Առողջական խնդիրներ

Հեշտոցի գրգռվածություն, բորբոքում և վարակ

Հեշտոցի գրգռվածություն, բորբոքում և վարակ

Time Read 5 րոպե

Հեշտոցի և հարհեշտոցային մակերեսների բորբոքումը կանանց շրջանում տարածված, սակայն հեշտ վերացող երևույթ է:

Եթե բորբոքումն ունի վարակային ծագում, պետք է դիմել բժշկին:

Հեշտոցի կամ աճուկի շրջանի գրգռում և բորբոքում

Հեշտոցը, դրան հարող մակերեսները և աճուկային շրջանները խիստ զգայուն են: Սա նշանակում է, որ այդ շրջանները կարող են հեշտությամբ գրգռվել և բորբոքվել՝ շփվելով հետևյալ նյութերի կամ պարագաների հետ՝

  • լուբրիկանտներ (քսուքներ) և սպերմիցիդներ (տղամարդկանց սերմնահեղուկում սպերմատոզոիդները ոչնչացնող նյութեր, որոնք օգտագործվում են որպես հակաբեղմնավորիչ միջոցներ)
  • ռետինե արտադրանքներ, օրինակ՝ պահպանակ
  • օճառ, բաղնիքի գել, շամպուն, դեզադորանտներ կամ հիգիենիկ սփրեյներ
  • մանրէազերծող (դեզինֆեկտանտ) կամ հականեխիչ (անտիսեպտիկ) նյութեր, այդ նյութերը պարունակող քսուքներ
  • լվացքի փոշիներ կամ հեղուկներ (եթե լվացվող ներքնազգեստը լավ չի պարզաջրվում)
  • նոր ներքնազգեստ, հատկապես, եթե այն բամբակյա չէ
  • ցայլքի մազերի հեռացման մեթոդներ, օրինակ՝ սափրում կամ մազերը հեռացնող քսուքներ
  • հոտավետ հավելանյութեր պարունակող զուգարանի թուղթ
  • հակաքրտինքային և մարմնի այլ հեղուկներ
  • հիգիենիկ միջադիրներ կամ տամպոններ
  • քլորացված ջուր (օրինակ՝ ջրավազանում)
  • հեշտոցի խոռոչը լվանալու միջոցառումներ («ներքին լվացում»):

Հարհեշտոցային և աճուկային շրջանները կարող են գրգռվել և բորբոքվել նաև հիգիենայի խնամքի բացակայության պայմաններում, տվյալ շրջանը կոպիտ (օրինակ՝ խոզանակով) լվանալուց կամ դրանից հետո ոչ լիարժեք չորացնելուց:

Վերոնշյալ պատճառներից բացի, հեշտոցի և աճուկի շրջանների բորբոքումը կարող է ունենալ նաև վարակիչ ծագում, օրինակ՝ հեշտոցային կանդիդոզ և սեռական (գենիտալ) հերպես: Վարակի առկայության հավանականությունը մեծանում է, եթե առկա է անսովոր հեշտոցային արտադրուկ:

Աճուկային շրջանի վարակներ

Սնկային վարակները կարող են (բայց ոչ միշտ) մեկ անձից փոխանցվել մյուսին: Սնկերը սովորաբար հայտնվում են մարմնի խոնավ և տաք շրջաններում, ինչպիսիք հանդիսանում են մաշկային ծալքերը: Աճուկային շրջանի սնկային ախտահարումը կարող է գրգռել և բորբոքել այս շրջանի մակերեսները՝ հարուցելով խիստ ցավոտ քոր: Սնկային վարակներից խուսափելու համար անհրաժեշտ է աճուկային շրջանները պահել չոր և մաքուր, ինչպես նաև օգտագործել միայն ձեզ համար նախատեսված սրբիչներ, անկողնային պարագաներ, հագուստ և ներքնազգեստ:

