Առողջական խնդիրներ

Հեշտոցային արյունահոսություն միջդաշտանային շրջանում

Հեշտոցային արյունահոսություն միջդաշտանային շրջանում

Time Read 3 րոպե

Դաշտաններից դուրս առաջացող հեշտոցային արյունահոսությունն այնքան էլ անսովոր երևույթ չէ, սակայն կրկնվելու դեպքում պետք է այցելել բժշկին:

Դաշտանների միջև արյունահոսությունը կարող է ունենալ մի քանի պատճառ, օրինակ՝ հորմոնների մակարդակաների շեղումներ, հակաբեղմնավորիչ հորմոնային դեղերի կամ ներարգանդային միջոցների օգտագործում, սեռական օրգանների վարակային բորբոքումներ և այլն:

Նման գանգատի դեպքում անպայման դիմեք ձեր բժշկին: Բժշկական զննությունն անհրաժեշտ է նաև այն դեպքերում, եթե հեշտոցային արյունահոսությունը առաջացել է սեռական հարաբերությունից հետո:

Հորմոնային տեղաշարժեր

Երիտասարդ կանայք հաճախ աննշան արյունային արտադրություն կամ թույլ արյունահոսություն ունենում են դաշտանային ցիկլի ձվազատման շրջանում (օվուլյացիա, երբ ձվարանում ընթանում է ձվաբջջի ազատումը)՝ սովորաբար դաշտանի 10-14-րդ օրերին: Սա նորմալ երևույթ է, որի պատճառը էստրոգեն հորմոնի մակարդակի ժամանակավոր անկումն է:

Նույն կերպ, սթրեսը կամ սննդակարգի կտրուկ փոփոխությունը կարող են բերել նույն հորմոնի մակարդակի կտրուկ անկման, որը նույնպես անվնաս երևույթ է: Բժիշկը կարող է հեշտությամբ հայտնաբերել նման իրավիճակները ձեզ հետ զրուցելուց և արյան հորմոնային հետազոտությունից հետո:

Հորմոնային հավասարակշռության այսպիսի խախտում (դիսբալանս) և անկանոն դաշտան նաև դիտվում է դաշտան նոր տեսած աղջիկների և դաշտանադադարի փուլ մտած կանանց մոտ:

Հորմոնային հակաբեղմնավորիչների օգտագործում

Եթե վերջերս սկսել եք ընդունել հակաբեղմնավորիչ ներքին ընդունման (օրալ) հաբեր, նույնպես կարող եք միջդաշտանային շրջանում նկատել հեշտոցային արյունային արտադրուկ կամ թույլ արյունահոսություն, որի պատճառը դարձյալ հորմոնային հավասարակշռության խախտումն է: Նման դեպքերը հաճախ գրանցվում են վերջին դաշտանից 2 շաբաթ անց:

Հակաբեղմնավորիչներ օգտագործելիս վերոնշյալ երևույթները սովորաբար անհետանում են 1-2 ամվա ընթացքում (եթե չեք մոռացել ընդունել ձեր հաբերը), իսկ դաշտանները սկսում են կանոնավորվել շուրջ 6 ամսվա ընթացքում:

Այնուամենայնիվ, եթե հեշտոցային արյունային արտադրուկը կամ արյունահոսությունը գրանցվում է ցիկլի այլ ժամանակային կետերում, պետք է խորհրդակցել բժշկի հետ, որ ժխտվեն այլ հիվանդությունները կամ հնարավոր պատճառները:

Եթե օգտվում եք բեղմնականխման այլ մեթոդներից, օրինակ՝ ներարգանդային միջոցներ, հակաբեղմնավորիչ ներարկումներ կամ հորմոն-ակտիվ այլ մեթոդներ, դաշտանային արյունահոսության բնույթը կարող է փոփոխվել: Որոշ կանանց մոտ այն կարող է դառնալ ավելի առատ, ավելի երկար կամ ավելի ցավոտ: Նման շեղումները սովորաբար ժամանակի ընթացքում մեղմանում կամ անհետանում են:

Դաշտանի օրերը երկարաձգվելիս բժիշկը կարող է նշանակել գանգատները մեղմացնող որոշ լրացուցիչ դեղամիջոցներ: Նա նաև կստուգի հավանական այլ պատճառների, օրինակ՝ վարակի առկայությունը:

Անպտղության բուժում

Հեշտոցային արյունահոսության պատճառ նաև կարող են հանդիսանալ անպտղության բուժման որոշ (ներարգանդային) միջամտությունները: Նման դեպքերում հեշտոցային արյունահոսությունը սովորաբար լինում է թույլ կամ չափավոր և ուղեկցվում է կծկանքային բնույթի ստորորովայնային ցավերով: Բոլոր դեպքերում, եթե նման միջամտությունից հետո սկսվել է առատ արյունահոսություն, անպայման դիմեք բուժող բժշկին:

Այլ պատճառներ (հիվանդություններ)

Միջդաշտանային շրջանի արյունահոսության պատճառ կարող են դառնալ նաև որոշ հիվանդություններ, օրինակ՝

Ե՞րբ դիմել օգնության

Եթե հեշտոցային արյունահոսությունը խիստ առատ է և ուղեկցվում է սակավարյունության (անեմիա) կամ շոկի նախանշաններով (օրինակ՝ գլխապտույտ, ուշագնացություն և մաշկի գունատություն), անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:

Հոդվածը տեղադրվել է՝ 25-04-2018 վերանայվել է՝ 21-01-2022

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով