Առողջ աշխատանք-կյանք հավասարակշռությունը թույլ է տալիս բավարար ժամանակ ունենալ ինչպես աշխատանքի, այնպես էլ կյանքի մյուս բոլոր ոլորտների համար։
Ձեզ ենք ներկայացնում 8 հմտություններ, որոնք կօգնեն, որ ձեր աշխատանք-կյանք հավասարակշռությունը դարձնեք հնարավորինս ներդաշնակ։
1. Իմացեք ձեր արժեքները
Ժամանակ հատկացրեք՝ խորհելու, թե ինչն է առավել կարևոր ձեր կյանքի համար։ Ինչքա՞ն ժամանակ եք իրականում ծախսում ձեր ամենակարևոր առաջնահերթությունների վրա։ Խորհեք նաև ձեր նախասիրությունների և հետաքրքրությունների վերաբերյալ: ժամանակ գտեք այնպիսի զբաղմունքների համար, որոնք ձեզ իրական հաճույք են պատճառում։
2. Ժամանակի կառավարում
Օրագրերը, հիշեցման թերթիկները, համակարգչային և բջջային ծրագրերը և այլ միջոցները՝ բոլորն էլ ձեր ժամանակն ավելի արդյունավետ տնօրինելու օգտակար գործիքներ են։ Հետևեք, թե ինչպես և ինչ գործերի վրա է ծախսվում ձեր ժամանակը և կրճատեք ոչ անհրաժեշտ ժամանակի վատնումը։ Գնումներ արեք առցանց, օգտվեք վճարումների և բանկային գործարքների առցանց համակարգերից և հերթագրումներից, որպեսզի կրճատեք հերթերում ժամանակի կորստից կամ խուսափեք ոչ անհրաժեշտ հանդիպումներից։
3. Սահմանափակումներ
Ձեր աշխատաժամերի և կյանքի մյուս բոլոր գործերի համար սահմանեք ժամանակային սահմանափակումներ։ Ըստ անհրաժեշտության անջատեք ձեր բջջային հեռախոսը, աշխատանքից դուրս մի՛ օգտվեք աշխատանքային էլ․ փոստից։ Նույն կերպ, սահմանափակեք հեռուստացույցից կամ ինտերնետից օգտվելու ժամանակները։
4. Հաճույք ստացեք ձեր աշխատանքից
«Արեք այն, ինչ սիրում եք և սիրեք այն, ինչ անում եք». սա հանրաճանաչ ասույթ է։ Աշխատանքի բոլոր տեսակներն էլ պահանջում են որոշակի անհանգստություն և լարվածություն։ Սակայն, եթե զգում եք, որ սկսել եք ատել ձեր աշխատանքը կամ այն սկսել է խիստ անհարմարություններ ստեղծել ձեր կյանքի համար, կարելի է խորհել աշխատանքի բնույթը կամ բուն աշխատանքը փոխելու վերաբերյալ։
5. Խորհեք ձեր ֆինանսների մասին
Իրո՞ք նոր ավտոմեքենան ձեզ համար խիստ անհրաժեշտ է։ Կարո՞ղ եք երջանիկ ապրել ավելի ցածրարժեք մեքենա կամ բնակարան ունենալու պայմաններում։ Հետազոտությունները վկայում են, որ երբ մեր հիմնարար պահանջմունքները բավարարված են, բարձր եկամուտները մեզ չեն դարձնում ավելի երջանիկ։ Քիչ ծախսերը կարող է նշանակել ավելի կարճ աշխատաժամանակ և ավելի մեծ ժամանակ՝ տրամադրելու կյանքի մյուս ոլորտներին։
6. Փոխհարաբերություններ
Դրական փոխհարաբերությունները և հանրային աջակցությունը մարդուն դարձնում են սթրեսը դիմակայելու համար ավելի ճկուն։ Մի՛ սահմանափակեք ձեր ընտանիքին և հարազատ մարդկանց տրամադրվող ժամանակը։
7. Առողջություն
Կանոնավոր վարժանքները կարող են նվազեցնել հուզական լարվածությունը, խաղաղեցնել անհանգստությունը և բարձրացնել տրամադրությունը։ Դարձրեք ձեր քունը բավարար, սննդակարգը՝ առողջ, ալկոհոլ օգտագործեք միայն չափավոր քանակներով և խուսափեք ապօրինի թմրամիջոցներից։ Մի՛ ծխեք. այն ոչ մի կերպ ձեր հոգսերը չի թեթևացնի և կյանքն ավելի երջանիկ չի դարձնի:
8. Հանգիստ և ժամանց
Ժամանակ առ ժամանակ հանգիստը կարևոր է, որ «վերալիցքավորեք ձեր կենսամարտկոցը»: Երբեք մի՛ թերագնահատեք կանոնավոր հանգիստը, ժամանակ հատկացրեք ընթերցանության, պարզապես հանգիստ պառկելու և որևէ գործով չզբաղվելու համար։
Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024