Սթրեսը մի բան է, որը յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ զգում է։
Սակայն, երբ աշխատավայրում ունենում եք երկարատև սթրես, այն կարող է բացասաբար ներգործել ձեր մասնագիտական ունակությունների և ընդհանուր առողջական վիճակի վրա։ Նման դեպքերում պետք չէ «լուռ տառապել», հատկապես, եթե կան սթրեսի կառավարման տարբեր արդյունավետ մեթոդներ։
Ի՞նչ է աշխատանքային սթրեսը
Երբ մարդիկ աշխատավայրում զգում են ներքին լարվածություն, առաջանում է անհամապատասխանություն ակնկալվող արդյունքների և կատարված աշխատանքի միջև։ Նման վիճակի պատճառ կարող է հանդիսանալ քրոնիկ սթրեսը, որի ճնշման ներքո չեք կարողանում լիարժեք դրսևորել ձեր ունակությունները և սկսում եք դժվարությամբ անել մի բան, որը երբեք ձեզ չի անհանգստացրել։
Աշխատանքի հետ կապված սթրեսը կարող է խանգարել յուրաքանչյուր մարդու։ Այն կարող է բացասաբար ազդել ձեր ընտանեկան կյանքի, աշխատանքից դուրս փոխհարաբերությունների և աշխատանք-կյանք հավասարակշռության վրա։
Աշխատանքային սթրեսը նաև բացասաբար է անդրադառնում գործատուի վրա, քանի որ ընկնում է աշխատանքային արտադրողականությունը։ Սա ոչ միայն առանձին աշխատողի, այլև աշխատավայրում առողջության և անվտանգության խնդիր է, ուստի գործատուն ևս պետք է խիստ հետաքրքրված լինի, որ հնարավորինս նվազեցնի աշխատավայրում սթրեսի մակարդակը։
Աշխատանքային սթրեսի պատճառները
Կան աշխատավայրում սթրեսի զարգացման տարբեր պատճառներ, օրինակ՝ երկարատև աշխատաժամանակ, աշխատանքային գերծանրաբեռնվածություն, գործընկերների կամ գործատուի հետ լարված փոխհարաբերություններ ու հակասություններ։
Աշխատանքային միջավայրն ինքնին կարող է ստեղծել աշխատանքային սթրես։ Այն կարող է ավելի սրվել, եթե չունեք դրական և աջակցող աշխատանքային միջավայր։ Նման դեպքերում աշխատավայրը վերածվում է շարունակական կամ քրոնիկ սթրեսի աղբյուրի, որը կարող է հանգեցնել աշխատողների հոգեկան առողջության տարաբնույթ խնդիրների, ինչպիսիք են անհանգստությունն ու տագնապը, դեպրեսիան կամ տագնապային խանգարումները։
Աշխատանքային սթրեսի նշանները
Աշխատանքի հետ կապված սթրեսի նշաններից են՝
- խուճապային նոպաներ, օրինակ՝ հաճախացած սրտազարկ կամ կրծքավանդակային ցավեր
- աշխատավայրում լարվածության և «սահմանային» վիճակի զգացումներ
- ուշացումներ ամեն ինչում
- ժողովներին կամ որևէ միջոցառմանը մասնակցելու ցանկության կամ հետաքրքրության կորուստ
- ուշադրության կենտրոնացման դժվարացում և ցրվածություն
- հեշտությամբ՝ հիասթափություն կամ զայրույթ
- աշխատանքն ավարտին հասցնելու անկարողություն և հյուծված լինելու զգացում
- աշխատավայրում և տանն այլ մարդկանցից խուսափելու ցանկություն և մեկուսացում։
Ինչպե՞ս կառավարել սթրեսն աշխատավայրում
Կան աշխատանքի հետ կապված սթրեսի կառավարման որոշ մեթոդներ, որոնցից են՝
- փորձել սթրեսածին գործերն անել ոչ թե միաժամանակ, այլ առանձին
- զրուցել հավատարիմ մարդու հետ անձնական կամ մասնագիտական կյանքից
- փորձել ռելաքսացիայի որոշ մեթոդներ, օրինակ՝ մեդիտացիա
- հասկանալ, թե երբ է պետք «գցել տեմպը» և հարմար օրերին կրճատել աշխատաժամերը
- վերցնել արձակուրդ, ժամանակավորապես կտրվել աշխատանքից և զբաղվել հաճույք պատճառող գործերով՝ ընտանեկան նախասիրություններ, մարզաձևեր և այլն
- դիմել և սթրեսը մեղմացնելու մասին խորհուրդներ ստանալ բժշկից կամ հոգեկան առողջության մասնագետից
- զրուցել գործատուի հետ
- դիմել հոգեբանական աջակցության ծառայությանը։
Հոդվածը հրապարակվել է՝ 09-05-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024