Հեշտոցի չորություն

Հեշտոցի լորձաթաղանթի խոնավությունն ապահովվում է արգանդի պարանոցի կողմից արտադրվող հեղուկ քսուքով։
Վերջինս անգույն և թափանցիկ թույլ թթվային հեղուկ է, որը հեշտոցի լորձաթաղանթը պաշտպանում է տարբեր վարակներից, օրինակ՝ կանդիդայից։
Երբ կինը սեռական հարաբերություն է ունենում, հեշտոցի նախամուտքում (նախադուռ) առկա զույգ բարթոլինյան գեղձերն արտադրում են լրացուցիչ քսուք, որը որպես բնական քսանյութ ապահովում է սահուն և անցավ սեռական ակտը։ Սակայն, երբ սեռական հարաբերության ժամանակ այս քսանյութերը պակասում են, սեռական հարաբերությունը դառնում է տհաճ և ցավոտ։
Նման բնական քսանյութերի արտադրությունը կարող է ընկճվել տարբեր պատճառներով, այդ թվում՝
- սեռական հարաբերությանը նախորդող սիրախաղի պակաս կամ բացակայություն
- սեռական գրգռման թուլություն կամ բացակայություն
- սեռական զուգընկերոջ հետ փոխհարաբերություններում առկա խնդիրներ
- սթրես, անհանգստության կամ մեղքի զգացում
- սեռական հարաբերություն կրծքով կերակրելու փուլում, երբ էստրոգենների քանակը ցածր է։
Հեշտոցի չորությունը կարող է պատճառվել նաև այլ պատճառներից՝
- որոշ հիգիենիկ արտադրանքների օգտագործում, օրինակ՝ կանացի սփրեյներ կամ ուժեղ (խիտ) օճառներ և լվացման միջոցներ
- քլորացված լողավազաններ
- բեղմնականխիչ միջոցների որոշ տեսակներ
- որոշ դեղերի ընդունում, օրինակ՝ հակադեպրեսանտներ
- քաղցկեղի դեմ բուժում (քիմիոթերապիա)։
Բազմաթիվ կանանց մոտ հեշտոցի չորությունը խնդիր է դառնում դաշտանադադարից հետո, և սա բացատրվում է իգական սեռական հորմոններից էստրոգենի մակարդակի կտրուկ նվազեցմամբ, որի արդյունքում հեշտոցը կորցնում է իր էլաստիկությունը, իսկ լորձաթաղանթը դառնում է բարակ և ավելի չոր։ Միևնույն ժամանակ, հեշտոցային միջավայրը դառնում է ավելի պակաս թթվային՝ նպաստավոր դառնալով վարակների զարգացման համար։ 51-60 տարեկան կանանց կեսի մոտ առկա է հեշտոցի չորություն։
Հեշտոցի չորության դեմ միջոցներ
Չոր հեշտոցը կարելի է վերացնել՝ օգտագործելով լուբրիկանտներ։ Ջրային հիմքով լուբրիկանտները կարելի է օգտագործել սեռական հարաբերության ժամանակ։ Դրանք առանց դեղատոմսի վաճառվում են դեղատներում։ Հիշեք, որ ոչ ջրային հիմքով լուբրիկանտները կարող են վնասել պահպանակը։
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021