Սեռականությունը (սեքսուալություն) մարդ լինելու անբաժանելի մասն է։
Սերը, փոխկապվածությունը և մտերմությունը՝ երեքն էլ առողջ փոխհարաբերությունների մեջ ունեն կարևոր դերակատարություն՝ սկսած ձեր մանկությունից մինչև խոր ծերություն։
Դուք հաճախ լսել եք ֆիզիկական, հոգեկան և հոգևոր առողջության կարևորության մասին, սակայն ձեր սեռական առողջության վերաբերյալ վստահ զգալը նույնպես շատ կարևոր է։
Սեռական առողջությանը հասնելը թույլ է տալիս՝
- պահպանել առողջ փոխհարաբերությունները
- պլանավորել հղիությունները
- կանխարգելել հիվանդությունները, այդ թվում՝ սեռական ճանապարհով փոխանցվող վարակները։
Ահա թե ինչու խիստ կարևոր է, որ դուք լավ տեղեկացված լինեք սեռական առողջության բոլոր կողմերին և իմանաք, թե ինչպես կարելի է հասնել առողջ սեռական կյանքին։
Նույն կերպ, կարևոր է իմանալ, թե ինչ գործոններ կարող են բարդացնել ձեր սեռական կյանքը։ Նման դեպքերում պետք չէ ձեր բժշկից թաքցնել ձեր մտահոգությունները։ Անկեղծացեք նրա հետ, որ երկուսով գտնեք ձեր խնդրի լուծման լավագույն ուղին։
Սեռավարակների կանխարգելում
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մյուս անվանումներից են սեռավարակներ կամ անցյալում օգտագործվող վեներական հիվանդություններ։ Դուք կարող եք վարակվել որևէ սեռավարակով, եթե չպաշտպանված սեռական հարաբերություն ունենաք ձեր վարակված զուգընկերոջ կամ զուգընկերների հետ։
Սակայն միշտ չէ, որ դուք կարող եք իմանալ, թե արդյոք ինչ-որ մեկը կամ դուք ունեք սեռավարակ, քանի որ բազմաթիվ վարակներ ընթանում են առանց գանգատների և ախտանիշների։ Իրականում, բազմաթիվ մարդիկ ունեն որևէ սեռավարակ՝ առանց իմանալու այդ մասին։
Ահա թե ինչու սեռավարակների կանխարգելման հարցում դուք պետք է չկորցնեք ձեր աչալրջությունը։ Եթե վարում եք ակտիվ սեռական կյանք, կարևոր է, որ ունենաք միայն մեկ զուգընկեր և զրուցեք այդ մասին նրա հետ՝ պայմանավորվելով լինել միմյանց համար միակը։ Ծննդաբերության հսկման պատնեշային մեթոդները, օրինակ՝ պահպանակները, օգնում են նվազեցնելու բազմաթիվ սեռավարակներով վարակվելու ռիսկը։
Կանանց սեռական առողջությունը
Կանանց սեռական առողջությունը նրանց առողջության կարևոր կողմն է։ Դուք կարող եք ցանկանալ կանխել ձեր հղիությունը կամ զգուշանաք սեռավարակներից, մտահոգվեք ձեր սեռական ցանկության թուլությամբ և այլն՝ այս բոլորն ուղղակիորեն կապված են ձեր սեռական առողջության հետ։
Սովորեք, թե ինչպես հասնել լիարժեք սեռական փոխհարաբերություններին և ինչպես պաշտպանել ձեզ սեռավարակներից: Նախապես ծանոթացեք կնոջ օրգանիզմի տարիքային փոփոխություններին և դարձրեք սեռական հարաբերությունները ձեր կյանքի ամենահաճելի դրվագներից մեկը։
Տղամարդկանց սեռական առողջությունը
Նույն կերպ, դժվար է պատկերացնել տղամարդկանց առողջությունն առանց նրանց սեռական առողջության։ Տղամարդկանց սեռական առողջությունը ներառում է տարբեր ոլորտներ՝ սկսած սեռավարակների կանխարգելումից մինչև էրեկտիլ դիսֆունկցիայի հետ կապված հոգեբանական խնդիրները։
Որոշ տղամարդկանց համար առնանդամի չափի վերաբերյալ մտահոգությունը բարձրանում է սեռական խնդիրների առաջին հորիզոնական։ Սակայն, գուցե իրականում դա ավելի նորմալ վիճակում է, քան նա կարծում է և առնանդամը մեծացնող որևէ ապրանք գտնելու փնտրտուքներն անիմաստ են։
Տարիքի հետ փոփոխվում է ոչ միայն կնոջ, այլև տղամարդու օրգանիզմը, և սեռական կյանքը ստանում է նոր երանգներ։ Նախապես իմացեք, թե կյանքի որ փուլում ինչ է ձեզ սպասում և աշխատեք սեռական կյանքը դարձնել ձեր կյանքի ամենահիշարժան դրվագներից մեկը։
Հոդվածը հրապարակվել է՝ 04-05-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024