Դաջվածքները մեր օրերում դարձել են խիստ տարածված, բայց երբեք պետք չէ թեթևամտորեն վերաբերվել հնարավոր վտանգներին: Իմացեք դաջվածքների անվտանգության մասին և այն, թե ինչպես նպաստել առողջ ապաքինմանը:
Դուք կարող եք ձեր ընկերներին և մյուսներին հպարտորեն ցուցադրել ձեր նոր դաջվածքը՝ ստեղծված ընդամենը մի քանի ժամվա ընթացքում: Բայց թույլ մի՛ տվեք, որ հեշտությամբ դաջվածքի տեր դառնալը խանգարի ձեզ, որ ավելի լուրջ մտածեք ձեր մարմնի վրա մշտական «արվեստի գործ» ստեղծելու մասին: Նախքան դաջվածք անելը, իմացեք, թե ինչի մասին է խոսքը և հասկացեք ռիսկերը:
Ինչպե՞ս են դաջվում տատուները
Դաջվածքը կամ տատուն մնայուն թանաքով մաշկի տակ մշտական պատկերների, նախշերի, խորհրդանշանների և այլ ձևավորումների դրոշմումն է: Դաջվածքը պատկանում է ամենահին ավանդույթների շարքին։ Դաջվածք անելու դրդապատճառներից են ինքնարտահայտման ձգտումը, հասակակիցներից, շրջապատից տարբերվելու միտումը (ինչը բնորոշ է հատկապես դեռահասներին և երիտասարդներին), համոզմունքները՝ ցույց տալու իրենց պատկանելիությունը որևէ ենթամշակույթի, կրոնական կամ այլ կազմակերպության, սեփական թերարժեքության զգացումի հաղթահարումը, երբ փորձ է արվում հաղթահարել թուլության և անպաշտպան լինելու զգացումը, կոսմետիկ նպատակները, երբ փորձ է արվում շտկել մարմնի թերությունները կամ պիգմենտները, ինչպես նաև կարգավիճակի արտահայտումը, որը բնորոշ է հատկապես քրեական աշխարհին, երբ յուրաքանչյուր դաջվածք վկայում է քրեական միջավայրում զբաղեցրած դիրքի մասին։
Սովորաբար դաջվածք կատարողն օգտագործում է ձեռքի էլեկտրական սարք, որը նման է կարի մեքենային: Այս սարքն արագորեն և իրար ետևից ասեղը մտցնում և հանում է մաշկից, սովորաբար վայրկյանում 80-ից 150 անգամ՝ յուրաքանչյուր ծակման ժամանակ թանաքի փոքրիկ մասնիկներ ներմուծելով մաշկի վերին կամ ավելի խոր շերտի մեջ:
Դաջվածքն առաջացնում է աննշան արյունահոսություն և որոշակի ցավ: Դաջվածքներ կատարողները ցավը թեթևացնելու համար սովորաբար որևէ անզգայացնող դեղամիջոց չեն օգտագործում:
Իմացեք վտանգները
Դաջվածք անելու գործընթացը խախտում է մաշկի ամբողջականությունը։ Սա նշանակում է, որ դաջելուց հետո կարող են զարգանալ մաշկի վարակներ և այլ առողջական խնդիրներ: Ահա դաջվածքների ստեղծման հետ կապված որոշ ռիսկեր:
- Ալերգիկ ռեակցիաներ. դաջվածքի թանաքը կարող է առաջացնել մաշկի ալերգիկ ռեակցիաներ, ինչպիսին է դաջվածքի տեղում քոր հարուցող ցանի առաջացումը: Ալերգիան կարող է դրսևորվել դաջվածք անելուց նույնիսկ տարիներ անց: Կարմիր թանաքն ավելի հակված է ալերգիկ ռեակցիաներ առաջացնելու, քան այլ գույնի ներկանյութերը:
- Մաշկի վարակներ. դաջվածք անելուց հետո հնարավոր է մաշկի վարակում։ Վարակը կարող է պայմանավորված լինել աղտոտված թանաքով կամ սարքավորումով, որը պատշաճ ախտահարված (ստերիլիզացված) չէ: Դաջվածք անելն այնպիսի կենտրոնում կամ ստուդիայում, որը չի հետևում հիգիենայի և անվտանգության պատշաճ կանոններին, նույնպես կարող է մեծացնել մաշկային վարակի վտանգը:
- Մաշկային այլ խնդիրներ. երբեմն դաջվածքի թանաքի շուրջ կարող է զարգանալ բորբոքման տարածք: Սա կոչվում է գրանուլոմա: Դաջվածքը նաև կարող է հանգեցնել կելոիդների: Կելոիդները մաշկից բարձրացած շրջաններ են, որոնք առաջանում են սպիական հյուսվածքի գերաճի հետևանքով:
- Արյան միջոցով տարածվող (արյունածին) վարակներ. եթե դաջվածք ստեղծելու համար օգտագործվող սարքավորումը պարունակում է արյունածին վարակ, նույն սարքի օգտագործմամբ դուք կարող եք ձեռք բերել հիվանդություններ, որոնք փոխանցվում են արյան միջոցով: Օրինակներից են մեթիցիլին-կայուն ոսկեզօծ ստաֆիլոկոկը (Staphylococcus aureus), հեպատիտ B-ն և հեպատիտ C-ն: Վարակների ռիսկը մեծ է հատկապես սիրողական դաջվածքների դեպքում: Ձեր ռիսկը նվազեցնելու համար նախքան դաջվածք անելը պատվաստվեք հեպատիտ B-ի դեմ:
- ՄՌՏ-ի նկատմամբ մաշկային ռեակցիաներ. հազվադեպ, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտությունը կարող է առաջացնել դաջված հատվածի այրող ցավ: Երբեմն դաջվածքները կարող են նվազեցնել ՄՌՏ պատկերի որակը:
Դուք կարող եք դեղորայքի կամ այլ բուժման կարիք ունենալ, եթե դաջվածքի պատճառով առնչվում եք ալերգիկ ռեակցիայի, վարակի կամ այլ առողջական խնդիրների հետ:
Համոզվեք, որ պատրաստ եք
Նախքան դաջվածք անելը, լավ մտածեք ձեր քայլի մասին։ Եթե համոզված չեք դաջվածք ունենալու հարցում կամ անհանգստանում եք, որ հետագայում կարող եք զղջալ դրա համար, կարող եք համբերել: Թույլ մի՛ տվեք, որ դաջվածք անելու վերաբերյալ ձեր որոշումը հիմնված լինի ձեր ընկերներից կամ հասակակացիներից եկող ճնշումների կամ այլ մարդկանց ազդեցության վրա: Եվ մի՛ դիմեք դաջվածքի սալոն կամ ստուդիա ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցության ներքո:
Եթե վստահ եք, որ ցանկանում եք դաջվածք ունենալ, խոսեք ձեր այն ընկերների հետ, ովքեր արդեն ունեն դաջվածքներ: Հարցրեք՝ արդյոք նրանք լավ առաջարկներ կամ խորհուրդներ ունեն ձեզ համար:
Մանրակրկիտ կերպով ընտրեք դաջվածքի տեղակայումը: Մտածեք, թե արդյոք ցանկանում եք թաքցնել ձեր դաջվածքը հագուստի տակ: Հիշեք, որ քաշի ավելացումը, այդ թվում՝ հղիության ընթացքում, կամ նիհարումը կարող են փոխել դաջվածքի տեսքը:
Պնդեք, որ ձեռնարկվեն անվտանգության քայլեր
Համոզվելու համար, որ ձեր դաջվածքն արվելու է ապահով և անվտանգ եղանակով, առանց քաշվելու բարձրացրեք հետևյալ հարցերը:
- Ո՞վ է անելու ձեր դաջվածքը. այցելեք այնպիսի դաջվածքի սալոն կամ ստուդիա, որն ունի պատշաճ վերապատրաստված մասնագետներ: Հարցրեք և հետաքրքրվեք հավաստագրման և աշխատանքային պայմանների մասին: Մի՛ վստահեք ոչ մասնագետներին: Եվ մի՛ օգտագործեք ինքնուրույն դաջվածք անելու հավաքածուներ, առավել ևս, մի՛ փորձեք ինքներդ ձեզ դաջվածք անել:
