Սինթետիկ կանաբիս («սփայս»)
22-05-2019
2 րոպե

Սինթետիկ կանաբիսը նոր հոգեներգործուն նյութ է, որն ի սկզբանե ստեղծվել է որպես կանաբիսի սինթետիկ փոխարինող։
Ի՞նչ է սինթետիկ կանաբիսը
Սինթետիկ կանաբիսի մասին աշխարհն իմացավ սկսած 2004-ից, երբ առցանց վաճառքում դրանք հայտնվեցին որպես կանաբիսի սինթետիկ փոխարինողներ։ Սակայն հետագայում պարզվեց, որ այս թմրամիջոցն իրականում չի կրկնօրինակում կանաբիսի (մարիխուանա) ազդեցությունները։
Ավելի ուշ հետազոտություններով պարզվեց, որ սինթետիկ կանաբիսն ի տարբերություն բնականի ունի լրացուցիչ բացասական ազդեցություններ։
Սինթետիկ կանաբիսն իրենից ներկայացնում է փոշի, որը խառնվում է լուծիչի հետ և ավելցվում բույսերին՝ սև շուկայում հայտնվելով տարբեր գույնի բրենդային փաթեթներում։ Ընդ որում, տարբեր արտադրողներ արտադրում են տարբեր ազդեցության սինթետիկ կանաբիս։ Նմանատիպ փաթեթում կարող է լինել տարբեր ուժգնության թմրամիջոց։
Սինթետիկ կանաբիսը սովորաբար ծխում են, երբեմն՝ թեյի պես խմում։
Այլ անուններ
Սինթետիկ կանաբիսը տարբեր երկրների սև շուկայում հայտնվում է տարբեր անվանումների ներքո՝ «սփայս», «կրոնիկ», «հյուսիսային լույսեր», «մոջո», «լուսավոր ոսկի», «կապույտ լոտուս», «կնքահայր» և այլն։
Սինթետիկ կանաբիսի ազդեցությունները
Գոյություն չունի սինթետիկ կանաբիսի օգտագործման որևէ անվանգ եղանակ։ Ցանկացած թմրամիջոցի օգտագործումը կրում է որոշակի ռիսկ։
Սինթետիկ կանաբիսը տարբեր մարդկանց վրա ազդում է տարբեր ձևով։ Ազդեցությունը կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ օգտագործող մարդու ընդհանուր առողջական վիճակից ու մարմնի քաշից, նախկինում նմանատիպ թմրամիջոց օգտագործելու փորձից, օգտագործած թմրամիջոցի չափից, թմրաբեր ազդեցության ուժեղացման համար օգտագործված քիմիական նյութի տեսակից և այլն։
Սինթետիկ կանաբիսի ընդհանուր ազդեցությունը նման է մարիխուանային, սակայն օժտված է լրացուցիչ բացասական և ավելի վնասակար ազդեցություններով, օրինակ՝
- հաճախացած և անկանոն սրտազարկ
- «վազող» մտքեր
- աժիտացիա, տագնապ և պարանոյա
- փսիխոզ
- ագրեսիվ վարք և բռնություն
- կրծքավանդակի շրջանի ցավեր
- փսխում
- սուր երիկամային անբավարարություն
- ցնցումներ
- ինսուլտ
- մահ։
Ամենայն հավանականությամբ «սփայսի» կանոնավոր օգտագործումը առաջացնում է տոլերանտություն և կախվածություն։
Սինթետիկ կանաբիսից զրկանքը
Երկար ժամանակ կանոնավոր կերպով և մեծ չափով սինթետիկ կանաբիս ծխող մարդկանց մոտ թմրամիջոցի օգտագործման կտրուկ դադարեցումը կարող է առաջացնել՝
- անքնություն
- պարանոյա
- խուճապի նոպա
- աժիտացիա և գերգրգռվածություն
- տագնապ
- տրամադրության կտրուկ փոփոխություններ
- հաճախասրտություն (տախիկարդիա):
Արտակարգ իրավիճակներ
Անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե սինթետիկ կանաբիս («սփայս») օգտագործած մարդու մոտ ի հայտ են գալիս՝
- խիստ հաճախացած կամ անկանոն սրտազարկ
- հետկրծոսկրային կամ կրծքավանդակի ձախ կեսի ցավեր
- սուր օդի պակասի զգացում կամ վտանգավոր հևոց
- զառանցական վարքագիծ։
Հոդվածը վերանայվել է՝ 29-06-2021