտնվել եմ ծուղակում, որից ելք չկա»)
- մերժվածության կամ հուսահատության զգացումներ («իմ վիճակը ոչ մեկին չի հետաքրքրում», «ես կմահանամ, և ոչ մեկը չի նկատի իմ բացակայությունը»)
- մեղքի կամ այնպիսի զգացում, որ իրենք բեռ են ուրիշների համար («սա իմ մեղքն է, ես պիտի պատժվեմ»):
Վարքագծեր
- ալկոհոլի կամ ապօրինի թմրամիջոցների չարաշահում կամ նախկինից ավելի մեծ քանակների օգտագործում
- ընկերներից, ընտանիքից և հանրությունից օտարում և մեկուսացում
- անհանգիստ, տագնապած կամ խառնված (աժիտացված) պահվածք
- անքնություն կամ մշտապես քնած վիճակ
- տրամադրության կտրուկ փոփոխություններ, օրինակ, երկարատև դեպրեսիվ վիճակից հետո տրամադրության կտրուկ բարձրացումը կարող է վկայել այն մասին, որ անձը կայացրել է ինքնասպանության փորձի որոշում
- զայրույթի և ագրեսիվության հանկարծակի պոռթկում
- անխոհեմ պահվածք և ռիսկային քայլերի նախաձեռնում
- արտաքին տեսքի նկատմամբ անտարբերություն՝ անխնամ հագուստ, հիգիենայի անտեսում և այլն
- ճակատագրական քայլից առաջ գործերի կարգավորում, թաղման հետ կապված պայմանավորվածությունների նախաձեռնում:
Բարձր ռիսկային նախազգուշացնող նշաններ
Կան որոշ նշաններ, որոնք կարող են վկայել ինքնասպանության բարձր ռիսկի մասին, օրինակ՝
- սպառնում է ինքն իրեն վնաս հասցնել կամ սպանել
- այնպիսի միջոցների նախապատրաստում կամ ձեռք բերում, որոնք կարող են օգտագործվել ինքնավնասման կամ ինքնասպանության համար, օրինակ՝ դեղահաբերի առանձնացում և իր մոտ պահպանում, վնասվածք հասցնելու համար «պիտանի» առարկաների կամ գործիքների գնում և այլն
- մահվան, մահանալու կամ ինքնասպանության վերաբերյալ խոսք, զրույց, նկար կամ գրություն (մտադրության երկտող):
Ի՞նչ անել ինչ-որ մեկի մոտ ինքնասպանության նախազգուշացնող նշաններ նկատելիս
Անշուշտ, ինքնասպանության մտքերով պարփակված մարդու հետ շփում նախաձեռնելը շատ դժվար գործ է, առավել ևս, եթե դուք միմյանց չեք ճանաչում: Նման դեպքերում լավագույն միջոցը հարց տալն է:
Տվեք որևէ հարց, որը կարող է զրույց հրահրել կամ ձեր շփման համար առիթ հանդիսանալ: Քիչ չեն դեպքերը, երբ ինքնասպանության որոշում կայացրած մարդու հետ զրույց նախաձեռնելը թույլ է տվել նրան իր մտքից ետ կանգնել՝ մինչև անհետաձգելի օգնության ծառայությունների ժամանումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-06-2019
Վերջին վերանայում՝ 22-05-2024