Դաշտանի հետ կապ չունեցող հեշտոցային արյունահոսությունն ունի բազմաթիվ պատճառներ, որոնցից են վարակը, դաշտանադադարը, հեշտոցի վնասվածքները և հորմոնային շեղումները:
Եթե ձեզ մոտ հեշտոցային արյունահոսությունը առատ է և ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, անհապաղ զանգահարեք 1-03 և կանչեք շտապ օգնություն։
Եթե ի հայտ է եկել չակնկալված հեշտոցային արյունահոսություն, դուք պետք է այդ մասին տեղեկացնեք ձեր բժշկին: Առանձնակի կարևորություն ունի բժշկական օգնության դիմելը, երբ ձեր հեշտոցային արյունահոսությունը սկսվել է հղիության ընթացքում կամ դաշտանադադարի շրջանում:
Ի՞նչը կարող է պատճառել հեշտոցային արյունահոսություն
Անկանոն դաշտանով պայմանավորված արյունահոսությունը սովորաբար անհանգստանալու տեղիք չի տալիս: Դաշտանների միջև արյունահոսությունը տարածված երևույթ է, հատկապես, եթե օգտագործում եք հորմոնային հակաբեղմնավորիչ միջոցներ՝ բերանային (օրալ) հաբ, հեշտոցային օղ կամ հորմոնային իմպլանտ: Առատ արյունահոսությունը կամ արյունահոսությունը, որը տևում է նորմալ դաշտանից ավելի երկար, նույնպես տարածված երևույթ է հատկապես դեռահասների կամ դաշտանադադարին մոտեցող տարիքի ժամանակ:
Սակայն, սեռական հարաբերությունից հետո կամ դաշտանների միջև ընկած շրջաններում արյունահոսության ի հայտ գալը կարող է լինել որևէ հիվանդության ախտանիշներից մեկը, օրինակ՝ պոլիպներ, արգանդի միոմա (ֆիբրոիդ), արգանդի լորձաթաղանթի հետ կապված խնդիրներ կամ հորմոնային շեղումներ:
Հազվադեպ, արտասովոր երկար տևող հեշտոցային արյունահոսությունը կարող է լինել շատ ավելի լուրջ հիվանդության, օրինակ՝ քաղցկեղի պատճառ:
Հեշտոցային արյունահոսության այլ հնարավոր պատճառներից են՝
- վարակ
- հեշտոցի վնասվածք
- հորմոնային շեղումներ
- հղիության հետ կապված խնդիրներ
- դաշտանադադար (մենոպաուզա) կամ հարդաշտանադադար (պերիմենոպաուզա)
- սեռական օրգանների վարակային հիվանդություններ
- սեռական ակտ (հարաբերություն)
- որոշ հիվանդություններ և առողջական խնդիրներ, օրինակ՝ ցելիակա, լյարդային կամ երիկամային հիվանդություն
- որոշ դեղամիջոցների օգտագործում
- հակաբեղմնավորիչ բերանային (օրալ) հաբերի հերթական դեղաչափի բացթողում
- մոռացված ներհեշտոցային տամպոն
- ներարգանդային պարույր
- արգանդի, արգանդի վզիկի պոլիպ և այլ ոչ քաղցկեղային գերաճ
- արգանդի քաղցկեղ:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 29-04-2024