Վիտամին C-ն կամ ասկորբինաթթուն առողջության համար անփոխարինելի վիտամին է։
Դուք ամեն օր ստանում եք այս վիտամինը ձեր սննդի և հեղուկների միջոցով։ Վիտամին C-ի օրական պահանջը չափահաս տղամարդկանց համար 90 մգ է, իսկ կանանց համար՝ 75 մգ (միլիգրամ)։
Ի՞նչ է անում վիտամին C-ն
Վիտամին C-ն կարևոր է հետևյալ գործընթացների համար՝
- պահպանում է մաշկի, անոթների, ոսկրերի և կապանային հյուսվածքների առողջ վիճակը
- օգնում է վերքերի լավացմանը
- օգնում է վարակների կանխարգելմանը
- որպես հակաօքսիդանտ, օգնում է ազատ ռադիկալներից բջիջների պաշտպանությանը (ազատ ռադիկանելը կարող են որոշակի դեր խաղալ սրտային հիվանդությունների, քաղցկեղի և այլ հիվանդությունների զարգացման մեջ)
- օգնում է, որ երկաթն աղիներից ներծծվի արյան հուն և յուրացվի օրգանիզմում։
Վիտամին C-ի աղբյուրները
Վիտամին C հայտնաբերվում է տարբեր մրգերում և բանջարեղեններում, այդ թվում՝
- սև հաղարջ
- ցիտրուսային մրգեր՝ նարինջ, լայմ և կիտրոն
- հատապտուղներ
- կիվի
- լոլիկ (պոմիդոր)
- բրոկոլի
- կարմիր, դեղին և կանաչ բիբար (պղպեղ)
- կաղամբ
- սպանախ։
Կարևոր է իմանալ, որ կտրտած կամ եփած մթերքներում վիտամին C-ն փոփոխվում և դառնում է ավելի քիչ արդյունավետ։ Ուստի, խորհուրդ է տրվում մրգերը և բանջարեղեններն ուտել հում կամ թույլ եփած վիճակում և չկտրտել դրանք, եթե երկար ժամանակ չեք օգտագործելու։
Վիտամին C-ի անհրաժեշտ քանակները կարելի է ստանալ միայն սննդի միջոցով։
Վիտամին C-ի պակաս (դեֆիցիտ)
Վիտամին C-ի խիստ դեֆիցիտը կարող է առաջացնել ցինգա (լնդախտ) հիվանդությունը, որը տարածված էր դարեր առաջ։ Ներկայում ցինգան խիստ հազվադեպ հիվանդություն է, քանի որ թարմ մրգերն ու բանջարեղենները մատչելի են գրեթե ամենուրեք։
Ովքե՞ր են վիտամին C-ի պակասի նկատմամբ ռիսկային
Վիտամին C-ի պակասը (դեֆիցիտ) հանդիպում է խիստ հազվադեպ, սակայն կան խմբեր, որոնք այս վիճակի նկատմամբ ունեն բարձր ռիսկ՝
- մարդիկ, ովքեր դժվարանում են պահպանել առողջ սննդակարգը և գրեթե չեն օգտագործում թարմ մրգեր ու բանջարեղեններ, օրինակ՝ ծերեր, աղքատներ, սնման խանգարմամբ անձինք
- մարդիկ, ովքեր ծխում են չափից դուրս շատ կամ չարաշահում են ալկոհոլ կամ թմրամիջոցներ
- մարդիկ, ովքեր ունեն այնպիսի հիվանդություններ, երբ դժվարանում է մարսողությունը, օրինակ՝ ցելիակայի հիվանդություն, խոցային կոլիտ կամ Կրոնի հիվանդություն։
Պե՞տք է արդյոք խմել վիտամին C-ի հավելումներ
Բազմաթիվ մարդիկ ստանում են վիտամինային հավելումներ, սակայն բավարար տվյալներ չկան այն մասին, որ դա կարող է օգտակար լինել, քանի դեռ վիտամինային պակաս չկա։
Վիտամինային հավելումները նաև թանկ են, իսկ դուք կարող եք առողջ սննդակարգով ստանալ ոչ միայն վիտամին C, այլև մյուս բոլոր վիտամինների ու միներալների անհրաժեշտ քանակները։ Վիտամին C-ի հավելումները նաև կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ, օրինակ՝ որովայնային ցավեր և փորլուծություն։
Հոդվածը հրապարակվել է՝ 01-05-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024