Լողն առողջարար ցածր աստիճանի ֆիզիկական վարժանք է, որը բազմակողմանի բարվոք ազդեցություն է թողնում ձեր մարմնական և հոգեկան առողջության վրա:
Ինչո՞ւ է լողն ինձ օգուտ
Լողով կարող են զբաղվել բոլոր տարիքի մարդիկ: Այն ձեր սրտանոթային համակարգը և ձեր մարմինը՝ ոսկրամկանային համակարգը, հատկապես՝ ձեռքերը, մեջքը և ուսագոտին մարզելու և ամրապնդման հիանալի միջոց է:
Լողը նաև ինքնին ֆիզիկական զբաղմունք է, որը կարող է օգնել ասթմա ունեցող ցանկացած տարիքի մարդկանց: Սակայն, եթե ունեք ֆիզիկական լարումից առաջացող ասթմայի նոպա, պետք է նախապես խորհրդակցել ձեր բժշկի հետ, որ ընտրեք ձեզ ամենահամապատասխան ծանրաբեռնվածության աստիճանը:
Երեխաների ո՞ր տարիքում կարող եմ լող սովորեցնել
Այս հարցի վերաբերյալ կան փոքրաթիվ մոտեցումներ, սակայն ընդունված սկզբունքն այն է, որ դուք կարող եք երեխային ընդգրկել լողի համապատասխան ծրագիր սկսած նրա 4 ամսական տարիքից: Այս 4 ամիսների ընթացքում նորածնի իմունային համակարգը հասցնում է որոշակիորեն ամրապնդվել, իսկ դուք հնարավորություն եք ստանում հասկանալու նրա ընդհանուր առողջական վիճակը և գնահատելու վաղ նորածնային աճն ու զարգացումը:
Լողալը և «ջրին» սովորելը կարևոր է յուրաքանչյուր մարդու համար: Լողալու տարրական հմտություններն տիրապետելը, հատկապես երեխաների համար, խիստ կարևոր է, որպեսզի ապահովվի «ջրի հետ շփման» ժամանակ նրանց անվտանգությունը:
Մինչև 14 տարեկան երեխաների համար լող սովորելու լավագույն վայրը ջրավազանն է: Հետազոտությունները վկայում են, որ վաղ տարիքում լողալ սովորած երեխաները կյանքի ընթացքում տիրապետում են հմտությունների ավելի լայն շրջանակի, քան մյուսները:
Ինչ վերաբերվում է հատուկ կարիք ունեցող երեխաներին, նրանք կարող են լողից միայն շահել: Օրինակ, տեսողության խանգարումներով երեխաներին լողը կարող է պարգևել զգայական և զգացմունքային հզոր խթանում:
Ո՞րն է լողի ուսուցչի և մարզիչի միջև տարբերությունը
Լողի ուսուցիչը սովորեցնում է լողալու հետ կապված ամենասկզբնական՝ հիմնարար գիտելիքներն ու հմտությունները: Պատկերավոր ասած, ուսուցիչը սովորեցնում է, թե ինչպես ջրային տարածքում հայտնվելիս «չխեղդվել»: Ուսուցիչը նաև կարող է սովորեցնել լողի հիմնական տեսակները և լողալու ճիշտ մեթոդաբանությունը:
Լողի մարզիչն աշխատում է արդեն լողալ իմացող մարդկանց հետ և զարգացնում է նրանց մարզական ցուցանիշները:
Ինչպե՞ս մասնակցել մրցույթային լողին
Մրցույթներին մասնակցելու համար պետք է անդամագրվել լողի որևէ ակումբի: Նման ակումբները սովորաբար ունեն շաբաթական 6-օրյա պարապմունքների ծրագիր՝ կազմված առավոտյան և երեկոյան մարզումներից: Մարզումների ժամանակը կախված է մարդու լողալու հմտություններից և տարիքից:
Լողի ակումբին անդամակցելու օգուտներից են նոր մարդկանց հետ շփումներ և փոխհարաբերություններ հաստատելը, մարզական մարմնակառուցվածք ձեռք բերելը, կազմակերպչական, ժամանակի կառավարման և ձեր առջև դրված խնդիրների լուծման հմտությունները զարգացնելը:
Ի՞նչ անել, եթե չեմ ցանկանում «ձախողվել» լողի մրցույթներում
Բոլորից շուտ «ֆինիշին» հասնելը ձեր միակ հնարավորությունը չէ: Կան լողի հետ կապված այլ զբաղմունքներ ևս, օրինակ՝ ջրային աերոբիկա, ջրային մարզաձևեր, խաղեր և այլն:
Ի վերջո, դուք կարող եք պարզապես հաճախել ջրավազան և լողալ՝ ինքներդ ձեզ համար սահմանելով «անհատական ռեկորդներ» և աստիճանաբար զարգացնել լողի հետ կապված նորանոր հմտություններ:
Ինչպե՞ս սկսել և շարունակել լողը
Պարզապես կապ հաստատեք նախընտրելի որևէ լողավազանի մենեջերի հետ և պայմանավորվեք ձեզ հարմար ժամերի և այցելությունների հաճախականությունների վերաբերյալ: Հիշեք, որ դուք պետք է ձեր լողի ժամանակը երկարացնեք աստիճանաբար՝ մինչև կհասնեք ձեր «անհատական» նորմային:
Ի՞նչ պետք է իմանալ ծովերում կամ բնական այլ ավազաններում լողալու մասին
Բնական ավազաններում լողալիս հիշեք հետևյալ հնարավոր ռիսկերի մասին՝
- վտանգավոր ալիքներ
- հոսանքի կողմից «բռնվելու» վտանգ
- ափ շպրտող կամ ափից հեռացնող հոսանքներ (մակընթացություն և տեղատվություն)
- անհաջող շարժումներ և վնասվածքներ:
Նման դեպքերից խուսափելու համար խորհուրդ է տրվում՝
- երբեք չանցնել անվտանգության ցուցանակները
- ուշադիր լինել նախազգուշական բոլոր նշանների նկատմամբ
- եթե ափին հանդիպում եք փրկարարի, հարցրեք անվտանգության վերաբերյալ խորհուրդներ
- միայնակ ջուրը մի մտեք
- եթե զգում եք, որ օգնության կարիք ունեք, խուճապի մի մատնվեք և օգնություն կանչեք:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-05-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024