Մակերիկամները եռանկյունաձև զույգ ներզատական գեղձեր են, որոնք նստած են յուրաքանչյուր երիկամի գագաթին:
Մակերիկամները մտնում են ձեր հորմոնային համակարգի մեջ, քանի որ արտադրում են արյան ճնշումը, նյութափոխանակությունը և սթրեսին օրգանիզմի պատասխանը կարգավորող հորմոններ:
Ի՞նչ հորմոններ են արտադրում մակերիկամները
Մակերիկամների հիմնական հորմոններն են ադրենալինը, նորադրենալինը, կորտիզոլը և ալդոստերոնը:
- Ադրենալինը և նորադրենալինն ուղղակիորեն մասնակցում են սթրեսի նկատմամբ ձեր օրգանիզմի պատասխանին: Այս հորմոնների ազդեցությամբ է, որ ձեր օրգանիզմը «պայքարիր կամ փախչիր» («fight or flight») պատասխանին պատրաստվելիս հաճախացնում է սրտազարկը՝ դեպի մկաններ ուղղելով ավելի շատ արյուն, ինչպես նաև տարբեր այլ կարևոր տեղաշարժեր:
- Կորտիզոլն իր հերթին ազդում է տարբեր գործընթացների վրա, ներառյալ՝ նյութափոխանակություն (ինչպես է ձեր օրգանիզմն էներգիան ծախսում), արյան շաքարի մակարդակ և իմունային համակարգի ընկճում:
- Ալդոստերոնը մասնակցում է ձեր արյան ճնշման հսկողությանը:
Մակերիկամներն արտադրում են նաև «թույլ» սեռական հորմոններ, որոնք արյան միջոցով հասնելով ամորձիներ (տղամարդիկ) և ձվարաններ (կանայք), վերափոխվում են ուժեղ ազդեցությամբ տեստոստերոնի (տղամարդիկ) կամ էստրոգենի (կանայք):
Մակերիկամների հետ կապված հիվանդություններ
Մակերիկամների հիվանդությունները հանդիպում են խիստ հազվադեպ:
- Քուշինգի համախտանիշը հիվանդություն է, որն ուղեկցվում է կորտիզոլի արտադրության բարձրացմամբ, որի հետևանքով զարգանում են առողջական տարբեր խնդիրներ՝ մարմնի քաշի ավելացում, դեմքի կարմրություն, տարբեր արյունազեղումներ և դիաբետ: Հիվանդությունը սովորաբար զարգանում է ստերոիդ դեղերի երկարաժամկետ օգտագործման պատճառով, սակայն երբեմն կարող է պատճառվել նաև բուն մակերիկամային ուռուցքով:
- Ադիսոնի հիվանդությունը զարգանում է մակերիկամների կողմից կորտիզոլի և ալդոստերոնի թերարտադրությամբ: Եթե ունեք Ադիսոնի հիվանդություն, կարող եք գանգատվել ախորժակի անկումից և նիհարումից, ինչպես նաև որովայնային ցավերից, սրտխառնոցից, փսխումներից և գլխապտույտից:
- Մակերիկամի բնածին հիպերպլազիան հանդիսանում է ժառանգական հիվանդություն, որի ժամանակ մակերիկամներն արտադրում են ավելցուկային սեռական հորմոններ, որը բերում է տղաների մոտ՝ վաղ սեռահասունացման, իսկ աղջիկների մոտ՝ արական նշանների զարգացման:
- Կոննի համախտանիշը, որը հայտնի է նաև որպես առաջնային հիպերալդոստերոնիզմ, հիվանդություն է, երբ ձեր մեկ կամ զույգ մակերիկամներն արտադրում են նորմայից ավելի մեծ քանակով ալդոստերոն, որի հետևանքով զարգանում է բարձր արյան ճնշում:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2019
Վերջին վերանայում՝ 17-03-2023