B վիտամինները ձեր առողջության համար անփոխարինելի վիտամինների խումբ է։
Ձեր օրգանիզմը չի կարող երկար ժամանակ պահպանել այս վիտամինները, ուստի դուք կարիք ունեք ամեն օր ձեր սննդի միջոցով լրացնել դրանց անհրաժեշտ բավարար քանակները։
Ի՞նչ են անում B վիտամինները
B խմբի վիտամինների մեջ մտնում են՝
- թիամին (վիտամին B1)
- ռիբոֆլավին (վիտամին B2)
- նիացին (վիտամին B3)
- պանտոտենաթթու (վիտամին B5)
- պիրիդօքսին (վիտամին B6)
- բիոտին (վիտամին B7)
- ֆոլաթթու (վիտամին B9)
- կոբալամին (վիտամին B12)։
Այս տեսակներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ դերը, սակայն, ընդհանուր առմամբ, B խմբի վիտամինները ձեր օրգանիզմին օգնում են, որ՝
- սննդանյութերը փոխակերպվեն էներգիայի
- պահպանվի նյարդային համակարգի առողջ վիճակը
- արտադրվեն արյան կարմիր գնդիկներ (էրիթրոցիտներ)
- պահպանվի մաշկի ու աչքերի առողջ վիճակը։
Ի՞նչ մթերքներ են պարունակում B վիտամինները
B վիտամիններ հայտնաբերվում են ամենատարբեր մթերքներում, այդ թվում՝
- կենդանական սննդամթերք, օրինակ՝ ձկնեղեն, միս, ձու և կաթնամթերք
- կանաչատերև բանջարեղեններ, լոբեղեն և սիսեռ
- B վիտամիններով հարստացված հացամթերք և նախաճաշի տարատեսակ «փաթիլներ»։
Վիտամին B12-ը գլխավորապես առկա է կենդանական մթերքներում, ուստի բուսակերները և հումակերները կարող են ունենալ դրա բավարար քանակներ ստանալու հետ կապված որոշակի դժվարություն։
B վիտամինների դեֆիցիտի ախտանիշները
B վիտամինների ցածր քանակներով մարդկանց մոտ կարող են զարգանալ՝
- անեմիա (արյան կարմիր գնդիկների քանակի նվազում)
- մաշկային խնդիրներ
- մազերի հետ կապված խնդիրներ
- թուլություն (հոգնածության զգացում) և գերգրգռված վիճակ։
Ովքե՞ր կարող են ունենալ B վիտամինների պակաս
Մարդկանց որոշ խմբերի մոտ B խմբի վիտամինների պակասն ավելի հավանական է, քան մյուսների մոտ, օրինակ՝
- բուսակերներ կամ հումակերներ
- սննդում շաքարի մեծ քանակներ և վերամշակված մթերքներ օգտագործողներ
- ալկոհոլի մեծ քանակներ չարահաշողներ։
B վիտամինների պակասի ախտորոշումը
Ձեր սննդակարգից կամ գանգատներից ելնելով B խմբի վիտամինների պակաս կասկածելիս բժիշը կարող է առաջարկել արյան թեստ, որի միջոցով չափվում է արյան մեջ B վիտամինների մակարդակները։
Ունե՞մ արդյոք B վիտամինային հավելումների կարիք
Բազմաթիվ մարդիկ ընդունում են վիտամինային հավելումներ, սակայն որևէ ապացույց չկա, որ, վիտամինային պակասից բացի այլ դեպքերում արհեստական վիտամիններն ունեն որևէ օգտակար ազդեցություն։ Ժամանակակից ուղեցույցներն առաջարկում են զերծ մնալ վիտամինային հավելումներից, եթե համոզված եք, որ ձեր սննդակարգը բավարար առողջ է։
Վիտամինային հավելումները բավականին թանկ են։ Դրանք կարող են օգտագործվել, եթե այդ մասին խորհուրդ է տալիս ձեր բժիշկը։
Բազմաթիվ մարդիկ իրենց անհրաժեշտ բոլոր վիտամինները ստանում են տարբեր մթերքների զուգակցմամբ ստացված առողջ սննդակարգի շնորհիվ, որը կարող է կազմված լինել հետևյալ բաղադրիչներից՝
- մեծ քանակով բանջարեղեններ՝ տարբեր տեսակի և գույնի, ինչպես նաև լոբազգիներ
- մրգեր
- հատիկավոր մթերքներ, հիմնականում՝ ամբողջահատիկ ցորեն պարունակող և (կամ) բջջանքով հարուստ հատիկավոր մթերքներ, օրինակ՝ հաց, ցորեն և այլ ձավարեղեն, բրինձ, մակարոն, վարսակ, գարի, արիշտա և այլն
- անճարպ միս և թռչնամիս, ձկնեղեն, ձու, տոֆու, ընկույզներ և սերմեր
- քիչ յուղայնության կաթ, յոգուրտ, պանիր և (կամ) դրանց այլընտրաքներ։
B վիտամինների պակասի բուժումը
B վիտամինային պակասը կարող է ոչ միայն կանխարգելվել, այլև բուժվել այս վիտամիններով հարուստ սննդակարգի շնորհիվ։ Վիտամինային լուրջ անբավարարության դեպքում ձեր բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ վիտամինային հավելումներ։ Ձեզ կարող է առաջարկվել վիտամինային խառը հավելումներ, քանի որ վիտամիններն ավելի լավ ազդում են այլ վիտամինների հետ զուգակցելիս։
Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024