Անկախ նրանից, թե դուք ինչպես եք կարծում, ձեր ականջները որևէ բան չեն լսում:
Ականջները պարզապես հավաքում են ձեր շրջակայքում առկա ձայներն ու հնչյունները և այս տեղեկատվությունն ուղարկում ձեր գլխուղեղ: Եվ գլխուղեղն է, որն ապահովում է ձեր լսողությունը՝ որպես տեղեկատվություն պարունակող, ընկալելի և հասկանալի զգացողություն:
Ականջները կարևոր են նաև հավասարակշռության և կորդինացիայի համար:
Ականջները և լսողությունը
Ձեր յուրաքանչյուր ականջ ունի երեք մաս՝ արտաքին, միջին և ներքին:
- Արտաքին ականջը ներառում է մաշկով ծածկված աճառային թիթեղ՝ ականջախեցի և լսողական արտաքին անցուղի։ Ձեր ականջախեցին ձայնային տատանումները հաղորդում է լսողության արտաքին անցուղի, որով ձայնային տատանումները հաղորդվում են միջին ականջ:
- Միջին ականջում գտնվում են լսողական երեք ոսկրիկները՝ մուրճը, սալը, ասպանդակը, որոնք արտաքին և միջին ականջները միմյանցից սահմանազատող թմբկաթաղանթի տատանումները հաղորդում են ներքին ականջ։ Թմբկաթաղանթը բարակ թաղանթ է՝ գրեթե նման խիստ բարակ մաշկին:
- Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի բրգի հաստության մեջ և իրենից ներկայացնում է հեղուկով լցված խոռոչների և գալարուն խողովակների համակարգ՝ ոսկրային լաբիրինթոս։ Ներքին ականջը բաղկացած է անդաստակից, խխունջից և 2 պարկիկներով 3 կիսաշրջանաձև խողովակներից, որոնք ձեր հավասարակշռության օրգանն են։ Խխունջում ձայնային տատանումները փոխակերպվում են նյարդային ազդանշանների, որոնք լսողական նյարդով հաղորդվում են դեպի գլխուղեղ: Ներքին ականջի մյուս շրջանները գլխուղեղ տեղեկատվություն են փոխանցում հավասարակշռության, կոորդինացիայի և ձեր գլխի դիրքի մասին:
Ձեր ականջները կապված են քթի և ըմպանի հետ, և դա է պատճառը, որ վարակը կարող է ականջի երեք շրջաններից մեկնումեկից հեշտությամբ տարածվել դեպի քիթըմպան:
Ականջները և հավասարակշռությունը
Դուք հավասարակշռության վերաբերյալ զգացողություն ստանում եք ձեր մարմնի տարբեր շրջաններից՝ աչքեր, մկաններ և հոդեր, ինչպես նաև ձեր ներքին ականջից:
Ձեր ներքին ականջում կա մի շրջան, որը հայտնի է որպես հավասարակշռության (անդաստակային) համակարգ: Այն ունի խողովակներ, որոնք լցված են հեղուկով, և ձեր գլուխը տարբեր ուղղություններով տեղաշարժելիս հեղուկը նույնպես շարժվում է: Հավասարակշռության համակարգի նյարդային բջիջները ձեր գլխուղեղին հաղորդում են, թե ինչ ձևով է ձեր գլուխը տեղաշարժվում:
Ինչե՞ս ձեր լսողությունը պահել անվնաս
Բարձր ձայնը կարող է վնասել ձեր ներքին ականջը և բերել լսողության անդառնալի կորստի: Նման անցանկալի վիճակ կարող է ստեղծվել հանկարծակի խիստ ուժեղ աղմուկից կամ աղմուկի երկարատև ներգործությունից:
Ձեր լսողությունը պաշտպանելու համար՝
- խուսափեք բարձր ձայներից և աղմուկներից
- պաշտպանիչ ականջակալների միջոցով խոչընդոտեք ձեր ականջների վրա բարձր աղմուկների ներգործությունը
- աղմկոտ միջավայրում հայտնվելիս կամ մշտական աղմկոտ պայմաններում աշխատելիս ժամանակ առ ժամանակ ձեր ականջներին հանգիստ տվեք
- սմարթֆոններից, նվագարկիչներից և այլ սարքերից ականջակալով օգտվելիս ձայնն իջեցրեք այնքան, որ կարողանաք լսել ձեզ հետ զրուցող մարդու ձայնը
- ականջների հետ կապված որևէ գանգատի կամ անհանգստության դեպքում առանց հետաձգելու դիմեք ձեր բժշկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2019
Վերջին վերանայում՝ 06-11-2023