Հեշտոցից տհաճ հոտ
14-06-2018
2 րոպե

Նորմայում կնոջ հեշտոցն ունի թույլ հոտ, որը պայմանավորված է այստեղ բնակվող բակտերիաներով և հեշտոցային արտազատուկով:
Սակայն երբեմն հեշտոցային հոտը կարող է դառնալ սուր և խիստ տհաճ, օրինակ՝ նմանվել ձկան հոտին: Սա արդեն կարող է լինել ոչ նորմալ և վկայել տեղային խնդրի առկայության մասին:
Վարակային կամ այլ ծագում ունեցող ոչ նորմալ հեշտոցային հոտը սովորաբար կապված է հեշտոցային այլ գանգատների և ախտանիշների հետ, ինչպիսիք են քորը, այրոցի զգացումը, գրգռումը կամ արտադրությունը:
Պատճառներ
Հեշտոցային հոտը կարող է փոփոխվել ձեր դաշտանային ցիկլի ընթացքում: Այն կարող է իրեն ավելի զգացնել տալ անմիջապես սեռական հարաբերությունից հետո: Նորմալ քրտնարտադրությունը նույնպես կարող է ուժեղացնել այս հոտը: Որոշ կանայք փորձում են «ներքին լվացումներով» (հեշտոցի խոռոչի լվացում) կամ հեշտոցային (վագինալ) դեզադորանտներով մեղմացնել այս հոտը, այնուամենայնիվ, այս միջոցներն իրականում կարող են ուժեղացնել հեշտոցի լորձաթաղանթի գրգռումը և վատթարացնել այլ հեշտոցային ախտանիշները:
Բակտերիալ վագինոզը՝ հեշտոցային նորմալ բակտերիաների գերաճը, համարվում է ամենատարածված հեշտոցային վարակը, որը արող է առաջացնել հեշտոցային տհաճ հոտ։ Իրենից սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն (ՍՃՓՀ) ներկայացնող տրիխոմոնոզը նույնպես կարող է բերել ուժեղացած հեշտոցային հոտի, մինչդեռ քլամիդիային և գոնորեային վարակները սովորաբար չեն ուղեկցվում հեշտոցային հոտով: Նույնը վերաբերվում է հեշտոցային կանդիդոզին:
Ընդհանուր առմամբ, եթե դուք ունեք հեշտոցային հոտ առանց այլ հեշտոցային ախտանիշների, ապա քիչ հավանական է, որ այդ հոտն ախտաբանական է:
Ոչ նորմալ կամ ախտաբանական հեշտոցային հոտի տարածված պատճառներից են՝
- վագինիտ
- ոչ պատշաճ հիգիենա
- մի քանի օր չփոխված կամ «մոռացված» տամպոն
- տրիխոմոնոզ:
Ավելի հազվադեպ որ նորմալ հեշտոցային հոտը կարող է պատճառվել հետևյալ հիվանդություններով՝
- ուղիղաղիք-հեշտոցային խուղակ (ռեկտովագինալ ֆիստուլա)՝ ախտաբանական բացվածք ուղիղ աղիքի և հեշտոցի միջև, որի պատճառով կղանքը կարող է արտահոսել դեպի հեշտոց
- արգանդի պարանոցի (վզիկի) քաղցկեղ
- հեշտոցային քաղցկեղ:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե անհանգստացած եք, որ ունեք ոչ նորմալ կամ մշտական հեշտոցային հոտ, ապա հանդիպեք ձեր գինեկոլոգին, ով կկատարի հեշտոցային զնում և ըստ անհրաժեշտության կնշանակի որոշ լաբորատոր հետազոտություններ, հատկապես, եթե առկա են նաև այլ ախտանիշներ (քոր, արյոց, գրգռում կամ արտադրություն):
Ինքնօգնություն
Որոշ միջոցներ կարող են մեղմացնել հեշտոցային
- Լվացեք ձեր արտաքին սեռական շրջանը. կանոնավոր լոգանքի կամ ցնցուղ ընդունելու ընթացքում օգտագործեք թույլ հոտազուրկ օճառ և առատ ջուր:
- Խուսափեք «ներքին լվացումներից». առողջ հեշտոցը պարունակում է բակտերիաներ և խմորասնկեր, որոնք ապահովում են նորմալ թթվային միջավայր և կանխարգելում ախտաբանական բակտերիաների աճը: Օճառաջրով հաճախակի կամ «ներքին» լվացումները կարող են խախտել այս զգայուն հավասարակշռությունը:
Հոդվածը վերանայվել է՝ 26-02-2021