- Արդյո՞ք դաջվածք կատարողը ձեռնոցներ է կրում. դաջվածք կատարողներն ամեն անգամ աշխատելուց առաջ պետք է լվանան իրենց ձեռքերը և կրեն միանգամյա օգտագործման ստերիլ ձեռնոցներ:
- Արդյո՞ք դաջվածք կատարողն օգտագործում է ախտահանված (ստերիլ) գործիքներ և պարագաներ. համոզվեք, որ ձեզ համար նախապես պատրասել են փակ փաթեթավորված միանգամյա օգտագործման ստերիլ ասեղներ և խողովակներ: Ամբողջ թանաքը նույնպես պետք է տեղադրվի միանգամյա օգտագործման նոր բաժակների մեջ: Սկուտեղները, տարաները և այլ պարագաներն ու սարքերը պետք է լինեն նոր կամ պատշաճ ախտահանված:
- Արդյո՞ք դաջվածք կատարողը պատշաճ կերպով լվանում, մաքրում և ախտահանում (ստերիլիզացնում) է կրկնակի օգտագործման սարքավորումները կամ պարագաները. համոզվեք, որ դաջվածքի սալոնը կամ ստուդիան ունի ջերմային ախտահանման սարք, որը կոչվում է ավտոկլավ: Յուրաքանչյուր միջամտությունից հետո բոլոր կրկնակի օգտագործվող պարագաները պետք է պատշաճ կերպով ախտահանվեն: Այն գործիքները և պարագաները, որոնք հնարավոր չէ ստերիլիզացնել ավտոկլավով, պետք է յուրաքանչյուր հաճախորդից հետո մանրակրկիտ կերպով ախտահանվեն այլ մեթոդներով:
Խնամքով վերաբերվեք ձեր դաջվածքներին
Դաջվածքների մեծ մասի ապաքինումը տևում է մոտ երկու շաբաթ: Այս ընթացքում վարակները կանխարգելելու և մաշկի ապաքինմանը նպաստելու համար հետևեք այս խորհուրդներին:
- Մաքուր պահեք դաջված մաշկը. օրը երկու անգամ օճառով և ջրով զգուշությամբ լվացեք դաջվածքի շրջանը: Լոգանք ընդունելիս խուսափեք ջրի ուղիղ հոսքերից նոր դաջված մաշկի վրա: Չորացրեք տարածքը՝ առանց շփելու կամ տրորելու այն:
- Օգտագործեք խոնավացնող միջոց. օրական մի քանի անգամ դաջվածքի շրջանը զգուշությամբ օծեք խոնավացնող նրբաքսուքով։
- Խուսափեք արևի ազդեցությունից. պահպանեք դաջված հատվածը արևի ճառագայթներից՝ մինչև այն լիարժեք ապաքինվի:
- Խուսափեք լողավազաններից. մի՛ այցելեք լողավազաններ, շոգեբաղնիքներ կամ մի՛ փորձեք լողալ գետերում, լճերում և այլ ջրավազաններում, քանի դեռ ձեր դաջվածքն ապաքինվում է:
- Ընտրեք ճիշտ հագուստ. մի՛ կրեք որևէ բան, որը կարող է հպվել կամ գրգռել դաջված մաշկը:
Կախված նրանից, թե ինչ տեսակի դաջվածք եք անում և որքան մեծ է այն, գուցե անհրաժեշտ լինի ձեռնարկել լրացուցիչ միջոցներ: Հարցրեք, թե ինչպես խնամել ձեր դաջվածքի շրջանը՝ մինչև այն ապաքինվի:
Եթե կարծում եք, որ ձեր դաջվածքը կարող է վարակված լինել կամ անհանգստացած եք, որ այն ճիշտ չի լավանում, դիմեք ձեր բժշկին:
Եթե ձեր դաջվածքն այն չէ, ինչ ակնկալում էիք, և մտածում եք այն հեռացնելու մասին, խոսեք մաշկաբանի հետ հնարավոր տարբերակների մասին: Դաջվածքների մեծ մասի հեռացումը սովորաբար տևում է մի քանի սեանս: Հնարավոր է, որ որոշ դաջվածքներ հնարավոր չլինի ամբողջությամբ հեռացնել: Դաջվածքը հեռացնելուց հետո կարող են մնալ սպիներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-05-2024
Վերջին վերանայում՝ 22-05-2024