Գրադարան

Վիտամին B12-ով հարուստ մթերքներ

Վիտամին B12-ով հարուստ մթերքներ

Time Read 3 րոպե

Վիտամին B12-ը ձեր արյան, գլխուղեղի և նյարդային համակարգի նորմալ գործունեության համար անփոխարինելի նյութ է։

Այս վիտամինի անբավարար քանակները առաջացնում են հոգնածության զգացում և ինքնազգացողության վատացում։ Ձեր սննդակարգում ավելացնելով միս և կենդանական մթերքներ, դուք կարող եք օգնել վիտամին B12-ի մակարդակի կարգավորմանը։ Եթե միս չեք օգտագործում, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ B12-ի հավելումներ։

Ինչո՞ւ է վիտամին B12-ը կարևոր ձեր առողջության համար

Ձեր օրգանիզմն օգտագործում է վիտամին B12-ը արյան կարմիր բջիջների՝ էրիթրոցիտների արտադրության և հյուսվածքների վերականգնման համար։ Այս վիտամինը կարևոր դեր է խաղում նաև ձեր նյարդերի առողջ վիճակը պահպանելու գործում։

Եթե դուք չունեք վիտամին B12-ի անհրաժեշտ քանակներ, կարող է զարգանալ սակավարյունություն (անեմիա), երբ պակասում է էրիթրոցիտների քանակը։ Վիտամին B12-ի պակասը կարող է նաև բարձրացնել նեյրոպաթիայի ռիսկը, երբ նյարդային ախտահարումը հանգեցնում է ձեր ձեռքերի և ոտնաթաթերի ծակծկոցների և թմրածության զգացողության։

Վիտամին B12-ի պակասի ախտանիշները ներառում են՝ թուլություն ու հոգնածության զգացում, գլխապտույտ, սրտազարկի հաճախացում (տախիկարդիա), հեշտ արյունահոսում, քաշի կորուստ, աղիքների դատարկման խանգարումներ և լեզվի ցավեր ու վերքեր։ Եթե ձեզ մոտ հայտնաբերվում է վիտամին B12-ի պակաս, բժիշկը կառաջարկի սննդակարգի փոփոխություն և, ըստ անհրաժեշտության, վիտամինային հավելումներ՝ հաբերի կամ ներարկման տեսքով։

Որո՞նք են վիտամին B12-ի լավագույն աղբյուրները

Վիտամին B12-ի լավագույն աղբյուրը կենդանական սննդամթերքներն են, այդ թվում՝ միսը և կաթնամթերքը։

Ժամանակակից դիետոլոգիական ուղեցույցներով խորհուրդ է տրվում, կախված տարիքից, օրական ստանալ 1-3 չափաբաժին անճարպ միս, թռչնամիս, ձկնեղեն կամ ձու։

Դուք կարող եք վիտամին B12 ստանալ այս սննդամթերքներից՝

  • կակղամորթեր և փափկամորթեր (моллюски)
  • ծովախեցգետին (краб)
  • սաղմոն (лосось)
  • տավարի միս
  • հավի միս
  • ձու (ամբողջական)
  • կաթ։

Մարդկանց մեծ մասն առողջ սննդակարգով ստանում է վիտամին B12-ի ավելի քան բավարար քանակներ։ Եթե դուք ստանում եք պահանջվածից ավելի մեծ քանակով վիտամին B12, այն պահեստավորվում է ձեր լյարդում և կարող է օգտագործվել ավելի ուշ։

Բուսակերները կարող են վիտամին B12 ստանալ կաթնամթերքից և ձվից։ Կա տարածված կարծիք, որ այս վիտամինով հարուստ են նաև սնկերը, սակայն դա ճիշտ չէ։

Հումակերների համար բավարար քանակով վիտամին B12 ստանալու միակ ճանապարհն այս վիտամինով հարստացված մթերքներ կամ վիտամինային հավելում օգտագործելն է։

Արժի՞ ստանալ վիտամին B12-ի հավելումներ

Այս հարցով ամենաճիշտ խորհրդատուն ձեր բժիշկն է։ Նա կարող է առաջարկել վիտամին B12-ի հավելում, եթե դուք ձեր սննդով չեք ստանում պահանջվող քանակները (օրինակ, հումակեր եք կամ խուսափում եք կենդանական սննդատեսակներից)։ Շատ կարևոր է, որ հղի կամ կրծքով կերակրող բուսակերներն ու հումակերները ստանան վիտամին B12-ի բավարար քանակներ, որ կրճատվի նորածնի մոտ նույն վիտամինի պակասի ռիսկը։

Ձեր բժիշկը կարող է ձեզ վիտամին B12-ի հավելում խորհուրդ տալ նաև այն դեպքերում, եթե կարծում է, որ ձեր աղիներով վիտամինի ներծծումը խաթարված է (օրինակ՝ մարսողության հետ կապված խնդիրներ, որոշ աուտոիմուն հիվանդություններ)։ Նման դեպքերում բժիշկը կարող է առաջարկել նաև վիտամին B12-ի որոշման արյան թեստ։

Հոդվածը տեղադրվել է՝ 25-05-2019 վերանայվել է՝ 16-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով