Հեշտոցի առողջությունը ազդում է ոչ միայն ձեր սեռական կյանքի վրա: Իմացեք հեշտոցի հետ կապված ընդհանուր խնդիրների և հեշտոցի առողջ վիճակը խթանելու ուղիների մասին:
Հեշտոցի առողջությունը կանանց ընդհանուր առողջության կարևոր մասն է: Հեշտոցի հետ կապված խնդիրները կարող են ազդել պտղաբերության, սեռական գործունեության ցանկության և հեշտանքի (օրգազմի) հասնելու ունակության վրա: Հեշտոցի առողջության շարունակական խնդիրները նաև կարող են առաջացնել սթրես կամ փոխհարաբերությունների հետ կապված խնդիրներ և ազդել ինքնավստահության վրա: Իմացեք հեշտոցի խնդիրների գանգատներն ու ախտանիշները և այն, թե ինչ կարող եք անել ձեր հեշտոցի առողջական վիճակը պաշտպանելու համար:
Ի՞նչը կարող է ազդել հեշտոցի առողջության վրա
Հեշտոցը (վագինա) փակ մկանային խողովակ է, որը ձգվում է կանանց սեռական օրգանի արտաքին մասից (ամոթույք կամ վուլվա) մինչև արգանդի պարանոցը կամ վզիկը (ցերվիքս): Տարբեր գործոններ կարող են ազդել հեշտոցի առողջության վրա: Ահա ավելի հաճախ հանդիպող որոշ օրինակներ:
- Սեռական հարաբերություն (սեքս). անպաշտպան հարաբերությունը կարող է հանգեցնել սեռական ճանապարհով փոխանցվող վարակների: Բռնի հարաբերությունը կամ շեքի հատվածի վնասվածքը կարող են հանգեցնել հեշտոցի տրավմայի:
- Առողջական որոշակի վիճակներ և բուժում. որոշ խնդիրներ, ինչպիսիք են էնդոմետրիոզը և կոնքի (փոքր կոնքի օրգանների) բորբոքային հիվանդությունը, կարող են ցավոտ սեռական հարաբերության պատճառ դառնալ: Փոքր կոնքի օրգանների վիրահատությունից և քաղցկեղի որոշ բուժումներից առաջացած սպիները նույնպես կարող են սեռական հարաբերությունները դարձնել ցավոտ: Որոշ հակաբիոտիկների օգտագործումը մեծացնում է հեշտոցային խմորասնկիկային վարակի ռիսկը (վագինալ կանդիդոզ):
- Բեղմնականխիչ և կանացի հիգիենայի միջոցներ. պատնեշային (բարիերային) բեղմնականխիչ միջոցները, ինչպիսիք են պահպանակները, դիֆրագմաները և հարակից սպերմիցիդները (սպերմատոզոիդները ոչնչացնող նյութեր), կարող են գրգռել հեշտոցի լորձաթաղանթը: Սփրեյների, դեզոդորան կամ լվացման միջոցների օգտագործումը կարող է առաջացնել գրգռում կամ վատթարացնել հեշտոցի բորբոքումը:
- Հղիություն և ծննդաբերություն. հղիության ընթացքում հեշտոցային արտադրությունները հաճախ ավելանում են: Ծննդաբերության ժամանակ կարող են առաջանալ հեշտոցային պատռվածքներ, իսկ որոշ դեպքերում անհրաժեշտ է լինում հեշտոցային բացվածքի հյուսվածքում կատարել հատում (էպիզիոտոմիա)։ Հեշտոցային ծննդաբերությունը նաև կարող է թուլացնել հեշտոցի մկանային տոնուսը:
- Հոգեբանական խնդիրներ. անհանգստությունն ու դեպրեսիան կարող են նպաստել սեռական գրգռման ցածր մակարդակին և սեռական հարաբերության ժամանակ առաջացող անհարմարավետությանը կամ ցավին: Վնասվածքը, ինչպիսին է սեռական բռնությունը կամ ցավոտ սեռական փորձը, նույնպես կարող է հանգեցնել հարաբերության հետ կապված ցավի:
