Կանանց կամ իգական վերարտադրողական համակարգը ներգրավված է սեռականության և պտղաբերության գործընթացներում:
Այս համակարգի կազմության մեջ մտնում են մի շարք օրգաններ՝ արգանդ, ձվարաններ, ֆալոպյան փողեր և հեշտոց, ինչպես նաև տարբեր հորմոններ:
Անատոմիա և գործառույթներ
Իգական վերարտադրողական համակարգը ներառում է՝
- զույգ ձվարաններ, որոնք արտադրում են իգական հորմոններ (էստրոգեն և պրոգեստերոն), ինչպես նաև ստեղծում և պահպանում են ձվաբջիջներ, որոնք հասունանալուց հետո ձվազատվում են (օվուլյացիա) և լքում օրգանը
- արգանդափողեր կամ ֆալոպյան փողեր, որոնք ձվարաններն արգանդին միացնող զույգ բարակ (ճկույթի հաստության) խողովակներ են և որոնց լուսանցքով տեղի է ունենում ձվարաններից ազատված ձվաբջջի տեղափոխումը (մինչ այդ հասունացած ձվաբջիջը ձվարանից մուտք է գործում արգանդափող վերջինիս ձվարանին մոտեցնող ձագարաձև և ծոպավոր ծայրով)
- արգանդ, որը մկանակազմ տանձաձև օրգան է և հղիությունը կայանալու դեպքում հանդիսանում է բեղմնավորված ձվաբջիջի և սաղմի ու պտղի զարգացման վայր
- արգանդի վզիկ կամ պարանոց, որն արգանդի ստորին մասն է և վերջինս կապում է հեշտոցի հետ
- հեշտոց, որը մկանաշարակցահյուսվածքային խողովակ է և արգանդի պարանոցը կապում է արտաքին աշխարհի հետ՝ բացվելով ամոթույքային ճեղքի մեջ:
Ինչպե՞ս է դաշտանային ցիկլն ընթանում
Միջին հաշվարկով, արևմտյան երկրների աղջիկների դաշտանային ցիկլերը սկսվում են 12-13 տարեկանում, սակայն կան աղջիկներ, որոնք առաջին դաշտանը տեսնում են ավելի վաղ կամ ավելի ուշ: Դաշտանային ցիկլը սովորաբար կրկնվում ամեն ամիս (այստեղից էլ ամսական անվանումը) և տևում միջինը 28 օր:
Յուրաքանչյուր ցիկլ կնոջը նախապատրաստում է հնարավոր հղիությանը: Ձվազատման փուլում ձվարանից ազատվում է ձվաբջիջ, և արգանդի լորձաթաղանթը (էնդոմետրիում) աճում և հաստանում է, որ սնուցի ձվաբջիջը, եթե վերջինս բեղմնավորվի:
Եթե ձվաբջիջնը չի բեղմնավորվում, արտաճած այս լորձաթաղանթն առանձնանում է արգանդից և արյան հետ միասին որպես դաշտան (մենստրուացիա) հեշտոցով հեռանում ձեր մարմնից:
Դաշտանադադարը (մենոպաուզա, կլիմաքս) կնոջ դաշտանային ցիկլի դադարեցումն է: Այն սովորաբար տեղի է ունենում 45-55 տարեկանում, իսկ արևմտյան երկրներում՝ 51-52 տարեկանում:
Ի՞նչը կարող է սխալ ընթանալ
Կանանց վերարտադրողական համակարգի հետ կապված հիմնական հիվանդություններն ու վիճակներն են՝
- նախադաշտանային համախտանիշ
- էնդոմետրիոզ
- պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
- ֆիբրոզ (արգանդի ոչ քաղցկեղային գերաճ)
- քաղցկեղ:
Ե՞րբ այցելել բժշկին
Առաջացման պատճառից կախված, ձեր դաշտանի հետ կապված ախտանիշները կարող են լինել տարբեր, օրինակ՝
- տրամադրության անկայունություն, դյուրագրգռություն կամ դեպրեսիա
- գլխացավեր
- աղիների փքվածություն (մետեորիզմ)
- կրծքագեղձերի պնդացում:
Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք հետևյալ ախտանիշները՝
- ցավեր որովայնի ստորին հատվածում (ստորորովայն), ազդրերի վերին մասում կամ գոտկային շրջանում
- ցավոտ, առատ կամ անկանոն դաշտաններ կամ դրանց հանկարծակի ընդհատում
- դաշտաններ, որոնք տևում են ավելի քան 8 օր կամ կրկնվում ավելի քան 2-3 ամիսը մեկ
- ցավեր
- անպտղություն
- աղիների գործունեության հետ կապված խնդիրներ, ինչպիսիք են փորկապություն կամ փորլուծություն
- հեշտոցային արյունահոսություն միջդաշտանային շրջանում
- հեշտոցային արյունահոսություն սեռական հարաբերությունից հետո
- ցավ սեռական հարաբերության ժամանակ:
Դաշտանային ցիկլը տարբեր կանանց մոտ ընթանում է տարբեր ձևով, սակայն կանանց մեծամասնությունը լուրջ դժվարությունների չի հանդիպում: Եթե նկատել եք ձեր դաշտանային ցիկլի հետ կապված որևէ շեղում, որը ձեզ անհանգստացնում է, դիմեք ձեր բժշկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2019
Վերջին վերանայում՝ 17-03-2023