Վերջին դաշտանից 12 ամիս անց կնոջ մոտ առաջացող հեշտոցային արյունահոսությունը նորմալ երևույթ չէ:
Իրականում, սա ոչ էլ խիստ անհանգստանալու տեղիք պետք է տա, եթե արյունահոսությունն առատ չէ, սակայն, բոլոր դեպքերում այս մասին պետք է տեղեկացնել ձեր բժշկին:
Դաշտանադադարից (մենոպաուզա) հետո հեշտոցային արյունահոսություն կարող է առաջանալ մի քանի պատճառներից: Դեպքերի մեծ մասում հետդաշտանադադարային արյունահոսության պատճառը մնում է անհայտ: Սակայն, նման վիճակը նաև կարող է լինել որևէ լուրջ հիվանդության նշաններից մեկը, ուստի բոլոր դեպքերում պետք է կապ հաստատել բժշկի հետ:
Դաշտանադադարից հետո արյունահոսելու ամենատարածված պատճառներն են՝
- հեշտոցի լորձաթաղանթի բարակում և բորբոքում
- արգանդի լորձաթաղանթի բարակում
- արգանդի լորձաթաղանթի հաստացում, որը հաճախ զարգանում է որպես հորմոնային փոխարինող բուժման կողմնակի ազդեցություն
- արգանդի պարանոցի կամ բուն արգանդի պոլիպներ
- արգանդի պարանոցի այլ ախտահարումներ, այդ թվում՝ քաղցկեղային փոփոխություններ:
Նման դեպքերում բժիշկը գուցե նշանակի արտահերթ ՊԱՊ-քսուք:
Կարող են նաև լինել այնպիսի դեպքեր, երբ վերջին դաշտանից անցած լինի միայն մի քանի ամիս, և սխալմամբ կարծեք, որ ձեր դաշտանադադարն ավարտված է: Իրականում, դաշտանադադարը համարվում է ավարտված, եթե վերջին դաշտանից անցել է առնվազն 12 ամիս:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 27-04-2024