Արյունը, սիրտը և արյունատար անոթները միասին ապահովում են ձեր մարմնով արյան շրջանառությունը:
Այս երեքը միասին կազմում են ձեր սրտանոթային համակարգը, թեև կլինիկական նպատակով արյունն առանձնացվում և դիտարկվում է որպես առանձին ոլորտ՝ արյունաբանություն:
Արյունը, սիրտը և արյունատար անոթները կենսական նշանակություն ունեն, քանի որ ձեր մարմնի բոլոր հյուսվածքներն ապահովում են սննդանյութերով և թթվածնով, ինչպես նաև հյուսվածքներից հեռացնում են սննդանյութերի և թթվածնի յուրացման արգասիքները:
Արյունը կազմված է բջիջներից և պլազմայից: Արյան բջիջներին այլ կերպ անվանում են «ձևավոր տարրեր»: Կան արյան բջիջների երեք հիմնական տեսակներ՝ արյան կարմիր բջիջներ, սպիտակ բջիջներ և թիթեղիկներ: Այս երեք տեսակներն էլ արտադրվում են բազմաթիվ ոսկրերում առկա ոսկրածուծում:
- Արյան կարմիր բջիջները ( էրիթրոցիտները) թթվածինը տեղափոխում են թոքերից դեպի մնացած օրգան-հյուսվածքներ և հակառակ ուղղությամբ՝ դեպի թոքեր և երիկամներ են վերադարձնում նյութափոխանակության արգասիքներ: Էրիթրոցիտները պարունակում են հեմոգլոբին, որը երկաթ պարունակող սպիտակուց է և պատասխանատու է թոքերում թթվածինը կապելու և հյուսվածքներում բաց թողելու համար:
- Արյան սպիտակ բջիջները (լեյկոցիտները) ձեր իմունային համակարգի բաղադրիչ մասն են: Դրանք հայտնաբերում և պայքարում են օրգանիզմ ներթափանցած վարակների կամ օտար մոլեկուլների դեմ:
- Արյան թիթեղիկները կամ թրոմբոցիտները փոքր բջիներ են, որոնք օգնում են արյան մակարդմանը:
- Պլազման արյան հեղուկ մասն է, որում կախված են արյան բջիջները: Այն տեղափոխում է սննդից արյան հուն ներծծված սննդանյութերը՝ շաքարներ, ճարպեր, սպիտակուցներ, վիտամիններ և միներալներ: Արյան պլազման նաև մասնակցում է մարմնի ջերմաստիճանի կարգավորմանը:
Ի՞նչ են արյունատար անոթները
Արյունատար անոթներն արյունը տեղափոխում են ձեր ամբողջ մարմնով: Կան արյունատար անոթների երեք հիմնական տեսակներ՝
- զարկերակներ. ամենամեծ և ամուր անոթներն են, որոնք տեղափոխում են սրտի արտամղված արյունը
- երակներ, որոնք արյունը վերադարձնում են սիրտ
- մազանոթներ, որոնք ամենամանր անոթներն են և միմյանց են կապում զարկերակներն ու երակները՝ ապահովելով արյան անմիջական շփումը հյուսվածքների հետ, որի ժամանակ էլ տեղի է ունենում թթվածնի և սննդանյութերի անցումը արյունից դեպի հյուսվածքներ և ածխաթթու գազի և նյութափոխանակության արգասիքների անցումը հյուսվածքներից դեպի արյուն:
Արյունը սրտից արտամղվում է մեծ զարկերակներով, հետո տեղաշարժվում աստիճանաբար փոքրացող զարկերակներով՝ հասնելով հյուսվածքներն արյունամատակարարող մազանոթներ: Հակառակ ուղղությամբ, մազանոթներից արյունը հավաքվում է սկզբից մանր և որքան սրտին մոտ՝ այդքան ավելի մեծացող երակներով:
Ըստ օրգանիզմի պահանջի, զարկերակները կարող են լայնանալ կամ նեղանալ՝ նվազեցնելով կամ բարձրացնելով արյան ճնշումը:
Արյան և արյունատար անոթների հիվանդություններ
Վնասվածքներին ուղեկցող արյունահոսության ժամանակ արյունը դուրս գալ է գալիս արյունատար անոթներից, որի արդյունքում նվազում է շրջանառող արյան ծավալը: Որոշ հիվանդությունների ժամանակ նույնպես արյունը կարող է ախտահարվել: Նման դեպքերում կարող է զարգանալ սակավարյունություն (անեմիա), երբ արյան կարմիր բջիջների քանակի նվազեցումը հանգեցնում է հյուսվածքների թթվածնով բավարար մատակարարման խանգարման: Կարող է դիտվել նաև հակառակ գործընթացը, երբ արյան մեջ կարմիր բջիջների քանակը խիստ աճում է (կոչվում է պոլիցիտեմիա): Մեկ այլ ծանր խնդիր է արյան քաղցկեղային ախտահարումը, օրինակ՝ լեյկոզը, որն առաջին հերթին արտահայտվում է արյան սպիտակ բջիջների կտրուկ աճով կամ նվազեցմամբ, ինչպես նաև ոչ նորմալ բջիջների առաջացմամբ:
Արյունատար անոթների հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել բարձր արյան ճնշման, սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2019
Վերջին վերանայում՝ 17-03-2023