Երիկամները զույգ օրգաններ են, որոնք տեղակայված են ձեր որովայնում, մեջքի կողմից՝ կողերից քիչ ներքև։
Երիկամների հիմնական գործառույթը ձեր արյունը նյութափոխանակության որոշ արգասիքներից զտելն է կամ «մաքրելը»:
Երիկամները հանդիսանում են միզային համակարգի գլխավոր օրգանները։
Միզային համակարգը ներառում է նաև՝
- միզածորաններ՝ երիկամները միզապարկին միացնող զույգ խողովակներ)
- միզապարկ՝ մկանային պարկ, որտեղ հավաքվում և պահեստավորվում է մեզը)
- միզուկ՝ միզապարկը մարմնի մակերևույթին միացնող միզարձակման խողովակ)։
Միզային համակարգը կառուցված է և գործում է այնպես, որ մեզն արտադրվի մշտապես, սակայն օրգանիզմից հեռացվի պարբերաբար։
Միզային համակարգը երբեմն անվանում են նաև «արտազատական համակարգ», որովհետև, ինչպես արդեն նշվեց, նրա հիմնական գործն արյան մեջ մշտապես կուտակվող նյութափոխանակության արգասիքներն օրգանիզմից արտազատելն է՝ մեզի միջոցով հեռացնելը։ Սակայն, արտազատական նշանակություն ունեն նաև՝
- թոքերը, որոնք արտաշնչվող օդով հեռացնում են ածխաթթու գազը
- մաշկը, որը քրտնքով հեռացնում է ջրի ավելցուկը և որոշ աղեր
- հաստ աղիքը, որը կղանքով հեռացնում է ջրի ավելցուկը, որոշ նյութեր և չմարսված սննդի մնացորդներ։
Գրեթե բոլորը ծնվում են երկու երիկամով։ Դրանք ձեր բռունցքի չափի լոբաձև օրգաններ են, որոնցից յուրաքանչյուրը կշռում է մոտ 150 գրամ։
Երիկամները նստած են ձեր ողնաշարի երկու կողմերում, կրծքավանդակի (որը մասամբ պաշտպանում է ձեր երիկամները) և գոտկատեղի միջև։ Մարդկանց մեծ մասի մոտ աջ երիկամը քիչ ավելի ներքևում է, քան ձախը։
Արյունը երիկամներ մտնում է երիկամային զարկերակներով և հեռանում երիկամային երակներով։
Ի՞նչ են անում երիկամները
Երիկամները չափազանց կարևոր են ձեր ընդհանուր առողջության համար։
Սննդով կամ հեղուկներով ստացված սննդանյութերը ներծծվում են արյան մեջ և սնուցում ձեր օրգանիզմի բջիջները։ Այս գործընթացի ժամանակ առաջացած արգասիքները մշտական հեռացման կարիք ունեն, և դրանց մի մասն արյան միջից զտվում է հենց երիկամների միջոցով (օրինակ՝ միզանյութ և կրեատինին, ֆոսֆորական և ծծմբաթթվային աղեր և այլն)։
Երիկամներն այս արգասիքները հավաքում են ջրի ավելցուկի հետ միասին և ուղարկում միզապարկ, որտեղից էլ դրանք մեզի տեսքով հեռացվում են միզուկով։
Երիկամների կառուցվածքային և գործառնական միավորը նեֆրոնն է՝ կազմված պատիճից և մեզը հավաքող ոլորուն խողովակներից։ Յուրաքանչյուր երիկամում կա մոտ 1 մլն նեֆրոն:
Նեֆրոնի պատիճում մազանոթային կծիկից արտազատվում և առաջանում է առաջնային մեզ, որն իր բաղադրությամբ շատ նման է արյան պլազմային և արգասիքներից բացի պարունակում է նաև օրգանիզմի համար օգտակար նյութեր և ավելցուկային ջուր։ Անցնելով խողովակներով, առաջնային մեզից ետ են ներծծվում ջրի ավելցուկը և օգտակար նյութերը (կոչվում է հետադարձ ներծծում կամ ռեաբսորբցիա)՝ արդյունքում առաջացնելով միայն արգասիքներ պարունակող երկրորդային կամ վերջնական մեզ։
Ձեր երիկամները նաև մասնակցում են հետևյալ գործընթացներին՝
- արյան ճնշման հսկողություն
- արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) արտադրություն
- ոսկորների ամրության և առողջ վիճակի պահպանում
- արյան մեջ որոշ նյութերի և աղերի (էլեկտրոլիտներ) մակարդակի պահպանում։
Երիկամի հիվանդություններ
Երիկամները սովորաբար ախտահարվում են աստիճանաբար, տարիների ընթացքում։
Վաղ հայտնաբերելիս ապրելակերպի և սննդակարգի փոփոխությունները և դեղերը կարող են կանխարգելել երիկամների հետագա վնասումը։
Քրոնիկ երիկամային հիվանդությունը կարող է առաջացնել սակավարյունություն (անեմիա) կամ բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)։
Երիկամային հիվանդությունը կարող է ավարտվել երիկամային անբավարարությամբ, որը կարող է պահանջել դիալիզ կամ օրգանի փոխպատվաստում։
Ինչպե՞ս ձեր երիկամները պահել առողջ
Ձեր երիկամներն առողջ պահելու համար՝
- մի՛ ծխեք
- պահեք ձեր արյան խոլեստերինն առողջ միջակայքում
- առողջ պահեք ձեր սննդակարգը, մարմնի քաշը և, ընդհանուր առմամբ, ապրելակերպը
- ֆիզիկապես ակտիվ եղեք, որը նվազեցնում է բարձր արյան ճնշման և սրտային հիվանդության ռիսկերը, որոնք իրենց հերթին երիկամային հիվանդության համար հանդիսանում են ռիսկի գործոններ
- շատ ջուր խմեք
- սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը
- առանց հետաձգելու բուժեք միզուղիների վարակը կամ երիկամների քարերը։
Դիաբետ ունեցող մարդիկ պետք է արյան գլյուկոզը պահեն խորհուրդ տրվող մակարդակների միջակայքում։
Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2019
Վերջին վերանայում՝ 02-06-2024