- Հորմոնների մակարդակներ. հորմոնների մակարդակի փոփոխությունները կարող են ազդել հեշտոցի վրա: Օրինակ, էստրոգենի արտադրությունը նվազում է դաշտանադադարից հետո և կրծքով կերակրման ժամանակ: Էստրոգենի կրճատումը կարող է հանգեցնել հեշտոցի լորձաթաղանթի բարակեցման (հեշտոցի ատրոֆիա), ինչը ցավոտ է դարձնում սեռական հարաբերությունը:
Որո՞նք են հեշտոցի հետ կապված հաճախ հանդիպող խնդիրները
Հեշտոցի վրա ազդող հիվանդությունների և վիճակների օրինակները ներառում են հետևյալը:
- Սեռական խնդիրներ. այսօրինակ խնդիրներից են սեռական հարաբերությունից անմիջապես առաջ, ընթացքում կամ հետո մշտական կամ կրկնվող ցավերը (դիսպարեունիա): Ներթափանցման ցավը կարող է առաջանալ հեշտոցի պատի մկանների ակամա սպազմից (վագինիզմ): Կոնքի հատակի մկանները կարող են ձգվել՝ առաջացնելով քրոնիկ ցավ կամ ցավ սեռական հարաբերության ժամանակ: Հեշտոցային չորությունը, որը հաճախ առաջանում է դաշտանադադարից հետո, նույնպես կարող է սեռական հարաբերության ժամանակ առաջացնել ցավ և անհարմարավետություն (դիսկոմֆորտ):
- Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ (սեռավարակներ). սեռական ճանապարհով փոխանցվող տարբեր վարակները կարող են ազդել հեշտոցի վրա: Դրանցից են քլամիդիան, գոնորեան, սեռական (գենիտալ) գորտնուկները, որոնք նաև կոչվում են կոնդիլոմաներ, սիֆիլիսը և սեռական (գենիտալ) հերպեսը: Ախտանիշներից են ոչ նորմալ հեշտոցային արտադրությունը կամ սեռական օրգաններին առաջացող խոցերը:
- Հեշտոցի բորբոքում (վագինիտ). վարակը կամ հեշտոցային խմորասնկիկների (կանդիդա) և բակտերիաների նորմալ հավասարակշռության փոփոխությունը կարող է առաջացնել հեշտոցի բորբոքում (վագինիտ): Ախտանիշներից են հեշտոցային արտադրությունը, տհաճ հոտը, քորը և ցավը: Վագինիտի տարածված տեսակներից են բակտերիալ վագինոզը, խմորասնկիկային վարակները (հեշտոցային կանդիդոզ) և տրիխոմոնիազը (տրիխոմոնոզ):
- Կոնքահատակի թուլացում. եթե արգանդը և հեշտոցի պատերը պահող օժանդակ կապանները և շարակցական հյուսվածքը թուլանում են, արգանդը, միզապարկը, ուղիղ աղիքը կամ հեշտոցի պատերը կարող են ներքև սահել (պրոլապս): Սա կարող է առաջացնել հեշտոցի մեջ արտափքում կամ հազալիս և փռշտալիս մեզի արտահոսք (սթրեսային անմիզապահություն):
- Այլ հազվադեպ հիվանդություններ և վիճակներ. հեշտոցային կիստաները կարող են ցավ առաջացնել սեռական հարաբերության ժամանակ կամ դժվարացնել տամպոնի տեղադրումը: Հեշտոցային քաղցկեղը, որն առաջին անգամ կարող է ի հայտ գալ որպես հեշտոցային արյունահոսություն դաշտանադադարից կամ սեռական հարաբերությունից հետո, նույնպես հազվադեպ հանդիպող խնդիր է:
Որո՞նք են հեշտոցի հետ կապված խնդիրների գանգատներն ու ախտանիշները
