Պլազման արյան հեղուկ մասն է, որում կախված են արյան բջիջները (արյան ձևավոր տարրեր)։
` կարմիր բջիջներ (էրիթրոցիտներ), սպիտակ բջիջներ (լեյկոցիտներ) և թիթեղիկներ (թրմոբոցիտներ)
Արյան մեջ պլազմայի ծավալային տոկոսը գործնականում կազմում է 100%-ից հանած հեմատոկրիտի տոկոս: Օրինակ, եթե ձեր արյան ընդհանուր քննության (CBC) արդյունքում տեսնում եք, որ ձեր հեմատոկրիտը 42 տոկոս է (Ht 42%), սա նշանակում է, որ ձեր արյան ծավալի մնացած 58%-ը կազմում է պլազման:
Արյան պլազման դեղնավուն թափանցիկ հեղուկ է, որը հյուսվածաբանորեն իրենից ներկայացնում է արտաբջջային հեղուկ: Ցենտրիֆուգելիս՝ արյամբ լցված փորձանոթը հատուկ սարքի օգնությամբ բարձր արագության տակ պտտելիս, պլազմայից առանձնանում է արյան շիճուկ, որն ի տարբերություն պլազմայի, չի պարունակում մակարդման որոշ գործոններ, ինչպիսիք են ֆիբրինոգենը և հակահեմոֆիլային գլոբուլինը:
Արյան պլազմայի բաղադրությունը
Արյան պլազման պարունակում է՝
- ջուր (90-92%)
- ջրում լուծված բազմաթիվ օրգանական և անօրգանական նյութեր (8-10%), այդ թվում՝
- օրգանական նյութեր (9,1%), այդ թվում՝
- սպիտակուցներ (7-8 %)՝ շուրջ 200 տեսակի, այդ թվում՝
- ալբումիններ (55-65 %), որոնք պայմանավորում են պլազմայի կոլոիդ վիճակի կայունությունը և արյան կախույթային վիճակը և իրենց մակերեսի վրա փոխադրում են ճարպաթթուներ, բիլիռուբին, ստերոիդ հորմոններ, լեղաթթուների աղեր, թիրոքսինի և կալցիումի իոնների մի մասը
- գլոբուլիններ
- ալֆա (α) գլոբուլիններ (α1՝ 2-4 % և α2՝ 6-12 %), որոնց մեծ մասը միացած է ածխաջրերի հետ, առաջացնելով գլիկոպրոտեիդներ և հանդես է գալիս որպես սպիտակուցալուծ ֆերմենտների արգելակիչներ կամ հորմոնների, միկրոտարրերի, վիտամինների փոխադրիչներ
- բետա (β) գլոբուլիններ (8-12 %), որոնք մեծ խնամակցություն ունեն լիպիդների հետ
- գամա (γ) գլոբուլիններ (2-4 %), որոնք կոչվում են նաև իմունոգլոբուլիններ և համարվում են օրգանիզմի իմունիտետն ապահովող հակամարմիններ
- ֆիբրինոգեն (0,2-0,4 %), որն արյան մակարդման ամենակարևոր գործոններից մեկն է
- ճարպեր (0,5-1& %)
- ածխաջրեր (0,08-0,12 %), այդ թվում՝ գլյուկոզա
- սպիտակուցներ (7-8 %)՝ շուրջ 200 տեսակի, այդ թվում՝
- անօրգանական նյութեր կամ էլեկտրոլիտներ (0,9 %)` նատրիումի, կալցիումի, մագնեզիումի, կալիումի և այլ կատիոնների քլորիդներ, բիկարբոնատներ, ֆոսֆատներ, սուլֆատներ և այլ աղեր:
- օրգանական նյութեր (9,1%), այդ թվում՝
Արյան պլազմայի նշանակությունը
Արյան պլազմայի օրգանական նյութերից իրենց քանակով և նշանակությամբ առավել կարևոր են սպիտակուցները, որոնք՝
- ապահովում են պլազմայի օնկոտիկ ճնշումը
- կարգավորում են արյան թթվահիմնային հավասարակշռությունը (pH)
- ալբումինների և գլոբուլինների հարաբերակցությամբ ապահովում են արյան բջիջների (ձևավոր տարրերի) կախույթային վիճակը (այդ թվում՝ էրիթրոցիտների նստման արագությունը)
- պայմանավորում են պլազմայի մածուցիկությունը
- մասնակցում են ոչ սպեցիֆիկ պաշտպանական ռեակցիաներին
- իրականացնում են հումորալ իմունիտետը
- փոխադրում են ածխաջրեր, լիպիդներ, հորմոններ, վիտամիններ և միկրոտարրեր
- մասնակցում են արյան մակարդմանը (ֆիբրինոգեն)։
Արյան անօրգանական նյութերը կամ էլեկտրոլիտները՝
- ապահովում են պլազմայի օսմոտիկ ճնշումը
- կարգավորում են արյան թթվահիմնային հավասարակշռությունը (pH)
- մասնակցում են ածխաթթու գազի (CO2) փոխադրմանը,
- մասնակցում են արյան մակարդման գործընթացներին (կալցիում)
- ակտիվացնում են բազմաթիվ ֆերմենտներ
- բջիջների միկրոմիջավայրում մասնակցում են դրդման պրոցեսի առաջացմանը
- սպիտակուցների, կամ օրգանական թթուների հետ կապված վիճակում, հասնում են տարբեր օրգաններ և հյուսվածքներ։
Հոդվածը հրապարակվել է՝ 14-02-2021
Վերջին վերանայում՝ 17-03-2023