Պահպանեք ատամների ամենօրյա խնամքի սովորույթը, որը կնպաստի ձեր ատամների ու լնդերի առողջությանը:
Ատամնափառը բակտերիաներից կազմված թաղանթ է, որն առաջանում է ատամների մակերեսին, երբ դուք պարբերաբար կամ ճիշտ չեք մաքրում ձեր ատամները: Այն նպաստում է լնդային հիվանդության զարգացմանը, ինչպես նաև ատամների քայքայմանը և կարիոզ խոռոչների գոյացմանը: Ատամնափառում առկա բակտերիաների գործունեության արգասիքները բերում են նաև բերանում տհաճ համի և վատ հոտով շնչառության առաջացման:
Ֆտորիդային ատամի մածուկով և խոզանակով ատամների կանոնավոր մաքրումը կանխարգելում է ատամնափառի առաջացումը: Սակայն ատամների հիգիենան միայն ատամի խոզանակ և մածուկ օգտագործելը չէ: Դուք նաև պետք է հոգ տանեք, որ լիարժեք մաքրվեն ձեր ատամների բոլոր մակերևույթները, այդ թվում՝ նաև միջատամնային ճեղքերում «թաքնվածները»:
Ե՞րբ պետք է մաքրել ատամները
Օրվա մեջ առնվազն երկու անգամ՝ առավոտյան, մինչև նախաճաշելը և ուշ երեկոյան, մինչև անկողին մտնելը խոզանակով և մածուկով առնվազն 2 րոպե տևողությամբ մանրակրկիտ կերպով մաքրեք ձեր ատամները:
Երբեք խոզանակով մի մաքրեք ձեր ատամները սնունդ ընդունելուց անմիջապես հետո, այլապես կարող եք վնասել ձեր ատամները, հատկապես, եթե կերել եք միրգ կամ խմել եք ըմպելիքներ, գինի կամ թթու պարունակող այլ մթերքներ:
Պատճառն այն է, որ թթվային միջավայրում ատամների էմալը կարող է քիչ փափկել և խոզանակով մաքրելիս՝ վնասվել: Դրա փոխարեն, սնունդ ընդունելուց հետո հետաձգեք ատամների մաքրումը մոտ 1 ժամ՝ հնարավորություն տալով, որ թուքը հասցնի չեզոքացնել թթուն:
Էլեկտրակա՞ն, թե՞ ձեռքի խոզանակ
Որևէ նշանակություն չունի՝ դուք էլեկտրական, թե ձեռքի խոզանակ եք օգտագործում: Ըստ ձեր նախասիրության, երկու տեսակն էլ կարող են օգտագործվել:
Ավելի կարևոր է, որ ձեր ատամները ճիշտ մաքրվեն:
Խոզանակ ընտրելիս, ինչի՞ն ուշադրություն դարձնել
Չափահաս մարդկանց մեծ մասի համար լրիվ բավարար է փոքր գլխիկով, անկյունաձև խիտ դասավորված և կլորացված ծայրերով երկար և կարճ մազիկներով խոզանակը: Մարդկանց մեծ մասի համար բավարար է նաև միջին կամ փափուկ մազիկներով խոզանակը: Եթե օգտվում եք էլեկտրական խոզանակից, ապա գերադասելի է տատանվող կամ պտտվող գլխիկովը: Եթե կասկածներ ունեք, հարցրեք ձեր ատամնաբույժին:
Ի՞նչ տեսակի մածուկ օգտագործել
Ատամի մածուկի մաքրող բաղադրանյութերը և «չոր» մասնիկները օգնում են, որպեսզի հեռացվի ատամներին նստած փառը: Ֆտոր պարունակող մածուկներն այսօր համարվում են ատամների քայքայումը (կարիեսը) կանխարգելող լավագույն միջոցը:
Արևմտյան որոշ ուղեցույցներում խորհուրդ է տրվում մինչև 18 ամսական երեխաների համար չօգտագործել որևէ մածուկ, իսկ 18 ամսականից մինչև 6 տարեկան երեխաների համար նախատեսել միայն ֆտորիդների քիչ քանակներ պարունակող («մանկական») մածուկներ, որպեսզի կանխարգելվի ֆլուորոզը (առաջանում է ֆտորիդի մեծ քանակներ կուլ տալու հետևանքով):