Խորհրդակցեք ձեր բժշկի հետ, եթե նկատել եք՝
- հեշտոցային արտադրուկների գույնի, հոտի կամ քանակի փոփոխություններ
- հեշտոցի (ամոթույքի) կարմրություն կամ քոր
- հեշտոցային արյունահոսություն դաշտանների միջև, սեռական հարաբերությունից հետո կամ դաշտանադադարից հետո
- ձեր հեշտոցում որևէ գոյացություն կամ արտասովոր գերաճ
- սեռական հարաբերությանն ուղեկցող ցավեր:
Հնարավոր է, որ կարիք չունենաք այցելել ձեր բժշկին ամեն անգամ, երբ նկատում եք հեշտոցի գրգռվածություն և արտադրություն, հատկապես, եթե նախկինում ձեզ մոտ ախտորոշվել է հեշտոցային խմորասնկիկային վարակ (հեշտոցային կանդիդոզ), և ունեք նմանատիպ գանգատներ և ախտանիշներ: Այնուամենայնիվ, եթե ձեր ախտանիշները չեն անհետանում դեղորայք օգտագործելուց հետո, խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
Ի՞նչ կարող եմ անել՝ բարելավելու իմ հեշտոցի առողջությունը
Դուք ինքներդ կարող եք ձեռնարկել որոշ քայլել՝ պաշտպանելու ձեր հեշտոցի և ձեր ընդհանուր առողջությունը: Ահա որոշ օրինակներ:
- Սեռական կյանքում եղեք պատասխանատու. օգտագործեք պահպանակներ կամ պահպանեք փոխադարձ մոնոգամ հարաբերություններ սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ չունեցող զուգընկերոջ հետ: Եթե օգտագործում եք սեքս-խաղալիքներ, մաքրեք դրանք ամեն անգամ օգտագործելուց հետո:
- Պատվաստվեք. պատվաստումները կարող են ձեզ պաշտպանել մարդու պապիլոմավիրուսից (ՄՊՎ, HPV)՝ արգանդի վզիկի քաղցկեղի հետ կապված վիրուսից, ինչպես նաև հեպատիտ B-ից՝ լյարդի լուրջ վարակից, որը կարող է տարածվել նաև սեռական շփման միջոցով:
- Արեք Կեգելի վարժություններ. Կեգելի վարժությունները կարող են օգնել ձեր կոնքահատակի մկանների ամրապնդմանը, եթե ունեք պրոլապս, մեզի արտահոսք կամ կոնքի հատակի թուլություն:
- Իմացեք ձեր օգտագործած դեղերի մասին. ձեր բժշկի հետ քննարկեք դեղորայքի օգտագործումը և հեշտոցի վրա հնարավոր կողմնակի ազդեցությունները:
- Սահմանափակեք ալկոհոլի քանակը և մի՛ ծխեք. ալկոհոլի քրոնիկ չարաշահումը կարող է բացասաբար ազդել սեռական գործառույթի վրա: Նիկոտինը կարող է ազդել սեռական գրգռման վրա: Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի չարաշահումը նույնպես ունի բացասական ազդեցություն ինչպես ֆիզիկական (մարմնական), այնպես էլ հոգեկան առողջության, այդ թվում՝ սեռական գործունեության վրա:
Թեև հեշտոցային ոչ բոլոր խնդիրներն են կանխարգելելի, կանոնավոր ստուգումները կարող են օգնել համոզվելու, որ հեշտոցի վրա ազդող խնդիրները հնարավորինս շուտ ախտորոշվեն: Թույլ մի՛ տվեք, որ ամոթի զգացումը խանգարի ձեզ խոսել ձեր բժշկի հետ հեշտոցի առողջության հետ կապված մտահոգությունների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-05-2024
Վերջին վերանայում՝ 03-05-2024