Վիտամին A-ն կարևոր է լավ տեսողության, մաշկի առողջության և ձեր իմունային համակարգի լավ գործունեության համար։
Դուք կարող եք այս վիտամինի բավարար քանակներ ստանալ բազմատեսակ և առողջ սննդակարգով։ Վիտամին A-ի պակասը խիստ հազվադեպ հանդիպող և հեշտ բուժելի վիճակ է։
Ի՞նչ է վիտամին A-ն
Կա վիտամին A-ի երկու տեսակ։
Առաջինը՝ ռետինոլը, հայտնի է որպես «լիովին ձևավորված» վիտամին և հանդիպում է տավարի մսի, ձկնեղենի, թռչնամսի մեջ և կաթնամթերքում։
Երկրորդ տեսակն այս վիտամինի նախորդող ձևն է՝ պրովիտամին A-ն (կարոտինոիդներ), որը հանդիպում է մրգերում, բանջարեղեններիում և այլ բուսական սննդամթերքներում։ Պրովիտամին A-ի ամենահաճախ հանդիպող տեսակը բետա-կարոտենն է, որը հանդիպում է մթերքներում և սննդային հավելումներում։
Վիտամին A-ն կարևոր է ձեր աչքերի, հատկապես՝ գիշերային տեսողության համար։ Այս վիտամինը նաև օգնում է, որ ձեր մաշկը մնա առողջ։ Դուք վիտամին A կարող եք ստանալ միայն մթերքներից և ըմպելիքներից։
Վիտամին A-ով հարուստ մթերքներ
Եթե ձեր սննդակարգը բազմազան է, ամենայն հավանականությամբ դուք սննդի միջոցով ստանում եք վիտամին A-ի բավարար քանակներ։ Վիտամին A-ի վերոնշյալ երկու տարբերակների լավ աղբյուրներ են հանդիսանում՝
- անճարպ միս, լյարդ կամ լյարդի պաքսիմատ, թռչնամիս, յուղոտ (ծովային) ձկներ և ձվի դեղնուց
- կանաչատերև բանջարեղեններ, նարնջագույն, դեղին և այլ գունավորման բանջարեղեններ, օրինակ՝ գազար, կարմիր պղպեղ, կանաչ սոխ, դդում և լոլիկ
- ոլոռեղեն և լոբազգիներ
- մրգեր
- չթեփազերծված հատիկավորներ և (կամ) բջջանքի մեծ քանակներ պարունակող մթերքներ, օրինակ՝ հացամթերք, բրինձ, մակարոնեղեն, վարսակ, գարի և այլն
- տոֆու, ընկուզեղեն և սերմեր
- սերուցքային կարագ, ամբողջական կաթ, յոգուրտ, պանիր, ցանկալի է՝ ցածր յուղայնության։
Չափահաս տղամարդկանց և կանանց համար վիտամին A-ի օրական խորհուրդ տրվող քանակներն են համապատասխանաբար 0,9 միլիգրամ (մգ) և 0,7 մգ։
Կարիք ունե՞մ արդյոք ստանալու վիտամին A-ի հավելումներ
Բազմաթիվ մարդիկ ընդունում են վիտամինային հավելումներ, սակայն դրա օգտակարության մասին վկայող տվյալներ չկան։ Լրացուցիչ վիտամինի կարիք կարող է զգացվել այն դեպքում, եթե ձեզ մոտ կա վիտամինային անբավարարություն։ Ուստի, առանց վիտամինային պակասի հավելումներ ստանալը նպատակահարմար չէ։
Վիտամինային հավելումները բավականին թանկ են։ Ընդունեք այդ հավելումները միայն ձեր բժշկի խորհրդով։
Վիտամին A-ի պակասի ռիսկի խմբեր
Վիտամին A-ի պակասը կարող է թուլացնել մութ պայմաններում ձեր տեսողությունը (հավկուրություն)։ Այն կարող է նաև դժվարացնել վարակների դեմ ձեր օրգանիզմի պայքարը։
Ձեզ մոտ կարող է զարգանալ վիտամին A-ի պակաս, եթե խանգարված է աղիներից այս վիտամինի ներծծման գործընթացը։ Նման վիճակ կարող է առաջանալ հետևյալ դեպքերում՝
- ալկոհոլի չարաշահում
- որոշ հիվանդություններ, օրինակ՝ նյարդային անորեքսիա, լյարդային հիվանդություն, ցիստիկ ֆիբրոզ (մուկովիսցեդոզ՝ ժառանգական հիվանդություն, որն ախտահարում է թոքերը և լյարդը) կամ ցելիակա
- ստամոքս-աղիքային խողովակի վիրահատություն։
Վիտամին A-ի պակասը սովորաբար ախտորոշվում է արյան թեստով։ Եթե ձեր արյան մեջ վիտամին A-ի մակարդակը խիստ ցածր է, ձեր բժիշկը կարող է կասկածել այս վիտամինի անբավարարություն և նշանակել վիտամին A պարունակող հավելումներ։
Վտանգավո՞ր են արդյոք վիտամին A-ի չափից մեծ քանակները
Այո։ Դուք պետք է զերծ մնաք վիտամին A-ի հավելումներ ընդունելուց, եթե այդ մասին խորհուրդ չի տվել ձեր բժիշկը։
Վիտամին A-ի չափից դուրս մեծ քանակները կարող են առաջացնել առողջական լուրջ հետևանքներ՝ սրտխառնոց, մազաթափություն, մշուշոտ տեսողություն, մաշկի նարնջագույն երանգավորում, մարմնի շարժումների վերահսկման անկարողություն։
Հղի կանանց մոտ վիտամին A-ի մեծ քանակները կարող են առաջացնել պտղի բնածին արատներ։
Հոդվածը հրապարակվել է՝ 25-05-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024