Ինչպե՞ս մաքրել ատամները
Ինչպես արդեն նշվեց վերևում, օրական երկու անգամ ֆտորիդային մածուկով և խոզանակով, յուրաքանչյուր անգամ առնվազն 2 րոպե տևողությամբ մաքրեք ձեր ատամները: Բերանի խոռոչի յուրաքանչյուր քառորդ մասին տրամադրեք 30-ական վայրկյան (հերթականությունը կարևոր չէ):
Խոզանակից ճիշտ օգտվելու համար կարելի է պատկերացնել, որ ատամն ունի 5 մակերես, որոնցից 3-ը՝ վերին, դիմացի և ետին, պետք է խոզանակով մաքրել: Մնացած երկու մակերեսները, որոնք «թաքնված» են ատամների միջև և խոզանակի համար անհասանելի են, կարող եք մաքրել ատամնաթելով («ֆլոս»):
Ստորև ներկայացնում ենք խոզանակով ատամները ճիշտ մաքրելու որոշ հմտություններ ևս:
- Պահեք խոզանակի գլխիկը ձեր ատամների դիմաց, որից հետո թեքեք գլխիկն այնպես, որ խոզանակի մազիկները լնդային եզրի նկատմամբ կազմեն 45 աստիճան: Խոզանակի փոքր շրջանաձև և լնդից դեպի ատամի եզրեր շարժումներով աշխատեք մի քանի անգամ մաքրել յուրաքանչյուր ատամի բոլոր երևացող մակերևույթները:
- Նույն ձևով մաքրեք բոլոր ատամների ներսային մակերևույթները:
- Առաջ-ետ շարժումներով մաքրեք ատամների ծամող մակերևույթները:
- Դիմացի ատամների ներքին մակերևույթները մաքրելու համար պտտեք խոզանակն ուղղահայաց դիրքով և խոզանակի ծայրով մաքրեք այդ մակերևույթները մի քանի փոքր շրջանաձև շարժումներով:
- Լեզուն խոզանակով մաքրելը թարմացնում է ձեր շնչառությունը և նպաստում բերանի խոռոչից բակտերիաների հեռացմանը:
- Ատամները մաքրելուց հետո, փորձեք թքել բերանի խոռոչում մնացած մածուկը կամ փրփուրը, այլ ոչ թե ողողել բերանը: Ատամների վրա քիչ քանակով մածուկ թողնելն ատամներին տալիս է լրացուցիչ պաշտպանություն:
Ինչպե՞ս մաքրել միջատամնային ճեղքերը
Ատամնաթելով («ֆլոս») միջատամնային ճեղքերը մաքրելը զուտ սննդի մնացորդները հեռացնելը չէ: Կանոնավոր կերպով այս ճեղքերը մաքրելով դուք նվազեցնում եք լնդային հիվանդության հավանականությունը և վատ հոտը, քանի որ նման եղանակով հեռացվում է ատամների չերևացող մակերեսների և լնդեզրի երկայնքով առաջացող փառը:
Ատամնաթելից օգտվեք օրական առնվազն մեկ անգամ (լավագույն տարբերակն է՝ 2-3 անգամ, նախաճաշից, ճաշից և ընթրիքից հետո): Եղեք հնարավորինս զգույշ, որպեսզի չվնասեք լնդերը:
Խուսափեք ատամի կամ սրածայր փայտիկներ օգտագործելուց, այլապես կարող եք վնասել լնդերը և առաջացնել վարակային հիվանդություն:
Կարելի՞ է օգտագործել բերանի ողողման միջոցներ
Այո, ատամները խոզանակով մաքրելուց հետո կարող եք բերանը ողողել համապատասխան հեղուկներով, որոնք կարող են լրացուցիչ պաշտպանություն տալ բերանի խոռոչին:
Բերանի ողողման հեղուկների մեծ մասը պարունակում են ալկոհոլ, ուստի խուսափեք երեխայի ատամները խնամելիս նման միջոցներ օգտագործելուց: Հակառակ դեպքում օգտագործեք ալկոհոլ չպարունակող միջոցներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-05-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024