Ինքնօգնություն

Հեշտոցի, հարակից և աճուկային շրջանների բորբոքում

  • Ցավը կարելի է մեղմացնել սառեցնող միջոցներով: Եթե օգտագործելու եք սառույց, ապա խուսափեք այն անմիջապես սեռական օրգաններին հպելուց, դրա փոխարեն սառույցը փաթաթեք մաքուր սավանի կտորով: Դուք կարող եք կրկնել սառեցնող միջոցառումները, սակայն յուրաքանչյուր «սեանսը» պետք է տևի 20 րոպեից ոչ ավել:
  • Եթե ցավեր ունեք, դիմեք ձեր բժշկին, ով կընտրի ձեզ և ձեր վիճակին համապատասխանող լավագույն ցավազրկող դեղը։
  • Սեռական օրգանների լվացումները կատարեք միայն ջրով կամ աղաջրով: Երկրորդ դեպքում չմոռանաք պարզաջրումը։
  • Մի փորձեք լվանալ ձեր հեշտոցի խոռոչը ցնցուղով կամ որևէ այլ կերպ («ներքին լվացում»):
  • Համոզվեք, որ հարհեշտոցային շրջանը չի շփվում հոտավետ հավելանյութերով օճառի, ցնցուղի գելի կամ դեզադորանտների հետ, որոնք կարող են ավելի խորացնել գրգռվածությունը և բորբոքումը:
  • Խուսափեք քլորացված լողավազաններ մտնելուց, ծայրահեղ դեպքում ջրից դուրս գալուց հետո անմիջապես ցնցուղ ընդունեք և փոխեք ձեր լողազգեստը:
  • Կրեք ոչ կիպ հարող և բամբակե ներքնազգեստ:
  • Ձեր ներքնազգեստը լվացեք հիպոալերգիկ օճառով և վերջում լավ պարզաջրեք:
  • Խուսափեք ստրինգ, զուգագուլպա կամ կիպ ջինս կրելուց:
  • Խորհրդակցեք ձեր բժշկի հետ և դեղատներից գնեք հանգստացնող քսուքներ և յուղեր:
  • Օգտագործեք 100% բամբակե միջադիրներ կամ տամպոններ: Հարհեշտոցային շրջանի բորբոքման դեպքում դաշտանի ընթացքում գուցե անհրաժեշտություն ծագի օգտագործել տամպոններ (դաշտանային արյան շփումը մակերեսների հետ բացառելու համար):
  • Միզելիս քիչ թեքվեք առաջ՝ մեզի շփումը հարհեշտոցային շրջանների մակերևույթի հետ նվազեցնելու համար:

Հեշտոցի, հարհեշտոցային և աճուկային շրջանների վարակ

  • Լվացեք այս շրջանները գոլ (սակայն՝ ոչ տաք) ջրով օրական առնվազն երկու անգամ: Մակերեսները չորացրեք լիարժեք, սակայն նուրբ կերպով, որից հետո միայն օգտագործեք ձեր բժշկի նշանակած քսուքը:
  • Սեռական օրգանները լվանալուց առաջ և հետո օճառաջրով լավ լվացեք ձեր ձեռքերը, որ վարակը չտարածեք մարմնի այլ տեղամասեր:
  • Օգտագործեք միայն ձեր անհատական սրբիչը:
  • Խուսափեք հոտավետ հավելանյութերով օճառներից, ցնցուղի գելերից կամ դեզադորանտներից: Մի կատարեք հեշտոցի «ներքին լվացում»:
  • Ներհեշտոցային քսուքներ կամ այլ դեղաձևեր օգտագործելիս խուսափեք տամպոններից և օգտվեք միջադիրներից:
  • Սեռական օրգանները պահեք չոր և քրտինքից մաքուր:
  • Ամեն օր փոխեք ձեր ներքնազգեստները։
  • Կրեք ոչ փոքր համարի (չափս) ներքնազգեստ:
  • Եթե ցավեր ունեք, դիմեք ձեր բժշկին:

Սեռական զուգընկերներ

  • Հայտնեք ձեր սեռական զուգընկերոջը այն մասին, որ նա կարող է ախտորոշման և բուժման կարիք ունենալ: Եթե ձեզ մոտ առկա է վարակ, խուսափեք սեռական շփումներից, քանի դեռ ձեր հիվանդությունը լիարժեքորեն չի բուժվել:

Եթե ձեզ մտահոգում է հեշտոցի և հարհեշտոցային շրջանի բորբոքման խնդիրները, զրուցեք այս թեմայով ձեր բժշկի հետ:

Հոդվածը տեղադրվել է՝ 17-04-2018 վերանայվել է՝ 15-01-2022

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով