Խթաղին մարսողական խողովակի այն հատվածն է, որը ձգվում է բարակ աղիքի վերջին (հեռավոր) ծայրից մինչև ուղիղ աղիք:
Հաստ աղու կառուցվածքը
Հաստ աղու ընդհանուր երկարությունը 1.5-2 մ է: Այն բաժանվում է հետևյալ 5 մասերի կամ հատվածների:
- Կույր աղիք (cecum). կույր աղիքն իր որդանման ելունով (ապենդիքս) հաստ աղիքի սկզբի մասն է: Կույր աղիքը սկսվում է այն կետից, որտեղ բարակ աղին բացվում է հաստ աղու մեջ: Կույր աղիքը տեղավորված աջ զստափոսում, պուպարյան կապանի կողմնային կեսից անմիջապես վեր, թեև երբեմն գրավում է ավելի բարձր դիրք՝ հասնելով լյարդ:
- Վերել հաստ աղիք (colon ascendens). վերել հաստ աղիքն ունի մոտ 12 սմ երկարություն և հանդիսանում է կույր աղիքի անմիջական շարունակությունը:
- Լայնական կամ հորիզոնական հաստ աղիք (colon transversum). սա հաստ աղու ամենաերկար հատվածն է՝ երկարությունը 25-50 սմ և ձգվում է հաստ աղիքի աջ ծնկից մինչև ձախ ծունկ՝ փայծաղի ստորին ծայրի մոտ, որտեղ հաստ աղիքը ծալվում է երկրորդ անգամ և դառնում վայրէջ հաստ աղիք:
- Վայրէջ հաստ աղիք (colon descendes). հաստ աղիքի այս հատվածն ունի մոտ 10 սմ երկարություն: Այն ձախ ենթակողում սկսվում է հաստ աղու ձախ ծալվածքից, իջնում է ցած որովայնի խոռոչի ձախ կողմով և ձախ զստոսկրի կատարի մակարդակին փոխվում է սիգմայաձև աղիքի:
- Սիզմայաձև հաստ աղիք (colon sigmoideum). սա վայրէջ հաստ աղիքի շարունակությունն է և տարածվում է մինչև ուղիղ աղիքի սկիզբ, ընդ որում, աղիքի գալաների մեծությունը և ձևը ենթակա են անհատական մեծ փոփոխությունների՝ կախված երկարությունից և լցման աստիճանից։
Ի տարբերություն բարակ աղու, հաստ աղիքը՝
- ավելի հաստ է (ունի ավելի մեծ տրամագիծ՝ լայնությունը կույր աղիքի շրջանում 7 սմ է, որտեղից աստիճանաբար պակասում է և վայրէջ հաստ աղիքում հավասարվում 4 սմ-ի)
- ամբողջ երկարությամբ ունի հարթ մկանաթելերից կազմված ձգաներ կամ ժապավեններ
- ունի բնորոշ արտափքվածքներ (հաուստրա)
- ունի շճամզի ելուններ, որոնք պարունակում են ճարպ
- լորձաթաղանթն ունի ավելի նուրբ ու հարթ մակերես, քանի որ զուրկ է թավիկներից
- պարունակում է լիբերկունյան գեղձեր և մենավոր ավշային հանգույցներ:
Հաստ աղիքի նշանակությունը
- Հաստ աղիքում ինտենսիվ կերպով ներծծվում է սննդախյուսի հեղուկ մասը՝ ջուրը, որի վերջնարդյունքում ձևավորում է կղանքային զանգված:
- Հաստ աղիքում արտազատվում է զգալի քանակությամբ լորձ, որը հեշտացնում է սննդանյութերի անցումը աղիքով և նպաստում չմարսված մասնիկների սոսնձմանը:
- Հաստ աղիքի լորձաթաղանթի միջով արտազատվում են մի շարք նյութեր, օրինակ՝ կալցիում, մագնեզիում, ֆոսֆատներ, ծանր մետաղների աղեր և այլն:
- Հաստ աղիքի բակտերիալ միկրոֆլորայի մասնակցությամբ սինթեզվում է վիտամին K և վիտամին B, ինչպես նաև մարսվում է բջջանյութը:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-02-2021
Վերջին վերանայում՝ 17-03-2023