Միզապարկը կոնքի խոռոչում տեղակայված և իրենից մկանային պարկ ներկայացնող կենտ օրգան է, որը պատկանում է ձեր միզային համակարգին։
Այն գործում է երիկամների հետ միասին, որ օրգանիզմից հեռացնի արյունից զտված նյութափոխանակության արգասիքները կամ թափոնային նյութերը։ Միզապարկը կուտակում և պահեստավորում է մեզը՝ մինչև պատրաստ լինի դատարկելուն՝ միզարձակմանը: Բազմաթիվ մարդիկ կարող են ունենալ միզապարկի գործունեությունը վերահսկելու հետ կապված խնդիրներ, որոնք սովորաբար կարելի է բուժել։
Մեզը գոյանում է ձեր երիկամներում։ Երիկամներից դեպի միզապարկ մեզը հոսում է այս երկու օրգանները միմյանց միացնող խողովակներով՝ զույգ միզածորաններով։
Այնուհետև մեզը սկսում է կուտակվել ձեր միզապարկում։ Միզապարկը կարող է պահել մոտ 500 մլ մեզ, սակայն դուք զգում եք միզելու ցանկություն, երբ միզապարկում մեզի ծավալը մոտենում է 300 մլ-ին։
Միզելիս միզուկի սեղմանը և կոնքահատակի մկանները թուլանում են և ձեր միզապարկը կծկվում է՝ փոքրացնելով օրգանի ծավալը և մեզը արտամղելով միզուկով դեպի դուրս։
Մարդկանց մեծ մասը միզում է օրական 4-8 անգամ։
Միզապարկի խնդիրների ախտանիշները
Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե կարծում եք, որ ունեք միզապարկի հետ կապված խնդիրներ։
Ախտանիշները ներառում են՝
- «տակը թրջելը» (նույնիսկ քիչ քանակով), երբ դուք հազում եք, փռշտում, ծիծաղում կամ ծանրություն բարձրացնում
- անհապաղ միզելու կարիքի զգացում կամ «չհասցնելը»
- օրական ավելի քան 8 անգամ քիչ չափով միզում
- ձեր միզելու սովորույթի մեջ անսպասելի փոփոխություններ։
Միզապարկի հսկողության կորուստ
Եթե չեք կարողանում մշտապես վերահսկել ձեր միզապարկի գործունեությունը, նշանակում է, դուք ունեք անմիզապահություն։ Անմիզապահությունը ձեր միզապարկից մեզի ակամա (պատահական) բաց թողումն է։ Այն կարող է լինել սկսած «քիչ հոսելուց» մինչև միզելու հսկողության լիարժեք կորուստ։
Ինչպե՞ս ձեր միզապարկը պահել առողջ
Լավ սովորույթները կարող են օգնել, որպեսզի խուսափեք միզապարկի գործունեությունը հսկելու խնդիրներից։
Ձեր միզապարկն առողջ պահելու համար՝
- միզեք օրական 4-8 անգամ, սակայն գիշերվա ընթացքում ոչ ավելի հաճախ, քան 2 անգամ
- մի՛ փորձեք միզել ամեն «առիթի դեպքում»․ համբերեք, մինչև ձեր միզապարկը լցվի, թեև անկողին մտնելուց առաջ զուգարանից օգտվելը հասկանալի է
- երբ մտում եք զուգարան, լրիվությամբ դատարկեք ձեր միզապարկը
- առատորեն խմեք ջուր (մարդկանց մեծ մասի համար՝ օրական առնվազն 6-8 բաժակ)
- ձեր սննդակարգում ներառեք բջջանք (բջջանյութ), որը կհեշտացնի հաստ աղիքների դատարկումը
- մի՛ օգտագործեք չափից դուրս շատ կոֆեին, քանի որ այն կարող է գրգռել ձեր միզապարկը
- պահպանեք ձեր կոնքահատակի մկանների ամրությունը (Կեգելի վարժանքներ)։
Կանայք պետք է նստեն զուգարանակոնքին, այլ ոչ թե միզեն՝ կիսանստած լարված վիճակում։
Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2019
Վերջին վերանայում՝ 17-03-2023